Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության վերջնագծում ֆուտբոլասերներին հուզող միակ հարցը թերեւս այն է, թե թիմերից որ մեկը կարժանանա բրոնզե մեդալների։ Այդ պարգեւներին հավակնում են «Շիրակն» ու «Միկան»։ 24-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց առաջնության արծաթե մեդալներն ապահոված «Բանանցին»։ Երկու թիմերի համար էլ խաղը սկզբունքային նշանակություն ուներ։ Մրցավեճի ելքը հատկապես կարեւոր էր շիրակցիների համար, որոնք ջանքեր են թափում 3-րդ տեղում ամրապնդվելու համար։ Սակայն շիրակցիները խաղադաշտը թողեցին պարտված։ Առաջին խաղակեսի ավարտին դիպուկ հարվածով աչքի ընկավ առաջնության ռմբարկու Արա Հակոբյանըՙ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 41-րդ գոլը։
Ընդմիջումից հետո էլ շիրակցիներին չհաջողվեց փրկել խաղը։ Ավելինՙ շուտով Արշակ Ամիրյանը կրկնապատկեց հաշիվը։ «Շիրակի» պարտությունը ձեռնտու էր «Միկային», որը գյումրեցիներից միավորների տարբերությունը կրճատելու հիանալի հնարավորություն էր ստացել։ Սակայն սեփական հարկի տակ հյուրընկալելով Աբովյանի «Կոտայքին», «Միկայի» ֆուտբոլիստները չկարողացան հաղթել մրցակցին։ Արդեն 4-րդ րոպեին Հրաչյա Միքայելյանը առաջ մղեց «Միկային» եւ թվում էր, թե դաշտի տերերը հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն «Կոտայքը» մարտական բնավորություն դրսեւորեց։ Երիտասարդ կոտայքցիները բավական ակտիվ խաղ ցուցադրեցին, եւ եթե մի փոքր հաշվենկատ գործեին գրոհների եզրափակիչ փուլում, ապա կարող էին նաեւ հաղթանակ տոնել։
Մինչեւ ընդմիջման գնալն աբովյանցիները կարողացան ոչ միայն վերականգնել հավասարակշռությունը, այլեւ հաշվի մեջ առաջ անցնել։ Նախ Գագիկ Սուքիասյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը, ապա աչքի ընկավ Գոռ Միրզախանյանը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «Միկան» կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց Մանուչարյանի գլխի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին։ Երկրորդ խաղակեսում «Միկայի» ֆուտբոլիստները շատ ջանքեր ներդրեցին պարտությունից խուսափելու համար եւ ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասին։ «Կոտայքն» ամբողջ թիմով նահանջել էր սեփական կիսադաշտը եւ մեծ ուժերով պաշտպանվում էր։ Այնուամենայնիվ, «Միկային» մեկ անգամ հաջողվեց գրավել հյուրերի դարպասը։ Անկյունայինի խաղարկումից հետո Յակուշեւը թիմին փրկեց պարտությունից։ «Կոտայքը» թեեւ պաշտպանվում էր, սակայն առիթը չէր կորցնում կտրուկ հակագրոհելու։ Դրանցից մեկի ժամանակ քիչ էր մնացել հյուրերը խփեին հաղթական գնդակը։
Այսպես, խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 2-2։ «Միկան» երկու կարեւոր միավոր կորցրեց։ Հերթական հաղթանակը տոնեց երկրի չեմպիոնըՙ երեք անպատասխան գնդակ խփելով «Արաքսի» դարպասը։ Այդ խաղում աչքի ընկան թիմի պատանի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը (2 գոլ) եւ Ժորա Հովհաննիսյանը։ Նույնպիսի հաշվով «Լեռնագործը» հաղթեց «Դինամոյին»։ Այդ խաղում էլ երկու գոլի հեղինակ դարձավ Ալեն Մովսիսյանը, մեկ գնդակ էլ խփեց Արամ Բենիամինյանը։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 23 | 19 | 4 | 0 | 70-10 | 61 |
2. Բանանց | 23 | 17 | 3 | 3 | 72-12 | 54 |
3. Շիրակ | 24 | 14 | 2 | 8 | 51-30 | 44 |
4. Միկա | 23 | 11 | 5 | 7 | 36-26 | 38 |
5. Կոտայք | 24 | 7 | 7 | 10 | 28-46 | 28 |
6. Դինամո | 24 | 5 | 3 | 16 | 16-58 | 18 |
7. Լեռնագործ | 24 | 3 | 6 | 15 | 19-51 | 15 |
8. Արաքս | 23 | 2 | 2 | 19 | 12-71 | 8 |
Ռմբարկուները
Արա Հակոբյան | «Բանանց» | 41 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 15 |
Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 12 |
Գալուստ Պետրոսյան | «Փյունիկ» | 11 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 10 |