Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Հունաստանից, Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
Հայոց լեզուն այս օրերին հաճախ է լսվում Հալկիդիկի փոքրիկ բնակավայրում։ Աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանի երկու տասնյակ շախմատիստներից ու մարզիչներից բաղկացած պատվիրակությունից բացի, մասնակցում են մեր հայրենակից պատանիներ ու աղջիկներ աշխարհի ամենատարբեր երկրներիցՙ Ֆրանսիա, Լիբանան, Բուլղարիա, Կանադա, Գերմանիա, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան... Այս փոքրիկ շախմատիստներից շատերը Հունաստան են եկել իրենց հայրիկների եւ մայրիկների հետ, եւ այստեղ ժամանակավորապես մի իսկական հայկական համայնք է ստեղծվել։ Շատերը մրցաշարի օրերին բարեկամացել են, ցավում են մեկմեկու համար, ուրախանում են միմյանց հաջողություններով։ Օրինակ, 7-րդ տուրում Բելառուսում բնակվող 9-ամյա Դավիթ Խաչիկյանը շատ հպարտ էր, որ հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Խան Կանդիին, եւ նրա ուրախությունը կիսում էին մյուս հայ մասնակիցները։
Ամենակրտսեր տարիքային խմբում, որտեղ խաղում է Դավիթը, Հայաստանը ներկայացնող շնորհալի փոքրիկների քառյակը շարունակում է հավակնել մեդալների։ Ճիշտ է, Հայկ Թումաշյանը շահած դիրք ստանալով ռուսաստանցի Սանան Սյուգիրովի դեմ, հուզվեց եւ պարտվեց։ Մեր պատվիրակներից ամենաբարձր արդյունքը (7 հնարավորից 5,5-ական միավոր) ունեն Ռուբեն Գաթրջյանը եւ Գրիգոր Դիլանյանը, որոնք Սյուգիրովին զիջում են 1 միավորով։ 14 տարեկանների մրցաշարում գերազանց է խաղում Զավեն Անդրեասյանը։ Գերմանացի Վալտեր Մարկոֆին հաղթելուց հետո, երեւանցի պատանին վաստակեց 5,5 միավոր եւ այժմ միայն կես քայլով է հետ մնում առաջատարներից։
16 տարեկանների խմբում Տիգրան Մամիկոնյանը 5 միավորով հետապնդում է առաջատար Բորկի Պրեդոխվիչին (Բոսնիա), որն ունի 6 միավոր։ Առաջատարներին մոտեցավ նաեւ Արման Փաշիկյանը։ Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր։