2004 թ.-ի պետական բյուջեն կազմելիս Հայաստանի կառավարությունը ծրագրել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7 տոկոս աճ, որի արդյունքում ՀՆԱ-ն կհասնի 1 տրիլիոն 694 մլրդ դրամի։ Սղաճը կանխատեսվում է 2,5-3 տոկոս։ Այս մասին, ներկայացնելով կառավարության հաստատած 2004 թ. բյուջեի նախագիծը, ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Պետբյուջեի մուտքերը կկազմեն 269 մլրդ դրամ (ՀՆԱ-ի նկատմամբՙ 15,9 տոկոս), ծախսերըՙ 311 մլրդ դրամ (ՀՆԱ-ի նկատմամբՙ 18,8 տոկոս)։ Հարկային մուտքերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 15,1 տոկոս կամ 256 մլրդ դրամ։ Փոխնախարարը հայտնեց, որ այս տարվա համեմատ հարկային մուտքերի ավելացումը կկազմի 36 մլրդ դրամ։ Այդ գումարից 8 մլրդ դրամը պետք է գանձվի վարչարարության խստացման միջոցով, այսինքնՙ ստվերային տնտեսությունից։ Մնացած հավելյալ մուտքերն ակնկալվում է ստանալ տնտեսական աճի արդյունքում։
Ծախսային մասով գերակշռողը սոցիալական, մշակութային եւ կրթական ոլորտներին ուղղված միջոցներն են։ Կրթության եւ գիտության նախարարության գծով տարեկան հավելաճը կկազմի 7,6 մլրդ դրամ, առողջապահության գծովՙ 4 մլրդ դրամ, սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ծրագրերի մասովՙ շուրջ 5 մլրդ դրամ։
Կառավարությունը եկող տարվա պետբյուջեում փոփոխություններ է նախատեսել աշխատավարձերի առնչությամբ։ Ինչպես տեղեկացանք Պավել Սաֆարյանից, նվազագույն աշխատավարձի չափը 5 հազար դրամից կդառնա 13 հազար դրամ։ Այսինքնՙ պետական հիմնարկներում այդ գումարից ցածր աշխատավարձ չի լինի։ Ուսուցիչների աշխատավարձը ներկայիս 18 հազար դրամից կբարձրացվի մինչեւ 30 հազար դրամ։ Թեեւ այստեղ արժե հիշեցնել ուսուցիչներին, որ այնպես, ինչպես ներկայիս 18 հազար դրամից իրենք ստանում են 14-15 հազար դրամը, ապա 30 հազար դրամից էլ լավագույն դեպքում 25 հազար դրամը կհասնի նրանց։ Նշվեց նաեւ, որ դպրոցների տեխնիկական անձնակազմի աշխատավարձերը եւս կբարձրանան 8 հազար դրամից հասնելով 13 հազար դրամի։ Բժիշկների 30 հազար դրամը կդառնա 33 հազար 500 դրամ, իսկ 1 հիվանդի պահպանման ծախսերը 7 հազար դրամիցՙ 8 հազար 300 դրամ։ Իսկ ընդհանրապես միջին աշխատավարձը կկազմի 15 հազար 700 դրամ։
Բյուջեի դեֆիցիտը եկող տարի կկազմի 42,4 մլրդ դրամ։ Այն, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի, պետք է ծածկվի ներքին աղբյուրների (3 մլրդ դրամ) եւ հիմնականում Համաշխարհային բանկի ու այլ վարկերի հաշվին։ Ճիշտ է, այս տարի ՀԲ SAC վարկերը չեն լինելու, սակայն լինելու են այլ, նպատակային վարկեր։
Պավել Սաֆարյանն անդրադարձավ մի քանի առանձին ծախսային հոդվածների։ Նա տեղեկացրեց, որ պաշտպանության համակարգին հատկացվել է 49,6 մլրդ դրամ, Լեռնային Ղարաբաղինՙ 17,2 մլրդ դրամ։ Պետական ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 24,9 մլրդ դրամ, այս տարվա 20,9 մլրդ դրամի դիմաց։ Չնայած այս տարվա ընթացքում պետական ապարատը չնչին չափով նվազել է (600 հաստիքով), բայց պահպանման ծախսերն ավելացել են, ինչը բացատրվեց այս տարվա կեսից այստեղ աշխատավարձերի բարձրացմամբ։ Եկող տարի համեմատաբար թեթեւ է լինելու նաեւ արտաքին պարտքի սպասարկումըՙ 7,9 մլրդ դրամ 23 մլրդ դրամի փոխարեն։
Պատասխանելով լրագրողների հարցերին, Պավել Սաֆարյանն ընդգծեց, որ ջրի, էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների բարձրացման հարցը բյուջեում բացակայում է, այսինքնՙ նման բան նախատեսված չէ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ