Այս գործով վկաների մի մասն ըստ էության ասելիք չուներ
Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարությունն առաջանում է զգալի քայլերով։ Երեկվա դատական նիստը դրա վկայությունն էր։
Դատարանը երեկ իր աշխատանքն սկսեց վկաների հարցաքննությամբ։ Առաջին վկան ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի (Ապերի) դուստր Ռուզան Հարությունյանն էր։ Քանի որ վկան հղի է եւ հղիությունը ծանր էր տանում, որոշվեց հրապարակել նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքները։ Վկան հեռացավ։
Ըստ հրապարակված ցուցմունքների, Արմեն Սարգսյանի ձերբակալությունից հետո Ռուզան Հարությունյանն իր քրոջ հետ մասնակցել է տկն Գրետայի նստացույցին։ Մասնակցել են, որպեսզի ապացուցեն, որ հայրը սպանության կազմակերպման հետ ոչ մի կապ չունի, որ Հովհաննես Հարությունյանը կաշառված չի եղել եւ սուտ ցուցմունքներ չի տվել։
Վկայի ցուցմունքներով, եթե Հովհաննես Հարությունյանն ընդհանրապես մասնակից է եղել սպանությանը, ապա նրան ներքաշել են եւ ոչ թե ինքն է մեկին ներգրավել։ Նաղդալյանի սպանությունից հետո իր նկատմամբ հայտարարված հետախուզման ժամանակ Հովհաննես Հարությունյանն իր ընտանիքիՙ ոստիկանության կողմից հետախուզվելու հանգամանքը բացատրել է նրանով, թե նախագահական ընտրությունների հետ կապված միտինգներին է մասնակցել։ Այդ է եղել պատճառը, որ փնտրել են Հովհաննես Հարությունյանին։
Հետագայում Ապերը խոստովանել է իր ընտանիքի անդամներին, որ սպանության հետ ինքը կապ ունի։ Հարությունյանը նշել է, որ Արմեն Սարգսյանը Գրիգոր Պետրոսյանի միջոցով իրեն գցել է այդ կրակի մեջ։
Վկա Ռուզան Հարությունյանը ցուցմունք էր տվել նաեւ, որ Արմեն Սարգսյանի քեռու կինըՙ Մանիկ Վարդանյանը, իր մորը հաղորդել է Արմեն Սարգսյանի խոսքերը, թե Ապերը թող աշխատի չբռնվել, իսկ եթե բռնվի էլ, թող մեղքը վերցնի իր վրա։ Հարությունյանի խոսքերով, մոր հետ իրենք երկու անգամ գնացել են Արարատՙ տկն Գրետայի մոտ։ Ի դեպ, առաջին այցելության ժամանակ տկն Գրետան զարմացել է, որ Մանիկ Վարդանյանը նման բան է փոխանցել։ Տկն Գրետան ավելացրել է նաեւ, որ ոչ իրենք, ոչ Արմեն Սարգսյանը կապ չունեն սպանության հետ։
Դատարան էր ներկայացել նաեւ վկա Հրանտ Ալավերդյանը, որ Արմեն Սարգսյանի քեռու վարորդն էր։ Ալավերդյանը, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, նշեց, որ Մանիկ Վարդանյանը զանգել է իրեն, ասել, որ Արարատից գնան Երեւան։ Եկել են Երեւան, Հովհաննես Հարությունյանի տան հարեւանությամբ գտնվող տկն Անահիտիՙ Արմեն Սարգսյանի մորաքրոջ մոտ։ Մանիկ Վարդանյանն Ալավերդյանին չի ասել, թե ինչու են գնում Երեւան։
Վկային հարցեր տալու ժամանակ, թերեւս Հրանտ Ալավերդյանի հոխորտացող կեցվածքի պատճառով վիճաբանություն սկսվեց, որը մեղմելու հարցում դատավոր Սարո Արամյանը կրկին ցուցաբերեց իր անփութությունը։ Այնուհետեւ Արմեն Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը, Հովհաննես Հարությունյանին բնութագրելու մասին վկային ուղղված իր հարցը հանելու կապակցությամբ, առարկեց դատարանի գործողությունների դեմ։ Տկն Ավագյանը նշեց, որ խախտվում է հավասարության սկզբունքը։ Մեր կողմից նշենք, որ նման սկզբունքի խախտում չկար, քանի որ վիճաբանության պատճառով դիտողության արժանացավ մեղադրող կողմը։
Վկային հարց ուներ նաեւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը։ «Խնդրում եմ քեզ, որպես քո ընկերը, քո ախպերը, ճիշտն ասա, թե ինչ ես տեսել, ինչ ես կերել այն օրը»։ Հարցը վերաբերում էր դեկտեմբերի 15-ին, երբ, ըստ գործի նյութերի, Արմեն Սարգսյանենց տուն է գնացել Ապերըՙ Գեղամ Շահբազյանի հետ։ Հարցն ուղղված էր Հրանտ Ալավերդյանին, քանի որ վերջինս այդ օրը Սարգսյանի տանն զբաղվել է կոյուղու հետ կապված խնդիրներով։
Վկան հիշեց, որ իսկապես այդ օրն ինքը եղել է Արմենենց տանը, հաց են կերել, կենաց առաջարկել։ Այդ ժամանակ Ալավերդյանը նշել է, թե հաջորդ օրն իր աղջկա ծնունդն է։ Արմեն Սարգսյանը գումար է տվել, որպես երեխային նվեր, որը սակայն Ալավերդյանը չի վերցրելՙ պատճառաբանելով, թե աղջկա ուսման վարձը փակելն արդեն նվեր է։
Ծննդյան օրվա միջոցով էլ ճշտվեց, որ այդ օրը եղել է դեկտեմբերի 15-ը։ Չնայած վկան այդ օրը որեւէ մեկին Սարգսյանենց տուն գնալիս չէր տեսել, բայց նա նշեց նաեւ, որ Արմեն Սարգսյանը միշտ չի եղել իր հետ։
Ի թիվս մյուս վկաների, երեկ դատարան էր կանչվել նաեւ Արմեն Սարգսյանի վարորդ Խոսրով Խոստեղյանը։ Նա հաստատեց, որ ինքը Արմեն Սարգսյանի տված 35 հազար դոլարը տարել է Ապերենց տուն։
Դատական նիստի ավարտին դատարանը լսեց Արմեն Սարգսյանի քեռուՙ Գրիգոր Մելքոնյանի եւ քեռակնոջՙ Մանիկ Վարդանյանի ցուցմունքները։ Գրիգոր Մելքոնյանը բավականին խոսեց Արմեն Սարգսյանի բարեգործություններից, իսկ տկն Մանիկը ժխտեց, որ Ապերենց տուն գնացած օրը որեւէ բան է Ապերի կնոջը փոխանցել Սարգսյաններից։ Այն հարցին, թե ինչու էր բավականին ուշ ժամի գնում Ապերենց տուն, փոխանակ վարորդի առաջարկով սպասի մինչեւ առավոտ, Մանիկ Վարդանյանը պատասխանեց, որ անհանգստացած էր Ապերի կնոջՙ Գայանե Մելքոնյանի առողջական վիճակով։ Այս հանգամանքը հետաքրքրական է այնքանով, որ այդօրվա այցելությունից հետո Մանիկ Վարդանյանը չի անհանգստացել Գայանե Մելքոնյանի առողջությամբ, այցելության չի գնացել։
Տկն Վարդանյանն իր ցուցմունքում նշեց, որ Գայանե Մելքոնյանի հետ առերեսման ժամանակ դեռեւս նախաքննության ընթացքում ինքը նկատել է, որ քննիչը թելադրում է Գայանեին։ Այս ամենից հետո հենց դատարանում կատարվեց Գայանե Մելքոնյանի եւ Մանիկ Վարդանյանի առերեսում։ Գայանե Մելքոնյանը նշեց, որ ինքնագլուխ ամուսնուն չէր ասի, թե ինչ պետք է անել։ Տկն Մելքոնյանն ասաց, որ Ապերին փոխանցել է այն, ինչ իրեն ասել է Մանիկ Վարդանյանը։
Դատարանը երեկ լսեց 9 վկայի։ Այսօր դատական նիստը կշարունակվի։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ