Վիլյամ Սարոյանի ծննդյան 95-ամյակը առիթ է անդրադառնալու նաեւ մեծ գրողի եւ կինոյի առնչումներին, որոնք նրա կյանքի ու ստեղծագործության սակավածանոթ էջերից են։ Սարոյանը տարբեր առիթներով խոստովանել է իր հափշտակությունը կինոյով դեռեւս պատանության տարիներից, նշել, որ էկրանը միշտ էլ ոգեշնչման մեծ աղբյուր է եղել իր համար։ Կինոյի թեման քանիցս արտացոլվել է Սարոյանի գեղարվեստական երկերում, խոհափիլիսոփայական արձակում եւ հուշագրության մեջ. «Սիրելի Գրետա Գարբո»-ն նրա լավագույն պատմվածքներից է, հայերեն չթարգմանված ընտիր գործերից մեկիՙ «Ռոք Վահրամ» վեպի հայ հերոսը հոլիվուդյան աստղ է, Չապլինի մասին սարոյանական դատողությունները յուրովի են բացահայտում մեծ կատակերգուի կերպարն ու արվեստը եւ այլն, եւ այլն։
Ավելին, Սարոյանը ժամանակին ի մոտո շփվել է Հոլիվուդի հետ, սցենարներ գրել «Քոլամբիա», «Փարամաունթ», «Մետրո Գոլդուին Մայեր» կինոընկերությունների պատվերով, «Օսկարի» է արժանացել եւ նույնիսկ ֆիլմ նկարահանել որպես ռեժիսոր։
Ներկայացնում ենք Սարոյանին վերաբերող հատվածը ամերիկահայ Տիգրան Գույումջյանի «Հայերը եւ ամերիկյան կինոն» հոդվածից, որը լույս է տեսել 1993-ին Փարիզում, «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի հրատարակած «Հայկական կինո» ֆրանսերեն ժողովածուի մեջ։ Առաջիկայում կներկայացնենք նաեւ նույն հեղինակի հոդվածը Սարոյանի նկարահանած միակ ֆիլմիՙ «Լավ գործի» մասին։
Հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը հիացած էր Ռուբեն Մամուլյանով եւ բարեկամացավ նրա հետ 1936 թվականին, ապա եւ 1942-ին Հոլիվուդում աշխատելիս։ Հենց 1942-ին էր, որ Սարոյանը, արտասովոր հանգամանքներում, մի ֆիլմ նկարահանեց «Մետրո Գոլդուին Մայեր» կինոստուդիայում։
1941-ի դեկտեմբերին Լուիս Բ. Մայերը նրան Բրոդվեյից հրավիրեց Հոլիվուդՙ սցենար գրելու, որն ի զորու լիներ խանդավառել ամերիկյան հասարակության հայրենասիրական ոգինՙ այն պատերազմի պարտադրանքով, որին Միացյալ Նահանգները նոր էր մասնակից դարձել։ Այսպես ստեղծվեց «Եվ կյանքը շարունակվում է» սցենարը («Մարդկային կատակերգություն», 1943), որը հետագայում պիտի դառնար գրողի անդրանիկ վեպը։ Սարոյանը ցանկանում էր ղեկավարել նկարահանումները, որպեսզի ֆիլմի հետ չկատարվի այն, ինչ կատարվել էր իր պիեսների հետ, որոնք բեմադրել էին նրա խորունկ մտահղացումներն ընկալելու անկարող կարծեցյալ արհեստավարժները։ Երբ Լուիս Մայերը նրան հարցրեց, թե երբեւէ ֆիլմ նկարե՞լ է, Սարոյանը պատասխանեց. «Ոչ, բայց ինձ երեք օր ժամանակ տվեք, եւ ես ձեզ պրոֆեսիոնալ մակարդակի ֆիլմ կբերեմ»։ Մայերը համաձայնեցՙ նրա դժգոհությունից խուսափելու համար, եւ երեք օր անց Սարոյանը վերադարձավ իր «Խեղճերը» պատմվածքի հիման վրա նկարահանած «Լավ գործ» կարճամետրաժով, որը 1942-ին «Մետրո Գոլդուին Մայերը» ցուցադրեց։ Սակայն Սարոյանին թույլ չտվեցին «Կյանքը շարունակվում է» ֆիլմն իրականացնել, որի գլխավոր դերակատարը Միքի Ռունին էր, իսկ ռեժիսորը դարձավ Քլարենս Բրաունը։ Կինոնկարն իսկույն եւեթ հաջողության արժանացավ։ Իսկ զայրացած գրողը հեռացավ «Մետոր Գոլդուին Մայեր»-ից եւ փորձեց 800 հազար դոլարով ետ գնել սցենարը (Մայերը նրա աշխատանքի դիմաց 600 հազար դոլար էր վճարել)։ Վրդովված Սարոյանը սցենարը վերածեց վեպի, որը հրատարակվեց մինչ ֆիլմը էկրան կբարձրանար։ Նա Մայերի դեմ գրեց նաեւ «Հեռացիր, ծերուկ» վերնագրով մի կծու պիես, որը 1943-ին բեմադրվեց Բրոդվեյում։ Հենց նույն տարի էլ Սարոյանին «Օսկար» շնորհվեց «Եվ կյանքը շարունակվում է» ֆիլմի լավագույն սցենարի համար։
1948-ին Ջեյմս Քեգնին եւ նրա եղբայրը թողարկեցին Հ. Ս. Փոթերի նկարահանած լայնամետրաժ ֆիլմըՙ ըստ «Քո կյանքի ժամերը» թատերգության, որը 1939-ին Փուլիցերի մրցանակ էր բերել Սարոյանին։
Այս երեք ֆիլմերից բացի, կան եւս երեքըՙ Սարոյանի պատմվածքների հիման վրա ստեղծված կարճ ժապավեններ։ «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը» (1983) եւ «Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից ի վեր» (1987) ֆիլմերը նկարահանել է Վալերի Մելքոնյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում, ընդ որում վերջին ժապավենըՙ անգլերեն երկխոսություններով։ Երրորդ կինոնկարըՙ «Մաղադանոսի բանջարանոցը» (1993), նոր է ավարտել Սարոյանի եղբորորդինՙ Հենք Սարոյանը։
Գոյություն ունեն նաեւ շուրջ տասնհինգ հեռուստաֆիլմերՙ ըստ Սարոյանի այլեւայլ պիեսների եւ պատմվածքների, ընդսմին դրանցից վեցն իրականացվել են հենց հեղինակի ղեկավարությամբ, 1953-ին, Ալիսթեր Քուքի «Օմնիբուս» նշանավոր հեռուստածրագրի համար։
Իսկ ֆրեզնոցի լուսանկարիչ Փոլ Կալինյանը երկու ֆիլմ է նկարահանել Սարոյանի մասինՙ «Վիլյամ Սարոյան. նախաբան» (1982), որը հին լուսանկարների մոնտաժ էՙ Սարոյանի մեկնաբանությամբ, եւ «Վիլյամ Սարոյան. մարդը, գրողը» (1991)։
ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԸ