Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Հունաստանից, Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
Միջազգային նոր տիտղոսներ ստացած վեց հայ շախմատիստներին, որոնց մասին արդեն հաղորդել է «Ազգը», Հալկիդիկիում անցկացվող ՖԻԴԵ-ի կոնգրեսում ավելացան մեր եւս երկու հայրենակիցներ։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան միջազգային վարպետի կոչում շնորհեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ մարզիչ Արմեն Համբարձումյանին, որն այժմ ապրում է Լոս Անջելեսում եւ Թուրքմենիայում բնակվող փորձված շախմատիստին, որը կրում է նույն անուն-ազգանունը, ինչ մեր հանրապետության վաղամեռիկ բազմակի չեմպիոնըՙ Կարեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է կոնգրեսում քննարկվելիք ամենահետաքրքիր հարցինՙ կապված աշխարհի առաջնության կազմակերպման հետ, ապա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտնեց, որ այդ խնդիրը կքննարկվի եզրափակիչ նիստի ժամանակՙ կիրակի օրը։
Կոնգրեսին զուգահեռ ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունը մոտենում է ավարտին, եզրագծին մնացել է երեք տուր։ Մեր տղաները շարունակում են իրենց վստահ ելույթը։ Բավական է ասել, որ Հայաստանը ներկայացնող 11 պատանիներից 10-ը պահպանում են մրցանակային տեղեր գրավելու հնարավորությունները։ Բացառություն է կազմում միայն մեր ամենափորձված շախմատիստըՙ հանրապետության տղամարդկանց առաջնության արծաթե մրցանակակիր Արման Փաշիկյանը, որը վերջին երկու տուրերի ժամանակ անառողջ էր։ Մյուս բոլորըՙ 10-ամյա Ռուբեն Գաթրջյանը, Հայկ Թումաշյանը, Գրիգոր Դանիելյանը, Սամվել ՏերՍահակյանը, 12-ամյա Հրայր Սիմոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, 14-ամյա Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, 16-ամյա Տիգրան Մամիկոնյանը, 18-ամյա Լեւոն Բաբուջյանը, 8 հնարավորից ունեն 6 կամ 5,5 միավոր, ինչը եզրափակիչ հանդիպումների հաջող ընթացքի դեպքում որեւէ մեդալ նվաճելու հույսեր է տալիս։ Ճիշտ է, դա ամենեւին հեշտ չի լինի անել, քանի որ առաջատարների խմբում կատաղի պայքար է ընթանում։
Գալով աղջիկներին, առավել հաջող է խաղում ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Լուսինե Թորոսյանը, որը 5 միավորով աղյուսակի վերին մասում է։