ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 3-ին Երեւան ժամանեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությունը։
Վլադիմիր Ռուշայլոյի խոսքերով, եռօրյա այցի ընթացքում կստորագրվի Ռուսաստանի եւ Հայաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության պլան 2004 թվականի համար, կանցկացվեն աշխատանքային խորհրդատվություններ։ Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ ուժային կառույցների ղեկավարների հետ։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցում են բոլոր մակարդակներում, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ մշակութային բնագավառներում։ Բացի երկկողմ հարաբերություններից, կողմերը համագործակցում են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ «կովկասյան քառյակի» շրջանակում։
Երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջեւ խորհրդատվությունների ընթացքում, Ռուշայլոյի խոսքերով, կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ Ռուսաստանի ու Հայաստանի ուժային կառույցների համագործակցության հարցեր։