Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենի չափանիշներին»
Եվրահանձնաժողովը պատրաստել է իր ամենամյա հերթական զեկուցագիրը, որը 133 էջ ունի եւ հրապարակվելու է չորեքշաբթի օրը։ «Ֆիգարո» թերթի թղթակցին հաջողվել է նախօրոք տեղեկանալ փաստաթղթին, որտեղ խիստ գնահատական է տրվում Եվրամիություն ձգտող Թուրքիայի կառավարությանը։
Ըստ Բրյուսելի, Անկարան առաջվա պես չի համապատասխանում «Կոպենհագենի քաղաքական չափանիշներին». կայուն ժողովրդավարություն, մարդու իրավունքների հարգում, փոքրամասնությունների պաշտպանություն։ Դրանք անհրաժեշտ նախապայմաններ են Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու համար։
ԵՄ ընդլայնման հանձնակատար Գյունտեր Վերհեգենը ողջունել է Թուրքիայի կառավարության օրենսդրական գործունեությունը, խոշտանգումներին վերջ դնելու գիծը եւ երկրի հարավ-արեւելքում արտակարգ դրության վերացումը, միաժամանակ նշելով, որ ձեռնարկված բարեփոխումները «սահմանափակ արդյունք» են տվել։
Արդեն 6 տարի անընդմեջ Եվրահանձնաժողովը դատապարտում է կալանքի պայմանները եւ Թուրքիայում բանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումները։ Դատապարտվում են նաեւ թուրքական իշխանությունների կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների անտեսումը, երկրի քաղաքական կյանքում բանակի չափազանց մեծ դերը, առօրյա կյանքում քրդերի եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների երաշխիքների բացակայությունը։
Վեց ամիս հետո Եվրամիությունն ընդլայնվելու էՙ անդամ պետությունների թիվը հասցնելով 25-ի։ Պատահական չէ, որ Եվրահանձնաժողովն ուժեղացրել է Անկարայի վրա գործադրվող ճնշումըՙ հորդորելով արագացնել եւ մինչեւ 2004 թ. մայիսի 1-ը լուծել Կիպրոսի խնդիրը, որպեսզի Եվրամիության անդամ դառնալու պահին կղզին բաժանված չլինի երկու մասի։ Եվրահանձնաժողովում հայտարարում են, որ եթե 2004 թ. Կիպրոսի խնդիրը լուծված չլինի, ապա դժվար թե հնարավոր դառնան Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Ըստ «Ֆիգարոյի», Կիպրոսի հարցում Անկարայի խուսավարման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ամեն ինչ կախված կլինի դեկտեմբերի 14-ին կղզու հյուսիսումՙ օկուպացված թուրքական մասում կայանալիք ընտրությունների արդյունքից եւ մանավանդ Թուրքիայում ռազմաքաղաքական ապարատի դիմադրությունը հաղթահարելու վարչապետ Էրդողանի կարողությունից, քանզի թուրք զինվորականությունը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի առաջարկած հաշտության ծրագրին։