«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2003-10-31 | #200, 2003-11-01 | #201, 2003-11-04


ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՂԹԵԼ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին կեղծիքներով, բռնություններով, կեղտոտ քարոզչությամբ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, 35-ամյա իրավաբան Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ապացուցեց, որ պետական մեքենային ջախջախել հնարավոր է։ Ճիշտ է, ընտրությունների վերջնական արդյունքները դեռեւս պարզ չեն, սակայն, անկախ պաշտոնական թվաբանությունից, Սահակաշվիլու հաջողությունն ակնհայտ է։

Երեկ երեկոյան, 18.00-ի դրությամբ, «Սահակաշվիլի-Ազգային շարժում» դաշինքն ստացել է քվեների մոտ 22 տոկոսը, ընդամենը մեկ տոկոսով իրենից առաջ թողնելով կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքին։ Ամենայն հավանականությամբ, խորհրդարան մտնելու 7 տոկոսանոց արգելքը հաղթահարել են Լեյբորիստական կուսակցությունըՙ 15 տոկոս, Ասլան Աբաշիձեի «Աղորձինեբան»ՙ 10 տոկոս, «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքըՙ 9 տոկոս, «Նոր աջերը»ՙ 8 տոկոս եւ «գարեջրի արքա» Գոգի Թոփաձեի «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունըՙ 7 տոկոս։

Ընտրությունների վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք «Ազգի» վաղվա համարում։ Այժմՙ Վրաստանում տիրող քաղաքական մթնոլորտի մասին։

Կառավարամետ դաշինքն ընտրությունների օրը վաղ առավոտյան արհեստականորեն սրեց ներքաղաքական մթնոլորտը. պետանվտանգության նախարար Վ. Խաբուրձանիան հայտարարեց, թե նախկին նախագահ Զ. Գամսախուրդիայի կողմնակիցները փորձում էին մահափորձ իրականացնել Շեւարդնաձեի դեմ, ինչը կանխվել է։ Ապա հեռուստաէկրաններով ցուցադրվեց, որ վրացի «չեկիստները» Մցխեթայի Ջվարի վանքի շրջակայքում ինչպես են հայտնաբերում զենք եւ զինամթերք։

Նմանօրինակ արկածներին սովոր վրաց բնակչությունը հումորով ընդունեց երկրի հատուկ ծառայությունների հերթական բլեֆը։ Ապա Մցխեթ քաղաքը, Զուգդիդին, Ռուսթավին պաշարեցին ուժայինները։ Թե ինչ էին պաշտպանում նրանք, դժվար է ասել, բայց որ ամեն կերպ փորձում էին խոչընդոտել ընտրություններին, հստակ էր։ Ի դեպ, 17 ընտրատարածքներում ընտրություններն ընդհանրապես չկայացան տարբեր պատճառաբանություններով, իսկ ոչ կառավարական կազմակերպությունները շտապում են հայտարարել, որ ընտրություններն ուղեկցվել են համատարած կեղծիքներով, բռնություններով։ Ֆավորիտըՙ Սահակաշվիլին, ինչպես տասնյակ հազար շարքային քաղաքացիներ, իր ազգանունը չգտավ ընտրացուցակներում։ Փոխարենը, ինչպես նշում են դիտորդները, ընտրացուցակներում անթույլատրելի չափերի են հասել մահացածների անունները, որոնցից մեկը կյանքից հեռացել է 18-րդ դարում։

Ընտրություններից ընդամենը 2 օր առաջ ինչ-որ չափով ճշտվեցին ցուցակները, ընդ որումՙ ընդդիմության, ինչպես նաեւՙ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի ճնշման տակ։ Պարզվեց, որ ընտրողների թիվը ոչ թե 3,1 մլն է, այլՙ 2,7։ Ենթադրվում է, որ այս 400 հազար «ընտրողները» եւս պետք է քվեարկեին իշխանամետ դաշինքի օգտին։

Այս ամենով հանդերձ, Էդ. Շեւարդնաձեն գոհ է ընտրությունների ընդհանուր մթնոլորտից։ Երկուշաբթի օրվա իր ավանդական ռադիոհարցազրույցում նա հայտարարեց, որ Վրաստանի պատմության մեջ «այս ընտրություններն ամենաազատն էին, արդարը եւ թափանցիկը»։ Նույնը կրկնեց նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը։

Վրացական ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների գնահատականն այլ է։ Սահակաշվիլու թիմակիցներից Դավիթ Բերձենիշվիլին քվեները հաշվելու օրը կոչ արեց իշխանություններին վերջ տալ կեղծարարություններին, հակառակ դեպքում «Շեւարդնաձեն կարժանանա Չաուշեսկուի ճակատագրին»։ Ջումբեր Պատիաշվիլին հայտարարեց, որ «իշխանություններն աննախադեպ կեղծիքների են դիմում», իսկ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ասաց, որ «իշխանությունները բարոյական եւ փաստացի պարտություն են կրել»։ Նկատենք, որ եթե երեկ առավոտյան հայտարարվում էր, որ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքն ստացել է 30 տոկոս, ապա 18.00-ի դրությամբ այդ թիվն իջավ 23-ի։ Խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ ուշ երեկոյան հայտարարեց, որ անկախ պաշտոնական արդյունքներից, պետք է ընդունել, որ ընտրություններում հաղթել է Միխայիլ Սահակաշվիլին։

Ընտրություններին ակտիվությունը կազմել է մոտ 55 տոկոս, ամենաշատը քվեարկել են Աջարիայումՙ ընտրողների մոտ 90 տոկոսը, որից 94 տոկոսը քվեարկել է Աբաշիձեի կուսակցության օգտին։ Դեռեւս պարզ չէ, թե որքան ընտրող կա Աջարիայում։ Աբաշիձեն թույլ չտվեց ընտրացուցակ փակցնել։ Թբիլիսիում ընդդիմությունը նշում է, որ Աջարիայում ընտրողների թիվը մոտ 150 հազար է, մինչդեռ Աբաշիձեն պնդում է, որ մոտ 290 հազար է։ Ի դեպ, մինչեւ ուշ երեկո Աջարիայից ընտրությունների արդյունքների մասին Վրաստանի ԿԸՀ-ն տեղեկություններ չուներ։ Ենթադրաբարՙ Աբաշիձեն չի որոշել, թե ինչ չափով կարելի է ընտրությունները կեղծել։

Երեկ երեկոյան ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններին տվեց այն գնահատականը, ինչ տվել էր Ադրբեջանի նախագահական ընտրություններին, այսինքնՙ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4