Այսպես ցանկացավ «լեգիտիմ» խորհրդարանը
Երեկ խորհրդարանում քննարկում ծավալվեց ընդդիմադիր մի շարք պատգամավորների կողմից տեղի ունեցած ընտրությունների եւ ընտրախախտումների ուսումնասիրության համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագծի շուրջ։
Նախ օրինագիծը մի շարք ելույթներում կարեւորվեց, բնականաբար, ելնելով այն մոտեցումից, որ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումները, դրանց կատարողները պետք է բացահայտվեն ամբողջությամբ, պետք է բարձրացվի պատասխանատվության հարց կոնկրետ մեղավորների նկատմամբ։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանձնաժողովի ստեղծման նպատակ համարեց ոչ թե ճշմարտության բացահայտումը, այլ էլի ինչ-որ բան։
Ապա պրն Հովհաննիսյանն իրեն հատուկ այսպես կոչված հումորով նկատեց, որ եթե բազմիցս հայտարարվում է այս խորհրդարանի ոչ լեգիտիմ լինելու մասին, ապա ինչպե՞ս է որ նման հարցեր փորձում են կարգավորել հենց այս խորհրդարանում (ապա որտե՞ղ, փողոցո՞ւմ)։ Մյուս փոխնախագահըՙ Տիգրան Թորոսյանը, ասվածը թերեւս պակաս համարելովՙ իր հերթին ավելացրեց, որ առաջին հերթին պետք է օգտագործվեն եղած հնարավորությունները։
Օրինագծի համահեղինակներից Վիկտոր Դալլաքյանն ասվածին ի պատասխան ներկայացրեց իրենց առաջարկները, թե ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը հատկապես ինչ պետք է ուսումնասիրի։ Մասնավորապես, ըստ պրն Դալլաքյանի, պետք է ուսումնասիրվեն ընտրացուցակները, ընտրական վեճերի կապակցությամբ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների կատարման ընթացքը, ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո դատախազություն ներկայացրած նյութերի հետագա առնչությամբ կատարված աշխատանքը։
Քվեարկությամբ այս օրինագծի կապակցությամբ չընդունվեց որոշում։ ԱԺ օրակարգ չմտավ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննության ժամանակ մոտ 6 ամիս հետաձգման պատճառներն ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օրինագիծը։
Ի թիվս այլ օրինագծերի, խորհրդարանը երեկ անդրադարձավ նաեւ ՀՀ նոր քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ներկայացված նախագծին։ Խոսքը ծանր հանցագործությունների դեպքում վաղաժամկետ ազատ արձակելու իրավունք չսահմանելու մասին է։ Նման դրույթ ընդունելու դեպքում, քանի որ այն համարվում է օրենքի խստացում, հնարավոր չէ դրա հետադարձ ազդեցությունը։ Միեւնույն ժամանակ, եթե հանրապետության նախագահն օրինագիծ ստորագրի որոշակի սեղմ ժամկետում, այն կարող է տարածվել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա։
Այս օրինագծի կապակցությամբ քվեարկությունը տեղի կունենա այսօր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ