Ջիվան Գասպարյանի մեծարման երեկոն Թեքեյան կենտրոնում
Ուրբաթ, հոկտեմբերի 31-ին Թեքեյան կենտրոնում ծննդյան 70-ամյակի կապակցությամբ մեծարվեց հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, մարդ, որն առանց չափազանցության այսօր հազվագյուտ արվեստագետներից մեկն է, որ ուրույն ձեւով ներկայացնում է հայ երաժշտական արվեստը աշխարհում։ Թեքեյան մշակութային միության կազմակերպած երեկոյին մասնակցում էին բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ, ովքեր անդավաճան են մնացել հայ ազգային արվեստի արմատներին։
Անարվեստ մեր ժամանակներում, երբ ամեն ոք իրեն հայ գրականության, նկարչության, երաժշտության «դեսպան» է հայտարարում ու ինքն էլ (որպիսի՜ զարմանք) հավատում է իր հնարած խաբկանքին, երբ ցանկացած շքեղ դահլիճում մեծարման երեկոներ են սարքվում ամենափոքր մարդկանց համար, Ջիվան Գասպարյանի մեծարման երեկոն իսկապես տարբերվեց։ Արժեքների խեղաթյուրման մեր ժամանակներում հազվադեպ դեպքերից մեկն էր սա, երբ հայ մշակույթի ներկայացուցիչը մեծարվում է արժանավայել կերպովՙ առանց շատախոսության։
«Հպարտանում ես, երբ «Գլադիատոր» ֆիլմում հնչում է մեր հարազատ դուդուկը, հպարտանում ես, որ աշխարհի լավագույն երաժիշտ է ճանաչվում մեր հայրենակիցը, հպարտանում ես, երբ աշխարհի երաժշտագիտական հեղինակությունները բարձր են գնահատում մեր արվեստագետին, ասաց Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը։ Եվ այսօր, այս դահլիճում մենք կարող ենք ասել, որ հյուրընկալում ու մեծարում ենք մեր մեծ հայրենակիցներից մեկինՙ Ջիվան Գասպարյանին»։
ՀԹՄՄ վարչության նախագահը կարդաց վարչության որոշումըՙ Ջիվան Գասպարյանին ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» մեդալով պարգեւատրելու մասին եւ հոբելյարի կրծքին ամրացրեց այս պարգեւը։ Մեդալով պարգեւատրվում են այն անձինք, ովքեր, անկախ ազգությունից, մեծ ծառայություններ ունեն հայ ազգային մշակույթի, գիտության, շինարարության բնագավառներում։ Վեց տարվա ընթացքում այս պարգեւին են արժանացել այնպիսի անհատներ, որպիսիք են Մեծ Բրիտանիայի փոխխոսնակ բարոնուհի Քոքսը, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, որոնք անուրանալի դեր ունեն Հայաստանը եւ հային աշխարհին ներկայացնելու համար։ ԹՄՄ վարչության եւ անձամբ Ռուբեն Միրզախանյանի հաստատ համոզմամբ, այս պարգեւին արժանի է Ջիվան Գասպարյանը, մարդ, որը ոչ միայն արժանի շարունակողը եղավ Մարգար Մարգարյանի, Լեւոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի արվեստի, այլեւ աշխարհին ստիպեց խոսել հայ երաժշտարվեստի բարձր մակարդակի մասին։
Միջազգային 6 մրցույթների դափնեկիր, աշխարհի երաժշտական բարձրագույն պարգեւիՙ «Վոմեքս-2002»-ի մրցանակակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր Ջիվան Գասպարյանի համար հատկապես արժանահիշատակ է «Վոմեքսի» նվաճումը։ Միջազգային ամենահեղինակավոր երաժշտագետները, տեսաբանները եւ քննադատները խստագույն ընտրություն են կատարում եւ երաժշտական աշխարհի «Օսկարը» շնորհում այն արվեստագետին, ով լավագույնս է հանդես եկել, ով երաժշտության շնորհիվ կարողացել է բարեկամության վեհ իդեալները սերմանել մարդկության ամենատարբեր խավերի միջեւՙ անկախ ազգությունից, հավատքից, ռասայից։
Այդ օրըՙ հոկտեմբերի 31-ին Ջիվան Գասպարյանի մասին հրաշալի խոսքերից հետո 1 ժամ շարունակ հնչեց երգ եւ երաժշտություն (նշենք, որ մեծարման երեկոյին մասնակցում էին նաեւ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ, մի շարք դիվանագետներ)։
Ջիվան Գասպարյանի հոբելյանական երեկոյին մասնակցելու համար ԱՄՆ-ից մայր հայրենիք էր եկել մեր ճանաչված երգչուհիներից մեկըՙ Ֆլորա Մարտիրոսյանը, որը «Ազգ» թերթի թղթակցի հետ զրուցելիս ասաց. «Ջիվան Գասպարյանն այն յուրահատուկ երաժիշտներից է, որը մեզ բախտավորեցրեց մեր ծիրանափողը աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելով։ Ես Ջիվան Գասպարյանի հետ շատ եմ շրջագայել, որը մեծ հպարտությամբ եմ նշում։ Ջիվան Գասպարյանի հետ մեր ելույթները եղել են շատ տպավորիչ ոչ միայն հայերի, այլեւ օտարազգի երաժշտասերների համար։ Ես շատ ուրախ եմ, որ կա Ջիվան Գասպարյանը եւ համոզված եմ, որ նրա արվեստը կհարատեւի»։
Հոբելյանի առթիվ ստացվել էր Ռուսաստանի հայերի միության եւ վերջերս կազմավորված հայերի համաշխարհային կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի հեռագիրը, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի Ջիվան, սրտանց շնորհավորում ենք հոբելյանի առիթով։ Ձեր ներթափանց կատարումներով հայկական ժողովրդական երաժշտությունը հասնում է բոլորի հոգու խորքը։ Ձեր անզուգական վարպետությամբ Դուք արժանացել ենք համազգային սիրո։ Ցանկանում եմ Ձեզ երկար տարիների կյանքՙ հուրախություն մեր ժողովրդի»։
Հայաստանի մտավորականների անունից ջերմ խոսք ասաց Արմեն Հովհաննիսյանը։ Իրենց հրաշալի կատարումներով վարպետ երաժշտին ողջունեցին երգիչ Մկրտիչ Մկրտչյանը, շվիահար Մհեր Մնացականյանը եւ, իհարկե, Ֆլորա Մարտիրոսյանը։
... 1946 թվականին Երվանդ Սահառունու ղեկավարած համույթում առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացավ Ջիվան Գասպարյանը, թեեւ առաջին ելույթն ունեցել էր դեռեւս 1941 թվականին, երբ որպես նվեր այդ ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկիցՙ Մարգար Մարգարյանից ստացել էր դուդուկ։ 60 տարուց ավելի Ջիվան Գասպարյանն աշխարհի բեմերից հնչեցնում է մեր ծիրանի փողըՙ ի փառս հայ ժողովրդի եւ հայ մշակույթի։ Եվ բնավ էլ չափազանցություն չէր հոբելյանական շքեղ երեկոնՙ Թեքեյան մշակութային միության կենտրոնում, որը եզրափակվեց վարպետի անզուգական նվագով։
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ