«Ազգի» զրույցը դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում. եւ այն ժամանակ, երբ բուռն «մակընթացություններ» էին այստեղ, եւ այն ժամանակ, երբ խաղաղություն է։ Ծայրահեղ կարծիքներ են հնչել նաեւ այն օրերին, երբ նվագախումբը փայլուն հաջողություններ է ունեցել արտերկրում, հատկապես միջազգային փառատոներում։ Մասնագետ երաժշտագետներին ի հակադրություն, առանձին «մեկնաբաններ» փորձել են նսեմացնել նվագախմբի կատարած աշխատանքը։ Այս մասին է մեր զրույցը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ։
Մինչ զրույցը ներկայացնելը նշենք երկու կարեւոր իրադարձություն, որը նշանակալից է ոչ միայն նվագախմբի, այլեւ հայ երաժշտարվեստի համար։
Վերջերս (հոկտեմբերի 1-6-ը) նվագախումբը մասնակցեց Կիպրոսում «Սայփրս ինտերնեշնլ ֆեստիվալ» հեղինակավոր փառատոնին, որը հրավիրվել էր Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարարության ջանքերով։ Ռուբեն Ահարոնյանի հետ նվագախումբը փայլեց։ «Իսկական կախարդանք էր։ Ես բառեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու», Նիկոսիայում կայացած առաջին համերգից հետո հայտարարեց Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարարության ընդհանուր տնօրեն դոկտ. Պետրոս Կարկելասը։ «Սա հաղթանակ է հայ ժողովրդի համար եւ պատշաճ մեծարանք Խաչատրյանին». կիպրացի նշանավոր կոմպոզիտոր Ֆեդրոս Կավալերիսի խոսքերն են։ «Չնայած 32-ամյա տաղանդավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը ելույթ էր ունենում բացօթյա համերգասրահում եւ եղանակն էլ ճնշող ու խոնավ, տպավորությունը ցնցող էր»։ «Հանդիսատեսը հմայված էր Խաչատրյանի եւ Չայկովսկու փայլուն կատարումներով»... Սրանք էլ հատվածներ են մամուլից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «խաչատրյանական» հռչակած այս 2003 թ. Կիպրոսի Նիկոսիա, Լիմասոլ եւ Լառնակա քաղաքներում կայացած հոյակապ համերգները բացառիկ չեն նվագախմբի համար։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում մեկնարկել է «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երաժշտական տեղեկատվական կենտրոնը (ղեկավարՙ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան)։ Արդեն կայացել է 8 համերգ։ Համերգները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 22-ը։ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այս փառատոնի ժամանակ հայ երաժշտասերների առջեւ ելույթ կունենան ճանաչված երաժիշտներ Գերմանիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Կանադայից։
Այս ամենը հավաստելով, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը որոշ մանրամասներ հաղորդեց «Կիպրիա» փառատոնի մասին.
- Ես մեծ պատիվ եմ համարում մեր մասնակցությունը փառատոնին, օրինակ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին։ Մենք, իհարկե, կատարեցինք Արամ Խաչատրյանի ստեղծագործություններիցՙ ի պատիվ մեր մեծ հայրենակցի 100-ամյակի։ Փառատոնը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, եւ համերգներին մասնակցում էին ոչ միայն երաժշտական աշխարհի գիտակներ, այլեւ Կիպրոսի Հանրապետության ամենաբարձրաստիճան մարդիկ։ Մեր կողմից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հունաստանում ու Կիպրոսում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին, որի համառ ու նպատակամղված ջանքերի շնորհիվ մեր նվագախումբը կարողացավ մասնակցել հեղինակավոր այս փառատոնին։ Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ նաեւ հայազգի պատգամավոր Պետրոս Գալայջյանին։ Նրանց շնորհիվ էլ փառատոնի կազմակերպիչները հոգացել էին մեր նվագախմբի ծախսերը Կիպրոսում։ Ճանապարհածախսի խնդիրներն էլ լուծվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի լավագույն բարեկամ Վարդան Օսկանյանի ակտիվ աջակցությամբ։ Ընդհանրապես, ամեն ինչ արվեց, որ նվագախումբը մասնակցի փառատոնին, արվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ կառավարության ջանքերով։
Էդվարդ Թոփչյանն առանձնահատուկ նշում է կազմակերպական աշխատանքները, որովհետեւ այսօր, ինչպես գիտենք, շատ ու շատ ստեղծագործական հիանալի ծրագրեր տապալվում են միայն ֆինանսների, նյութական միջոցների անբավարարվածության պատճառով։ Նվագախումբն աշխատեց արդարացնել բոլոր իրեն օգնող անձանց եւ կազմակերպությունների ակնկալիքները։ Այդպես էլ եղավ։
Երեք համերգների ժամանակ էլ առաջին բաժնում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն էին («Սպարտակ» սյուիտ եւ Ջութակի կոնցերտըՙ Ռուբեն Ահարոնյանի հետ)։ Այս հանգամանքըՙ Ռուբեն Ահարոնյանի եւ ՀՖՆ-ի համագործակցության վերականգնումը Էդվարդ Թոփչյանը շատ կարեւոր է համարում։
Հայազգի մեծերից մեկիՙ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով լուրջ գործ է կատարվում Հայաստանի երաժշտական տեղեկատվական կենտրոնի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։
- Ինձ ուղղակի զարմացնում եւ հիացնում է Ստեփան Ռոստոմյանի աշխատանքը,- ասում է Էդվարդ Թոփչյանը։- Այժմ, երբ ֆինանսական զգալի միջոցներ են հարկավոր աշխարհի ճանաչված երաժիշտներին Հայաստան հրավիրելու, հայ երաժշտական կյանքին մասնակից դարձնելու համար, Ռոստոմյանը կարողանում է անել իր բացառիկ հմայքի եւ նվիրվածության շնորհիվ։ Ոչ միայն մենքՙ ՀՖՆ-ի անդամներս, այլեւ շատ ու շատ երաժշտական կոլեկտիվներ շնորհակալ պիտի լինեն նրան։
«21-րդ դարի հեռանկարներ» կոչվող փառատոնը նույնպես անցկացվում է համատեղ ջանքերով եւ նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Փառատոնում հնչելու են բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս վերջին հանգամանքը, սակայն, մի անհեթեթ պատմություն ստեղծեց ՀՖՆ-ի եւ Էդվարդ Թոփչյանի համար։
Փառատոնին նվիրված մամլո ասուլիսը մեկնաբանեցին Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները։ Հայաստանի երաժշտական կյանքի համար բացառիկ այս իրադարձությունն անչափ «յուրօրինակ» մեկնաբանություն ունեցավ մեր պաշտոնակից «Առավոտ» թերթում։ Գ. Հ. ստորագրությամբ այս թերթում մի տեղեկատվություն տպագրվեց «Խաչատրյանի փառատոնՙ առանց Խաչատրյանի» վերնագրով։
- Ես պարզեցի, որ Գ. Հ.-ն Գոհար Հակոբյան անունով մեկն է, որը, իմ կարծիքով, անչափ հեռու է երաժշտական աշխարհից եւ ցածր մակարդակ ունի,- ասում է Էդվարդ Թոփչյանը։- Ես նրան բացատրեցի, որ Արամ Խաչատրյանին նվիրված փառատոնին պարտադիր չէ անպայման հնչեցնել միայն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Այսինքնՙ բացահայտ պարզ բաներ էի բացատրում։ Զարմանալի ձեւով թղթակիցն այլ կարծիք ուներ. նա քիչ էր համարում Խաչատրյանի ստեղծագործությունների թիվը։ Ուղղակի անհեթեթ մի բան ասաց այս «երաժշտական մեկնաբանը»։ «Ինչո՞ւ պիտի Խաչատրյանի փառատոնին Դեբյուսի կատարվի»։ Դե, ես նրան ի՞նչ բացատրեմ եւ ինչպե՞ս բացատրեմ։ Բայց թղթակցի այս միտքը չարիքի փոքրագույնն է, որովհետեւ նա իր «հոդվածում» չակերտների մեջ մի քանի հիմար մտքեր էր ներկայացրել, որոնք ընթերցողը պիտի մտածեր, որ ես եմ ասել։ Ես շատ եմ հարգում «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Արամ Աբրահամյանին եւ թերթի երաժշտական մեկնաբան Սամվել Դանիելյանին, ովքեր միշտ էլ եղել են ՀՖՆ-ի լավագույն բարեկամների թվում։ Կարծում եմ, որ Գ. Հ.-ի նման «մեկնաբաններն» այլեւս չեն համարձակվի որեւէ երաժշտական կոլեկտիվի մասին կարծիք հայտնել այսպիսի ճանաչված թերթում։
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն այս դեպքում միայն միտում է նկատում, չար միտում եւ ավելորդ չհամարեց նշել, որ ՀՖՆ-ն իր ծրագրում ունի Արամ Խաչատրյանի 30-ից ավել ստեղծագործություն։ Եթե անգամ թվաբանությամբ զբաղվենք, որն անթույլատրելի է արվեստի աշխարհում, ապա գոնե բավական է, որ ՀՖՆ-ն համարենք Խաչատրյանի ստեղծագործության նվիրյալ մեկնաբանողներից եթե ոչ լավագույնը, ապա գոնե լավագույններից մեկը։
Ընդհանրապես մեր մամուլում պրոֆեսիոնալ երաժշտագետները, հազվադեպ բացառություններով, պարզապես զբաղված են պատմական նյութեր հրամցնելով։ Նրանք չեն ուզում (չենք ասումՙ չեն կարող) այսօրվա հայ երաժշտական կյանքը լուրջ վերլուծության ենթարկել։ Ինչո՞ւ։ Դա իրենց հարցրեք։ «Այսօր մասնագետները լուռ են եւ դաշտը թողել են լավագույն դեպքում դիլետանտներին, ովքեր գրում են այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն այս կամ այն երաժշտի նկատմամբ», ասում է Էդվարդ Թոփչյանը։
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ մեր զրույցը շատ ավելի ընդարձակ ու հարուստ է, բայց թերթի սահմանները թույլ չեն տալիս այն ամբողջությամբ հրապարակել։ Մոտ ժամանակներում կներկայացնենք այս անգամվա հրապարակումից դուրս մնացած հատվածները, որոնք նույնպես հետաքրքրական կլինեն ընթերցողի համար։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ