ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Արաբկիր համայնքում եւ Կենտրոնի մի մասումՙ բնակչության համար դեռեւս չպարզաբանված հանգամանքներում, խմելու ջրի լայնածավալ աղտոտումը սպառողի շահերի ոտնահարման ամենաակնհայտ ու զանգվածային արտահայտությունն էր։
Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության մի քանի միություններ են գործում։ Այս պահը բնակչությանը գործնականորեն աջակցելու իսկական առիթ պիտի լինի նրանց համար, եթե իրապես ուզում են օգնել մարդկանց։
Երեկ իմացանք, որ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նախաձեռնել է դատական գործերի հարուցման գործընթաց, որպեսզի տուժածները կարողանան փոխհատուցումներ ստանալ։ Մշակվել է հայցի ձեւը, եւ դատական գործերը կընթանան ըստ սպառողների դիմումների թվի ու բովանդակության, նրանց անունից։ Նրանք, ովքեր մտադիր են մասնակցել դատական գործերի հարուցմանը միության աջակցությամբ, կարող են դիմել Եզնիկ Կողբացի 50 ա, երկրորդ հարկ, թիվ 11 սենյակ հասցեով։ Հայտնենք նաեւ հեռախոսահամարըՙ 53-27-25։
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի ամիս առաջ իրենք արդեն դիմել էին ՀՀ վարչապետինՙ նախազգուշական նամակով, թե խմելու ջրի որակի ու մաքրության վերահսկողությունն անբավարար է։
Ճիշտ է, կոնկրետ այս պատահարը չէին կանխատեսել, բայց մատնանշել էին նույնպես վտանգավոր իրողություն։ Շենքերից դուրս ջրաչափերի տեղադրման հորերի անմատչելիությունը եւ դրանց ֆիլտրերի տեղադրման տեխնիկական անթույլատրելի պայմանները, որոնք խմելու ջրի մեջ ցեխաջրերի թափանցման հավանականությունը չեն բացառում։ Վարչապետին հղած նամակն ավանդաբար փոխանցվել է (ինչպես ընդունված է երեւի միայն մեր երկրում) այն կառույցին, որի թերացման կամ անկատար աշխատանքի մասին եղել է հղումը։
Ինչեւէ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը երեկ հայտնեց, որ կեսօրի դրությամբ Նորքի հիվանդանոցում վարակակիրների թիվը հասել է 156-ի։ Շաբաթ օրվանից սկսվել է առողջացած հիվանդների դուրսգրումը։ Արդեն 50 մարդ հիվանդանոցից դուրս է գրվել։ Ծանր դեպք եղել է միայն առաջին օրը, բայց մի քանի ժամ անց դպրոցահասակ երեխան տեղափոխվել է ընդհանուր պալատ։
Հիվանդներ գրանցվել են ոչ միայն Արաբկիր եւ Կենտրոն համայնքներից, այլեւ Հարավ-արեւմտյան թաղամասից, Նորքի զանգվածներից, Քանաքեռ-Զեյթունից։ Համաճարակի ճանկն ընկել են նաեւ այն երեխաներն ու մեծերը, ովքեր անպատեհություն ունեն սովորելու կամ աշխատելու վտանգավոր համայնքներում կամ այդ օրն այնտեղ հյուր գնալու դժբախտություն են ունեցել։
«Չե՞ք պատրաստվում արդյոք դատի տալ ջրմուղ-կոյուղուն», վերջում հարցրինք գլխավոր պետական սանիտարական բժշկին։ «Մինչեւ մեր ուսումնասիրությունները չավարտենք, այդպիսի բան չենք կարող անել։ Բայց հետագա քայլեր անպայման լինելու են, թե ինչ կարգի, հիմա դժվարանում եմ ասել։ Դեպի դատարան, դատախազություն եւ այլն, հետո կորոշվի»։ Ի դեպ, մեր հեռախոսազրույցից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից հաղորդագրություն ստացանք, որ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Համենայն դեպս, արդեն 10-րդ օրը ոչ բնակչությանը, ոչ էլ ոլորտին անմիջականորեն առնչվող կազմակերպություններում ոչ ոք չգիտեր, թե իրականում ի՞նչ է պատահել։ Ջրամբարի ո՞ր հատվածում է վթարը տեղի ունեցել, իսկապե՞ս կոյուղաջրեր են խառնվել, թե՞ հավատանք ժողովրդական բանահյուսության վարկածներինՙ սատկած շան ու թռչունների լեշերը ջրամբարում հայտնվելու վերաբերյալ։
Երեկ կրկին այցելեցի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, այս անգամ ոչ այսպես ասածՙ լոկալ համաճարակի ընթացքին հետեւելու լրագրողի համառությամբ։ Հարազատ մարդկանց 2 զավակները եւս հայտնվել էին այստեղ։ Փորձեցի զրուցել նաեւ այլ հիվանդների հարազատների հետ։ Մարդկանց զայրացրել էր հատկապես ջրմուղ-կոյուղու իրավասուների տարօրինակ լռությունը։ «Արդեն 8-րդ օրն է, ոչ ոք հայտարարությամբ հանդես չի գալիս։ Չենք իմանում վթարի օջախը գտե՞լ են, թե՞ ոչ։ Եթե գտել են, ինչո՞ւ չեն հայտնում, եթե չեն գտել, ինչպե՞ս են ասում, թե ջուրն անվտանգ է արդեն», բողոքում էր միջին տարիքի մի տղամարդ։
«Ջրմուղ-կոյուղին» միայն պահանջատիրոջ դերում է հանդես գալիս։ Ջրաչափերը չէինք դնում, խեղդում էին։ Էդ ջրի համար վճարե՞լ ենք, չէ։ Մեր իրավունքներն ո՞վ է պաշտպանելու։ Չունեցած տեղն արդեն 30 դոլարի ծախս եմ արել», սա էլ 50-ն անց մի կին էր։
Հիվանդասենյակներն այցելելով, իմացա, որ հիվանդատերերը միմյանց հետ հասցեներ ու հեռախոսահամարներ են փոխանակումՙ իրենց շահերը միասնաբար պաշտպանելու մտադրությամբ։ Կձեռնարկե՞ն ինչ-ինչ քայլեր, կգնա՞ն մինչեւ վերջ, թե՞ կես ճամփին անհուսությամբ ձեռք թափ կտան, ինչպես նրանց բախտակիցներից շատերը։
Աննախադեպ այս վթարը կրկին հավաստեց, որ խարխլված քաղաքային տնտեսություն ունեցող Երեւանի բնակիչներս երբեւէ ապահովագրված չենք անկանխատեսելիից։ Վթարի 10-րդ օրը նույնիսկ ոչ ոք «գլխի չի ընկել» գոնե հեռախոսային թեժ գիծ կազմակերպել, որի միջոցով մարդիկ կարողանան փարատել իրենց անհանգստություններն ու տագնապները տվյալ պահին, տվյալ տարածքի խմելու ջրի վերաբերյալ։ Եվ քանի որ իշխանությունները նման պատահարների դեպքերում սովորաբար մխիթարական ոչինչ չեն ասումՙ արդարանալով, թե պետության հնարավորություններն այդ սահմանում են, մարդիկ ակամա մղվում են իրենք իրենց գլխի ճարը տեսնելու բանաձեւին, որ այս պահին ձեւակերպվում է այսպեսՙ խեղդվողի փրկության գործը խեղդվողինն է։ Ովքեր հակված չէին երկիրը լքելու մտադրությանը, գուցե եւ լրացնեն արտագաղթողների բանակը։ Ցանկացած այսպիսի պատահար փորձություն է Հայաստանի պետական անվտանգության համար։