«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2003-10-31 | #200, 2003-11-01 | #201, 2003-11-04


ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ

Նորայր Ստեփանյանը Թբիլիսիից վերադարձավ BMW ավտոմեքենայով

Հայաստանում ժամանակին լավ ավանդույթներ ունեցող, էլիտար մարզաձեւերի շարքին դասվող ձիասպորտում վերջին մեկ-երկու տարիներին դրական տեղաշարժեր են նկատվում։ Դա առաջին հերթին պայմանավորված է հայտնի գործարար Հայրապետ Հայրապետյանի բեղմնավոր գործունեությամբ։ Նա ժամանակին օգնության ձեռք մեկնեց հանրապետությունում կործանման եզրին հայտնված մարզաձեւին, անհրաժեշտ ներդրումների շնորհիվ ժամանակակից տեսքի բերեց ձիարշավարանը, պայմաններ ստեղծեց ձիասպորտով զբաղվելու համար։ Կրկին վերսկսվեցին մարզումները, անցկացվեցին առաջին մրցումները։ Եվ ահա առաջին հաջողությունը։ Օրերս Թբիլիսիում անցկացված «Կովկասի գավաթի» մրցաշարում մեր մարզիկները գերազանց ելույթներ ունեցան։ Այդ հաջողության առիթով երեկ «Արարատ» հյուրանոցում մարզական լրագրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ մամլո ասուլիս էր կազմակերպվել։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահ Արմեն Քալանթարյանը, գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը, մարզաձեւի պետական մարզիչ Ռոման Սահակյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Մերուժան Մելքոնյանը, մարզաձեւի մասնագետներ, նախկին մարզիկներ։

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-30-ը Թբիլիսիում անցկացված ձիասպորտի «Կովկասի գավաթի» խաղարկությունում փայլուն ելույթներ ունեցան Հայաստանի մարզիկները։ Անհատական մրցումներում պատվո պատվանդանի բոլոր երեք աստիճաններին կանգնեցին հայ մարզիկները։ Հաղթող ճանաչվեց Նորայր Ստեփանյանը, որն արժանացավ գլխավոր մրցանակինՙ BMW ավտոմեքենայի (կարմիր գույնի այդ ավտոմեքենան կանգնեցրել էին հյուրանոցի նախասրահում)։ Նորայրն իր «Սկալդ» նժույգով բոլորից հաջող հաղթահարեց բոլոր արգելքները եւ կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Նրա թիմակիցներ Ռոբերտ Խաչատրյանն ու Գեւորգ Հովհաննիսյանը համապատասխանաբար զբաղեցրին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը։ Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 2-րդն էր եւ ընդամենը 4 միավորով զիջեց Վրաստանի ընտրանուն։ Ինչ խոսք, միջազգային մրցասպարեզում 10-ամյա ընդմիջումից հետո առաջին լուրջ հաջողությունը ե՛ւ ուրախացնող է, ե՛ւ հուսադրող։ Հայրապետ Հայրապետյանի համոզմամբ, մեր մարզիկներն առաջիկայում էլ կարող են լուրջ նվաճումների հասնել։ Իհարկե, առայժմ մեր մարզիկներին պակասում է նման մրցումների փորձը։ Ուստի պետք է պայմաններ ստեղծվեն հնարավորինս ավելի շատ մրցումների մասնակցելու համար։ Մարզաձեւի զարգացման նպատակով ներկայումս ձիասպորտի կենտրոնում պարապմունքներն անվճար են, ինչը հնարավորություն է ընձեռում մարզաձեւի սիրահարներին զբաղվելու ձիասպորտով, լավ հերթափոխ պատրաստելու։ Ողջ աշխարհում ձիասպորտը մեծ եկամուտների աղբյուր է։ Հայրապետ Հայրապետյանը համոզված է, որ մի գեղեցիկ օր Հայաստանում էլ մարզաձեւը եկամտաբեր կլինի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4