Արդեն մի քանի տարի ամեն գարնան եւ աշնան «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսները Լաչինի շրջանում ծառ են տնկում։ Առաջին տարիներին ծառատունկին մասնակցում էին մի քանի ուսանողներ ԵՊՀ արեւելագիտության եւ հայ բանասիրության ֆակուլտետներից։ Բերձորում արծաթափայլ առաջին բարդիները այս ուսանողներն են տնկել։ Տնկել են նաեւ ընկուզենիներ, սոսիներ։ Այս անգամ մասնակիցները մոտ 60 ուսանողներ էին Երեւանի եւ Արցախի պետական համալսարաններից։ «Առանց ուսանողների մենք չենք աշխատում։ Այնքա՜ն լավ է, որ ուսանողները կապվում են հողի հետ», ուրախացած նրանց աշխատանքից ասաց Գ. Մելիքյանը։
Լաչինի ճանապարհի երկայնքով ավելի քան 5700 ծառ են տնկել։ «Ես ծառատունկի ծրագիրն ամենահաջողակներից մեկն եմ համարում. մարդը կապվում է բնության, իր սեփական հողի հետ, ասում է Մելիքյանը։ Տնկում ենք, որպեսզի այս պղծված հողը սրբացնենք», ասում է Մելիքյանը։
Այժմ հիմնականում ընկուզենիներ են տնկում։ «Սա ռազմավարական գործ է, ասում է նա։ Ընկուզենին 700-800 տարի ապրում է, իսկ 3-4 ընկույզը բավական է, որ մարդ սոված չմեռնի»։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ