«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2003-10-31 | #200, 2003-11-01 | #201, 2003-11-04


ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 4, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 12 ՄԱՐԴ

Երեկ ժամը 16.20-ի սահմաններում Երեւանի Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար, զոհվել է 4, վիրավորվել 12 քաղաքացի։ 3-ը մահացել են տեղում, մեկըՙ շտապօգնության հիվանդանոցում։

Ըստ Երեւանի «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանիՙ դեպքից 10 րոպե անց շտապօգնության 8 խմբեր եղել են տեղում եւ օգնություն ցույց տվել։ Բոլոր տուժողները թիվ 81 երթուղային տաքսու ուղեւորներ են եղել։ Վիրավորներից ամենաերիտասարդը 18 տարեկան մի աղջիկ էր։ Տուժողներից 4-ը տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, 2-ը վիրահատվել են։ Հերթապահ բժշկի հավաստմամբ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժող։ Նրանցից մեկըՙ 65-ամյա մի կին մահացել է հիվանդանոց հասնելուց 15 րոպե հետո։ Տուժողներից ծայրահեղ ծանր է մեկիՙ 30-ամյա մի տղամարդու վիճակը։ Մյուսների վիճակը միջին է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պաշտոնական տեղեկատվության համաձայն «ՌԱՖ» մակնիշի 81 համարի երթուղային տաքսին բախվել է ճամփեզրին կայանված մարդատար 3 ավտոմեքենայի եւ շրջվել։ Պարզվել է, որ միկրոավտոբուսի երթուղին գրանցված չի եղել, վարորդը զբաղվել է ապօրինի ուղեւորափոխադրությամբ։

Ներկաների հավաստմամբՙ փողոցների այս հատվածում նման դեպքեր հաճախ են տեղի ունենում։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը չցանկացավ պատասխանել լրագրողների որեւէ հարցի, միայն հիշեցրեց, որ նոր է դեպքի վայր եկել եւ դեռ ոչինչ չի կարող ասել։

Ոստիկանները դեռ դեպքի վայրում էին, երբ նրանց տեղեկացվեց, որ Նալբանդյանի եւ Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն գրեթե չտրվեց։ Միայն պարզվեց, որ «Օպել» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Մուշեղ Մարտիրոսյանին։ Վերջինս վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4