Սահակաշվիլին, Բուրջանաձեն, Ժվանիան ժողովրդին դուրս են բերել փողոց, դեպի մայրաքաղաք Թբիլիսի են շարժվում կառավարական զինված ուժեր
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաքում քաղաքական իրավիճակը սրվել էր, ու թեեւ ներքաղաքական անկայունության նշաններն ակնհայտ չէին, Թբիլիսի շարժվող կառավարական զինված ուժերի հոսքը չէր խոսում խորհրդարանական ընտրություններին հետեւած թվացյալ կայունության օգտին։
Վրացական ընդդիմություննՙ ի դեմս «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի ներկա եւ նախկին նախագահներ Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Ժվանիայի, վիճարկում է ընտրությունների արդյունքները, որոնք դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել։
Ու մինչ ԿԸՀ-ն հաշվում է ընտրաթերթիկները (ընտրություններից երկու օր է անցել, սակայն հաշվվել է ձայների մոտ 60 տոկոսը), մոտ 1000 ոստիկաններ, մի մասըՙ զինված, շրջափակել են ԿԸՀ-ի շենքը եւ պաշտպանում են հնարավոր հարձակումներից։ Ամբողջովին պաշտպանության տակ են վերցվել ռազմավարական օբյեկտները, այդ թվում նախագահ Էդ. Շեւարդնաձեի նստավայրը։
Ուշ երեկոյան «Թավի սուփլեբա» հրապարակում հավաքված մոտ 3 հազար ցուցարարների առաջ ելույթ ունեցան ընդդիմության առաջնորդները։ Մ. Սահակաշվիլին հայտարարեց. «Եթե Շեւարդնաձեն հեղափոխություն է ուզում, ապա կստանա»։
«Եթե մինչեւ վաղը ժամը 12։00-ը ԿԸՀ-ն չհայտարարի ճշգրիտ արդյունքները, ապա Շեւարդնաձեին կշպրտենք իր գրասենյակից», ասաց Սահակաշվիլին։
Երեկ երեկոյան 20։00-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվել էր, ինչպես ասվեց, քվեների մոտ 60 տոկոսը, եւ, ըստ պաշտոնական թվերի, կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը ստացել է քվեների մոտ 25, իսկ Սահակաշվիլու կուսակցությունըՙ մոտ 24 տոկոսը։
Ամբոխի առաջ ելույթ ունեցան Բուրջանաձեն, Ժվանիան, ընդդիմության մյուս առաջնորդները։ Ըստ հռետորների, ընտրություններում հաղթել է ընդդիմությունը, այդ պատճառով «պետք է տեր կանգնել քվեներին»։
ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունները որակում են անարդար, որոնք «չէին համապատասխանում միջազգային չափանիշներին»։
Մինչ ընդդիմության հանրահավաքը շարունակվում էր, Թբիլիսի էին շարժվում հավելյալ զինված ուժեր։
Երեկ կառավարամետ դաշինքի ներկայացուցիչներից ծայրահեղ ազգայնական Գուրամ Շարաձեն հայտարարել է, թե Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը փորձում է Վրաստանում պետական հեղաշրջում կատարել։