Ինչպես արդեն հաղորդվել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի այցը Բաքու հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր, հաշվի առնելով Ադրբեջանում շտապ լուծում պահանջող ավելի հրատապ հարցերի առկայությունը։ Մեկնաբանելով փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղը եւս պետք է մասնակցի հետագա բանակցություններին, Գուլիեւը նշել է, որ Ղարաբաղի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքները հավասարապես պետք է ներկայացված լինեն այնտեղ։ Գուլիեւը հույս է հայտնել, որ խաղաղությանը նպաստող բանակցությունները կշարունակվեն պայմանով, որ Ադրբեջանի պահանջները հաշվի առնվեն։ Նոյեմբերի 2-ին, ըստ MPA լրատու գործակալությունից էլ. փոստով ստացված հաղորդագրության, Շուգարյանը ասել է, թե այդ բանակցությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի եւ հստակեցվի։ «Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ շնորհել նրան, բայց պետք է պարզել, թե ինչ է դա իրականում նշանակում», ասել է նա ավելացնելով, որ տնտեսական համագործակցությունը կարող է ճանապարհ հարթել դեպի քաղաքական հակամարտության կարգավորումը։ Բայց նա նկատի չի ունեցել համագործակցություն մեծ մասշտաբի ծրագրերում։ Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել շրջակա միջավայրի աղտոտման, թմրադեղերի մաքսանենգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ ջրային պաշարների օգտագործման փոքր ծրագրերի իրագործման ասպարեզներում։ Այդ համագործակցությունը կծառայի փոխադարձ վստահությունը վերականգնելուն։ Գուլիեւը մեկնաբանելով այս առաջարկը, նշել է, որ մինչեւ չազատագրվեն գրավյալ տարածքները, տնտեսական համագործակցության մասին խոսք լինել չի կարող։