Երեկ Հայֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ կառավարական հոբելյանական հանդիսությունՙ նվիրված Վահան Թեքեյանի ծննդյան 125-ամյակինՙ կազմակերպությամբ մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի եւ ֆիլհարմոնիայի։ Թեքեյան քնարերգուին եւ մարդուն ներկայացրին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, բանասիրական գիտությունների դոկտ., պրոֆ. Սուրեն Դանիելյանը, բանաստեղծ Լեւոն Միրիջանյանը, Բեյրութի «Սիփան» հրատարակչատան տնօրեն Արամ Սեփեթջյանը։
Հանդիսության գեղարվեստական հայտագիրըՙ ասմունքային եւ համերգային մասով, կատարեցին Վերգինե Սահակյանը, Վերա Հակոբյանը, Ամիրան Գալստյանը, Սիլվա Յուզբաշյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ժասմեն Գեւորգյանը եւ Հալեպից հատուկ այս երեկոյի համար եկած Սալբի Դարաքչյանը, ինչպես նաեւ երգչուհի Հասմիկ Հացագործյանը, երգիչ Կարեն Միրզոյանը, «Նանե» պարային համույթը եւ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի համույթը։ Երեկոն եզրափակեց Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ պետական ակադեմիական երգչախումբըՙ Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի» օպերետի վերջերգով եւ «Զեյթունցիների քայլերգով»։