«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՐՈՒՑՙ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՏԱՐԻ

Վերջերս մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը «Արմենակոբի» եթերում պատմում էր Եկատերինբուրգում իր հյուրախաղերի մասին, որտեղ նա կատարել էր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նրա խոսքերով, տեղի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մեծ մասը երբեւէ չէր նվագել Խաչատրյան. մեր մեծ հայրենակցի գործերն այդ քաղաքում վերջին անգամ կատարվել էին երեք տասնամյակ առաջ իրՙ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Խաչատրյանի տարվան նվիրված հաջող համերգներից հետո, մեկնումից առաջ Ասատրյանը երաժիշտներին հայտնել է, որ մտադիր է հաջորդ տարի եւս այցելել այդ քաղաքըՙ Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները կատարելու համար։ Ասատրյանի խոսքերով, երաժիշտները այս լուրն ընդունեցին ոչ թե սոսկ գոհունակությամբ, այլ «իսկական օվացիայով»։

Նման արձագանքը կարոտ է բացատրության։ Ակնհայտ է, որ ռուսաստանցի երաժիշտներին ուրախացրել էր ոչ միայն լավ դիրիժոր Ասատրյանի հետ վերստին հանդիպելու հեռանկարը, այլեւ Ավետ Տերտերյանի անվան հիշատակումը։ Ի տարբերություն Խաչատրյանի, Տերտերյանի երաժշտությունն այդ քաղաքում լավ գիտեն։ Ավելին, երկու տարին մեկ անգամ Եկատերինբուրգում անցկացնում են Տերտերյանի ստեղծագործությունների փառատոն։ Առանց որեւէ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի եւ անկախ որեւէ հոբելյանից։

Սա եզակի օրինակ չէ։ Տերտերյանի ստեղծագործությունները հաճախ են կատարվում Ռուսաստանի այլ քաղաքներում ու եվրոպական երկրներում, ինչը զարմանալի չէ, քանի որ նա շատերի կողմից է ընդունվում որպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Այդ մասին որոշ տեղեկություններ է պարունակում www.terterian.org սայթը. այն հիմնել է Տերտերյանի երկրպագուների ընկերությունը, որը գտնվում է Գերմանիայում։ Իսկ այս տարվա մարտին Մյունխենում մեծ հաջողությամբ տեղի ունեցավ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան («Ազգն» այդ մասին գրել է բավական մանրամասն)։

Ես երաժշտագետ չեմ, այլ հասարակ երաժշտասեր, եւ այդ պատճառով չեմ կարող խոսել Տերտերյանի երաժշտության մասին։ Միայն կարող եմ նշել մի ակնհայտ հանգամանք. հերթական անգամ ունենք այն իրավիճակը, երբ մենք մեր հարստությանը տեր չենք կանգնում։ Մասնավորապես, մենք ոչինչ չենք անում մեր այդ մեծ հայրենակցի անունը մեր իսկ երկրում պատշաճորեն քարոզելու, նրա հիշատակն ըստ արժանվույն հավերժացնելու համար։ Իրոք, արդյոք հայաստանցիներից շատե՞րը գիտեն այն հրաշքի մասին, թե ինչպես Բաքվում ծնված ու մեծացած, ու այդ պատճառով հայերենին գրեթե չտիրապետող կոմպոզիտորը հայ երաժշտությունը հասցրեց միջազգային բարձունքների։ Իսկ եթե մենք չգիտենք, օտարն էլ չի իմանա։ Ավելինՙ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Տերտերյանիՙ թվով ավելացող երկրպագուներից մեկը գալով Հայաստան, կհայտնաբերի, որ այդ կոմպոզիտորին իր հայրենիքում, մեղմ ասած, չեն գնահատում հավուր պատշաճի։

Եկող տարինՙ 2004 թվականը, այս բացը լրացնելու առումով հարմար է, քանի որ լրանում է Ավետ Տերտերյանի ծննդյան 75 եւ երկրային կյանքից հեռանալու 10-րդ տարեդարձը։ Կան մի շարք ակնհայտ քայլեր, որոնք պետական ու ոչ պետական մարմինները կարող են անել առանց մեծ ծախսերի, բայց եւ ցույց տալով մեզ ու ողջ աշխարհին, որ այս երկիրը տեր է կանգնում իր մեծերից մեկին։ Առաջինըՙ տեղադրել հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը (այդպիսի հուշատախտակ կա նույն Եկատերինբուրգում, որտեղ նա ապրել է ընդամենը մի քանի ամիս, բայց չկա Երեւանում)։ Երկրորդՙ նրա անունով կոչել Երեւանի փողոցներից մեկը. կարծում եմ, որ Ավետ Տերտերյանը ոչ պակաս արժանի է իր անունով փողոց ունենալու հայոց մայրաքաղաքում, քան Անրի Բարբյուսը, Յուլիուս Ֆուչիկը, Կարլ Լիբկնեխտը կամ էլ, ներեցեք, Խաղաղ Դոնը։ Ինչ խոսք, խիստ ցանկալի կլիներ նաեւ հիմնել Տերտերյանի տուն-թանգարան Երեւանում, կամ, ասենք, Այրիվանքում գտնվող նրա տանը (անշուշտ, կամպոզիտորի հարազատների համաձայնությամբ)։ Բայց, ճիշտն ասած, մեր իշխանություններից, որոնք այդքան անշնորհք են անցկացնում Խաչատրյանի 100-ամյակը, նման բան հուսալ չեմ հանդգնում։

Ավելի կարեւոր գործ ունեն մեր երաժիշտներն ու երաժշտագետներըՙ դա Ավետ Տերտերյանի անունն ու գործը մեր երկրում ըստ արժանվույն քարոզելու խնդիրն է։ Ով կասի, թե նրա երաժշտությունը բարդ է ու դժվարամատչելի, նրան կհիշեցնեմ փառատոներն այլ երկրներում։

Մեր ֆիլհարմոնիան սկսել է երկամսյա համերգային փառատոն, որով կփակվի Արամ Խաչատրյանի հարյուրամյակի տարին։ Թվում է, թե հարմար առիթ է «Խաչատրյանի տարուց» «Տերտերյանի տարի» անցում կատարելու համար։ Ավաղ, հրապարակված ծրագրից երեւում է, որ «Հայացք 21-րդ դար» անվանված այս փառատոնի ծրագրում իսկական ապագայի կոմպոզիտորիՙ Ավետ Տերտերյանի գործերը տեղ չեն գտել։

Ինչեւէ, հուսանք որ հաջորդ տարին այսպիսին չի լինի։

Հարություն Խաչատրյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4