Թեպետ օրենքն էլ կատարյալ չէ
Երեւանի փողոցներում, հատկապես կենտրոնում, ամեն քայլափոխի հանդիպում ենք անգլիատառ ու ռուսատառ գրավիչ ցուցանակների, որոնց կողքին հայերենը կամ բնավ գոյություն չունի կամ էլ անկարեւոր ու երկրորդական դիրք է գրավում։ Բացառություններ, իհարկե, կան։ Օրինակ, «Եվրոպա» հյուրանոցի ցուցանակը. ամենավերեւում հայերենն է, հետո միայն անգլերենը։ Բայց ընդհանուր առմամբ գերիշխող է հակառակ պատկերը։ Արտաքուստ թվում է, թե դրանում արտառոց ոչինչ չկա, սակայն մանր թվացյալ երեւույթները հաճախ այնքան խոսուն են։ Այս պարագայում դրանք գալիս են հաստատելու անգլերենին գերապատվություն տալու եւ հայերենին մի տեսակ քամահրանքով վերաբերվելու միտումը, որն օրավուր տիրապետող է դառնում մեզանում։
Լեզվի պետական տեսչությունը երկու տարի առաջ ցուցանակները ստուգելու շրջայց էր կատարել, որի ժամանակ հանդիպել էր բազմաթիվ բարդությունների։ Խնդիրն այն է, որ մի քանի հազար դոլար արժողությամբ անգլերեն ցուցանակներ փակցրած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ, որոնք շրջանցել էին հայերեն ցուցանակներ փակցնելու վերաբերյալ ՀՀ օրենքը, գերադասել էին վճարել նույն օրենքով սահմանված տուգանքըՙ աշխատավարձի հնգապատիկից մինչեւ քսանապատիկը, քան մի քանի հազար դոլարով նոր, հայերեն ցուցանակ պատվիրել։ Ահա թե ինչու դրանք առ այսօր անգլերեն են, իսկ դրանց կողքին, ցավալիորեն, ավելացել են նորերը։
Լեզվի պետական տեսչությունը, հաշվի առնելով օտարամոլության հետ չհաշտվող երեւանցիների մշտական ահազանգերը, հայտարարել է «Մեր տանըՙ մեր լեզվով» նշանաբանով ստուգումների տասնօրյակՙ ցուցանակներում լեզվական խախտումներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։ Ինչպես նշեց տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Հովհաննես Սարոյանը, նախորդ շրջայցի փորձի հիման վրա այս անգամ որոշել են մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներինՙ հասարակությանն իրազեկելու ու շրջայցի թափանցիկությունն ապահովելու նպատակով։ Կարգացուցակում ընդգրկված են 20 սուբյեկտներ, դրանք հիմնականում գիշերային ակումբներ են, սրճարաններ ու մի քանի խանութներ։ Նշենք մի քանիսի անուններըՙ «Inter optic», «Paris little», «Artin cafe», «Manhattan bar», «Old Tbilisi restaurant», «Klubnichka», «Rijanka», «Elki-palki» եւ այլն։
Երեկ շրջայցի առաջին օրն էր։ Առավոտյան եւ կեսօրին կատարած ստուգումների ժամանակ մասնակիցներն ականատես եղան տարբեր իրավիճակների։ Օրինակ, առավոտյան հեռուստալրագրողներին արգելել էին նկարահանել, հրաժարվել են ակտը ստորագրել եւ այլն։ Մեր այցելած «Կոմպյուտերիում» խանութի տնօրենն էլ հետաքրքրական լուծում էր գտել։ Խանութի վերնամասում փառանիստ տեղ էր գտել անգլերեն ցուցանակը, իսկ հայերեն ցուցանակը հազիվհազ երեւում էր խանութի առջեւ դրված վահանակի մեջ։ Նա, իհարկե, լրագրողների հետ բարեկիրթ վարվեց ու տեսչության աշխատակիցներին խոստացավ մինչեւ դեկտեմբերի 1-ը խանութի դռան կողքին տեղադրել հայերեն ցուցանակը, քանի որ վերնամասում արդեն տեղ չկա։
Շրջայցին մասնակցում էին «Օրինաց երկիր» եւ «ՀՅԴ» կուսակցությունների երիտասարդական թեւերի անդամները։ Առաջինի ներկայացուցչի խնդրանքով չայցելեցինք «Յոլկի¬պալկի» սրճարան, քանի որ տերը նրա մտերիմ ընկերն է, որին նա նեղացնել չկամեցավ։ (Ի՜նչ ընկերասեր են ՕԵ¬ի անդամները)։ Հետո այցելեցինք «Մանհատա» գիշերային ակումբ։ Այստեղ երկաթյա դռները փակ էին ու այդպես էլ չբացվեցին մեր առջեւ։ Շրջայցը կշարունակվի մինչեւ ուրբաթ, որից հետո ավելի մանրամասն կներկայացնենք ամենից ուշագրավ դեպքերը։
Ի դեպ, հայերեն ցուցանակներ փակցնելուց մի քանի անգամ հրաժարվածների նկատմամբ առաջին ատյանի դատարանում կկիրառվի նոր պատժամիջոց։ Մինչեւ դեկտեմբերի 1¬ը հայերեն ցուցանակներ չփակցնելու դեպքում կապամոնտաժվեն անգլերեն ցուցանակները։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ