«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Ղարաբաղյան պատերազմում, անշուշտ, մեծ է եղել ռազմաբժշկական ծառայության դերը, որի աշխատակիցների անձնուրացության շնորհիվ բազմաթիվ հայ քաջորդիների կյանք է փրկվել։

Այս ծառայությունը կազմավորվել է արցախյան գոյապայքարի ռազմական փուլի առաջին օրերին։ Փորձի պակասը թեպետ զգացնել է տվել, սակայն, ի պատիվ հայ բժիշկների եւ առողջապահության ոլորտի մյուս աշխատակիցների, հաջողվել է կարճ ժամանակում ստեղծել հուսալի ռազմադաշտային բժշկական համակարգ։ Այս ծառայության ակունքներում կանգնած է եղել Ղարաբաղի բժշկության երախտավորներից մեկըՙ Վալերի Մարությանը։ Իր կոչումը տեսնելով հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու մեջ, նա կամավոր մտել է հայրենիքի պաշտպանների շարքըՙ մարտնչող Ղարաբաղում ստեղծելով առաջին դաշտային հոսպիտալը։ Դժվար է այսօր ստույգ ասել, թե քանի ազատամարտիկի կյանք է փրկվել նրա հրաշագործ ձեռքերով, սակայն Վ. Մարությանի ժամանակակիցները, որոնք նրա հետ մարտնչել են Արցախի փրկության համար, վկայում են, որ վիրավորների համար Վ. Մարությանի ներկայությունն իսկ արդեն հուսադրող էր։ Եվ հավատում էին նրան։

Ցավոք, Վ. Մարությանը չկարողացավ լիարժեք վայելել նաեւ իր մասնակցությամբ նվաճված հաղթանակի պտուղները։ Նա կյանքից հեռացավ անժամանակ, սակայն նրա ընկերները, բոլոր ճանաչողները իրենց հուշերում Վալերի Մարության անունը պահում են իբրեւ թանկ մասունք։

Օրերս լրացավ Վ. Մարությանի ծննդյան 60-ամյակը։ Հոբելյանը նշելու էին եկել բժիշկ-հայրենասերի մարտական ընկերները, գործընկերները, մտերիմ-բարեկամները։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ հուշայցի արարողություն Վ. Մարությանի գերեզմանին։ Բժշկության երախտավորի հիշատակը հարգելու էին եկել նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ։ Վերստին արժեւորվեց Վալերի Մարությանի վաստակը ռազմաբժշկական ծառայության ստեղծման գործում։

Նույն օրը Ստեփանակերտի Սպայի տանը ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառումը Վալերի Մարությանի կենսագործունեության ամփոփ գնահատականն էր։ Ելույթ ունեցողները նշեցին Վ. Մարության մարդու, բժշկի, հայրենասերի, ընկերոջ արժանահիշատակ բարեմասնությունները։ Մարդկային կարճ կյանքում համաժողովրդական հարգանք ու սեր նվաճելը ամենքին չէ տրված, սակայն նրանք, ում հաջողվում է իր անունը սերունդներին թողնել հայրենանվեր գործերով, իրավունք են ձեռք բերում դառնալու հիրավի ժողովրդի զավակը։ Վալերի Մարությանն այդպիսին էր։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4