Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքը։ Ճարտարապետ Արթուր եւ Անահիտ Թարխանյանների նախագծած այս եկեղեցին խոստանում է իր շուրջը հավաքել Մասիսի բնակիչներին։ Այստեղ դեռեւս խորհրդային շրջանում բնակվել են շատ ադրբեջանցիներ։ Այսօր քաղաքում Բաքվից շատ գաղթականներ կան։ Կենտրոնին ամենից մոտը 2 կմ հեռավորությամբ Մարմարաշենի եկեղեցին է։ Բնակիչները եկեղեցի գնալու համար հասնում են Մարմարաշեն, Նորագավիթ կամ Էջմիածին։
Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991-ին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով կիսատ է մնացել։ Այսօր եկեղեցին կառուցվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ «Կարծում եմ, այս տարածքի ժողովրդին եկեղեցին շատ անհրաժեշտ է, եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը իր բարեգործական աշխատանքներից կարեւորագույններից մեկը համարում է այս եկեղեցու շուտափույթ կառուցումը», ասաց «Գրանդ հոլդինգի» տնօրեն, հայտնի գործարար եւ բարերար Հրանտ Վարդանյանը։ Նրա խոսքերովՙ եկեղեցին Հայաստանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հետո մեծությամբ երկրորդն է լինելու։
Ըստ ճարտարապետ Անահիտ Թարխանյանիՙ եկեղեցու ճարտարապետական հիմքում դրված է հայկական զարդաքանդակներում հաճախ հանդիպող 2 խաչաձեւ քառակուսիների սկզբունքը։ Առաջացել է 8 սյուն։ Սյուների հետեւում լինելու են խորանները, որոնց վրա բարձրանալու է եռաստիճան եկեղեցին։ Մինչ օրս այսպիսի եկեղեցի չի կառուցվել, բայց շատ հայկական է եւ հիմնված է հայկական եկեղեցաշինության բոլոր օրենքների վրա։
Եկեղեցին լինելու է բետոնից, արտաքինից պատվելու է տուֆով։ Ընդհանուր մակերեսը 600 քմ է։ Այժմ ճշտվում է բարձրությունը։ Եկեղեցին շատ բարձր է նախագծված եղելՙ 36 մետր, սակայն այժմ ցանկանում են հասցնել 30-32 մետրի։ Ըստ Ա. Թարխանյանիՙ նախագծի նախնական տարբերակում միայն այս փոփոխությունն է արվելու։
Եկեղեցու շինարարությունը կտեւի 1.5-2 տարի։ Ըստ Հ. Վարդանյանիՙ կառույցի ինքնարժեքը 1 մլն դոլարից ավելի կկազմի։ Նախատեսում են բակի չորս կողմի տարածքում եկեղեցու համար օժանդակ շինություններ կառուցել։
Հիմնարկեքի արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասաց. «Հոգեկան ուրախություն ենք ապրում ամեն անգամ, երբ նոր եկեղեցու հիմնարկեք կամ օծում ենք կատարում։ Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ այս եկեղեցին այսօր մեր ազնիվ բարերարի շնորհիվ պիտի իրականություն դառնա եւ վեր հառնի»։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ եկեղեցին կկոչվի Թադեւոս առաքյալի անվամբ։
Բնակիչները փաստում էին, որ Մասիսում տարածված հիմնական աղանդները «Եհովայի վկաներ»-ն ու «Հոգեգալստականներ»-ն են։ Եկեղեցաշինության մասին կաթողիկոսն ասաց. «Այսպիսով մեր ժողովրդի հայացքը դառնում է դեպի իր հայրերի նվիրական հավատքը, եւ զորանում է այդ հավատքը, լցվում լավատեսությամբ եւ հույսով դեպի վաղվա լուսավոր օրը։ Այսպիսի գործերով է, որ պետք է զորանանք, որ պիտի շենանանք ու հարատեւենք»։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ