Հանրակրթական դպրոցների օպտիմալացման ծրագիրը շարունակական է, եւ արդեն մոտ ապագայում գործազուրկ ուսուցիչների բանակը կհամալրվի հազարավոր մանկավարժներով։ Փակված դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն իրենց հերթին բողոքի ձայն են բարձրացնում, սակայն ապարդյուն։ Իշխանությունները հաստատակամ են թեկուզ սոցիալական լարվածության ավելացման հաշվին բարեփոխումները հասցնելու ավարտին։ Նորքի Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցը թեեւ ներառվել է օպտիմալացման ծրագրի մեջ եւ միացվել է Մարաշի թիվ 124 դպրոցին, սակայն միավորումը տեղի է ունեցել միայն փաստաթղթով, բայց ոչ փաստացի։ Թիվ 26 դպրոցի աշակերտները շարունակում են հաճախել իրենց նախկին դպրոցը։ Ուսուցչական կոլեկտիվը եւ ծնողները հույս ունեն, որ կրթության եւ գիտության նախարարությունը կվերանայի դպրոցները միացնելու որոշումը եւ ուսումնական հաստատության շենքը ձեռք գցելու գայթակղությանը, մեր պաշտոնյաներն, այնուամենայնիվ, կդիմանան։
Երեկ Հայ արիական միաբանության գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել թիվ 26 դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչները։ Որ իրենց դպրոցը օպտիմալացման ծրագրի մեջ ներառելը ճիշտ որոշում չէր, մանկավարժները հիմնավորում են մի շարք փաստարկներով։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Դավթյանի խոսքերով, Սունդուկյանի անվան դպրոցը Նորքում միակն է, ուստի ենթադրվում էր, որ 40 տոկոսանոց ծանրաբեռնվածությունը փակման համար հիմնավոր պատճառ չէ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ քաղաքում գործում են դպրոցներ, որոնց աշակերտների թիվն ավելի քիչ է։
Արմենակ Արմենակյանի անվան թիվ 124 դպրոցը, որտեղ իրենց ուսումը պետք է շարունակեն թիվ 26 դպրոցի աշակերտները, գտնվում է Մարաշում, եւ նրանց համար դժվար է այնտեղ հասնելը։ Մինչ օրս երեխաները շարունակում են հաճախել իրենց նախկին դպրոցը։ Ուսուցիչներն էլ թեեւ չեն վարձատրվում, սակայն դասերը թիվ 26 դպրոցում դեռեւս չեն ընդհատվել։ Նրա խոսքով, ծնողները գերադասում են երեխաներին տեղափոխել այլ դպրոց, քան թողնել, որ հաճախեն թիվ 124 դպրոց։
Ծնողներից Գայանե Մուրադյանը նշում է, որ դպրոցը չփակելու խնդրանքով իրենք բազմաթիվ դիմումներ են հղել տարբեր գերատեսչություններ, սակայն ապարդյուն։
Իսկ ընդհանուր առմամբ ինչո՞ւ է իրականացվում օպտիմալացման ծրագիրը եւ ի՞նչ իրական պատճառներ են թաքնված արվող հայտարարությունների ենթատեքստում։ Մանկավարժների կարծիքով, պատճառը մեկն է. մեր հանրակրթական դպրոցները գնում են մասնավորեցման ճանապարհով, իսկ ավելի պարզՙ կրթությունը դառնում է վճարովի։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ