«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԻ ՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ

Խորհրդարանը եռօրյա նիստերի երեկվա աշխատանքային օրվա ընթացքում ծանոթացավ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թ.-ի գործունեության ծրագրին։

Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ծրագրում տեղ են գտել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են իրականացնել 2004 թ.-ին։ Մասնավորապես դրանք կվերաբերեն կարգավորման դաշտի հստակեցմանը, լիցենզիաների եւ դրանք վերահսկելու խնդրին, ծառայություն մատուցող եւ սպառող հարաբերություններում այնպիսի իրավական դաշտի ստեղծմանը, որը կբացառի սպառողի անպաշտպանության վիճակի առաջացումը։ Ինչպես նաեւ աշխատանքներ կտարվեն սպառողի համար սեփական շահերը պաշտպանելու նպատակով պետական ատյաններին դիմելու խնդրի լուծման ուղղությամբ։

Սրանք, Ռոբերտ Նազարյանի թվարկմամբ, այն խնդիրներն են, որոնց կապակցությամբ հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնի կառավարությունՙ հետագայում խորհրդարանում քննարկելու։ 2004 թ.-ի ծրագրով բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը խնդիր է դրել նաեւ իր գործառույթների շրջանակում մանրամասն տեղեկություն ստանալ այն լիցենզավորված ընկերություններից, որոնք գործում են հանձնաժողովի կարգավորման դաշտում։

Ինչ վերաբերում է վերջերս հնարավոր բոլոր ատյաններում ու մակարդակներում գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հավանականության քննարկումներին, ապա Ռոբերտ Նազարյանը նախ անդրադարձավ գազամատակարարման ոլորտի հարցերին։ Ըստ այդմ, «Հայռուսգազարդ» ընկերությունը դեռեւս սեպտեմբերի 25-ին հանձնաժողով է ներկայացրել հայտ, որում ներկայումս գազի գործող 80,1 դոլար միջին կշռութային սակագնի փոխարեն ընկերությունն առաջարկել է 95,7 դոլար։ Այդ հայտն ընդունվել է հանձնաժողովի վարույթ եւ, համաձայն գործող կարգի, նոյեմբերի վերջին հանձնաժողովը պարտավոր է այս կապակցությամբ հայտնել իր դիրքորոշումը։

«Այս պահին սակագնի ավելացման մասին ես խոսել չեմ կարող։ Մենք դեռեւս 20 օր ունենք, հանձնաժողովի աշխատակազմը մանրամասն ուսումնասիրում է «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտն առանձին ծախսային հոդվածներով», նշեց Ռոբերտ Նազարյանը։

Անդրադառնալով արդեն ջրի սակագնի հարցերին, Նազարյանը հայտնեց, որ երեկ առավոտյան ներկայացվել է ջրամատակարարման կապակցությամբ հայտ։ Իրեն հեռախոսով տեղեկացրել են հետեւյալը. «Երեւանում ջրի սակագինը, համաձայն այդ հայտի, նախատեսված է 120 դրամ, մարզերումՙ 150»։ Սա, ըստ պրն Նազարյանի, միայն հեռախոսային խոսակցության տվյալ էր։ Բայց եւ այնպես, հայտը 10 օրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրվելուց հետո եւ հայտ ներկայացնելու պայմաններին բավարարելու դեպքում կընդունվի վարույթ։ Ընդունվելուց հետո դրական դիրքորոշման դեպքում այն կսկսի գործել 60 օր անց։

Բնականաբար, վերջին օրերի քննարկման առարկա դարձած ջրի վարակման պատմությանը եւս Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ։ «Պետք է ցավով խոսել այս մասին։ Ես կարծում եմ, սա խնդիր է, որից դաս պիտի քաղեն բոլորըՙ եւ ջրային տնտեսության համապատասխան ընկերության ղեկավարները, եւ ջրտնտպետկոմի պատասխանատուները, ինչպես նաեւ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը։ Նման դեպքերի համար այնպիսի օրենսդրական դաշտ պիտի ստեղծվի, որ սպառողի եւ մատակարարի միջեւ պայմանագիր կնքելիս հաշվի առնվեն նմանատիպ դեպքերըՙ սպառողի եւ մատակարարի պաշտպանված լինելու նպատակով»։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4