ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ցուրտը կամաց-կամաց թափանցում է մեր բնակարանները, եւ ձմեռն իր մասին հիշեցնելու առաջին փորձերն է անում։ Տաք ձմեռվա հույսերն անվստահելի ենՙ նկատի առնելով համակարգի ներկա վիճակը։ Կուտակված պարտքերի ծանր բեռը ճզմել է քաղաքային տնտեսության բազմաչարչար համակարգը։ Ոլորտի շատ մասնագետների կանխատեսումները, որ ջեռուցման սեզոնի համար անցած տարին վերջինն էր, իրականացան։ Ֆինանսների բացակայության, անբավարար վճարումների պատճառով վերանորոգումներ չեն իրականացվել ու իրականացվում, եւ համակարգն օրհասի է հասել։
Եթե կաթսայատների տեխնիկական ծանր վիճակին, հաճախակի վթարների հավանականությանն ավելացնենք նաեւ մասնագետ կադրերի սուղ քանակը, պատկերը լիակատար կլինի։ Շատերը վաղուց փոխել են աշխատատեղը, որովհետեւ ամիսներ ու տարիներ աշխատավարձ չեն ստացել։ Եվ արտաքին ցանցերի թերությունները վերացնելու, էլեկտրական տնտեսության, սարքավորումներն աշխատունակ վիճակի բերելու կոչված հաստիքներ պարզապես մատների վրա կարելի է հաշվել։
Ու թեեւ արդեն ցրտում է, Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի խոստովանությամբ, առ այսօր կենտրոնացված ջեռուցման խնդիրն առկախ է մնացել։ Պայմանագրերի մի կողմում առայժմ միայն ջերմամատակարարն է։ Մյուս կողմըՙ համայնքը կամ համատիրությունը չկան։
Երեւանի առանձին համայնքներում, ինչպես Շենգավիթն ու Էրեբունին, այնուամենայնիվ, ինչպես միշտ, կենտրոնացված ջեռուցում կլինի ջերմաէլեկտրակայանի միջոցով։ ի դեպ, այս տարի ջեռուցվող 1 քառ. մետրի սակագինը զգալի թանկացել էՙ 1600-ից դառնալով 1800 դրամ։ Ըստ ոլորտի իրավասուների, դա հարկադիր քայլ էՙ նկատի առնելով ջեռուցվող հատվածի համեստ ընդգրկումներն ու ջերմային տնտեսության պատկառելի պարտքերը։ Ստացվում է, որ բնակիչների մի փոքր, վճարունակ զանգվածն այսպես է հատուցելու ակամա «առանձնաշնորհյալ» վիճակում հայտնվելու համար։
Մնացած թաղապետարանները ջեռուցում կկազմակերպեն ըստ հնարավորությունների, ամեն մեկըՙ իր տարբերակով, հատուկ մոտեցումներ ցուցաբերելով։ Սակայն անկախ այն իրողությունից, թե համայնքները ինչ չափով ջեռուցում կստանան, քաղաքապետի հանձնարարականով այս տարի հատուկ ուշադրության են արժանանալու դպրոցներն ու մանկապարտեզները, համենայն դեպս, այս հաստատություններին որակյալ ջեռուցում է խոստացվում։
Բնականաբար, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ բնակֆոնդի չջեռուցվող հատվածները մնալու են խոցելի վիճակում։ Առանց այդ էլ տարիներով կապիտալ նորոգումների բախտի չարժանացած շենքերը, անվերջ սառելով ու տաքանալով, անընդմեջ քայքայվում են։ Ինչպես անցյալում, այսօր էլ հիմնախնդիրը դուրս է պետական հոգածության շրջանակներից։ Եվ իշխանությունների ու բնակչության աչքի առաջ բնակֆոնդը դատապարտվել է դանդաղ, աստիճանական մահվան։ Վկան թեկուզ ամսեամիս ու տարեցտարի ավելացող վթարային շենքերի քանակն է, այսօրվա վիճակովՙ 110 շենք։
Անցած ձմեռվա կոմունալ աղետի հիշողությունը, փոխքաղաքապետի հավաստմամբ, փոքր-ինչ սթափեցրել է համայնքային տնտեսություններին։ Արվել է հնարավոր նվազագույնը տանիքների նորոգումների, նկուղները փակելու, շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները, ջրատար խողովակաշարերը ջերմամեկուսացնելու համար։ Սակայն մշտապես ընդհատումներով գործող, մշտապես ջեռուցվել-չջեռուցվելու հարցականի տակ հայտնված ջեռուցման համակարգին այն հաստատապես չի փրկի հնարավոր վթարներից։
Ջեռուցման հիմնախնդրի վաղվա օրն այսօր կապվում է լոկալ ջեռուցումների հեռանկարի հետ։ Այն բավականին թանկ հաճույք է եւ առայժմ իրականացվում է մասնակի, հնարավորինս։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում արդեն 8 շենք անցել է ջեռուցման այդ մեխանիզմին։ Ի դեպ, այս կարգի այլընտրանքային ջեռուցում ապահովող սարքավորումը բավական թանկ արժեՙ միջինը 300 դոլար, եւ նույնիսկ արդեն արտադրվում է Երեւանում։
Այս ձմեռ լոկալ համակարգ կգործարկվի նաեւ Նոր Նորքի համայնքումՙ 3-րդ զանգվածի 10-րդ մանկապարտեզում (3000 քառ մետր տարածք) եւ սրան հարակից 180 բնակարանով բնակելի շենքերում։ Ծրագրի իրականացումը, ըստ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի, 24 մլն 930 հազար դրամ կնստի։ Տեղեկացնենք, որ փորձարկումն իրականացվում է գազաֆիկացված տարածքում, օգտագործելով նաեւ ջեռուցման հին հանգույցներըՙ բնակարանների ներսում։ Բնակիչները ներդրումներ անում են միայն իրենց բնակարանի կտրվածքով, մնացած ծախսերը հոգում է թաղապետարանը։ Թաղապետարանի հավաստմամբ, այդ շենքերը մինչեւ նոյեմբերի 25-ն արդեն պատրաստ կլինեն ջեռուցման։