«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 Թ. ԾՐԱԳԻՐԸ

Այլեւս շուկաներ չեն ուսումնասիրվի

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2004 թ.-ի տարեկան գործունեության ծրագիրը խորհրդարանում երեկ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը։ Այնուհետեւ պրն Փիրումյանը պատասխանեց մեր հարցերին։

¬ Վերջին ժամանակներում բազմիցս քննարկել եւ տարբեր ենթադրությունների առիթ է տվել հացի գների բարձրացումը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

¬ Հացի գների բարձրացումը Հայաստանում պայմանավորված է դրսում ցորենի գնի բարձրացմամբ։ Չի կարող պատահել, որ ներմուծվող ապրանքի համաշխարհային գների բարձրացման պայմաններում հացի գինը չփոխվեր։ Ես ավելի վատ վիճակում կհայտնվեի, եթե լիներ ընդհակառակը. աշխարհում ցորենի գինը թանկանար, իսկ մեզ մոտ հացի գինըՙ ոչ։ Հասարակությանը փորձում էին ներկայացնել, թե հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել, այնուհետեւ պարզվեց, որ այդ ոլորտում տնտեսվարողների թիվը ոնց որ թե մեծ է, հրաժարվեցինք այդպիսի գաղափարից։

Խոսքը գնում է մեկ բանի մասին, այո, տեղի է ունեցել հացի գնի թանկացումՙ հաշվի առնելով, որ Հայաստանը ցորեն ներկրող երկիր է եւ շուրջ 2/3-ը բերվում է դրսից։

¬ Ինչպիսի՞ հեռանկար եք կանխատեսում, գնային ինչպիսի՞ փոփոխություն է հնարավոր։

¬ Ես չեմ կարծում, որ առաջիկայում գները կնվազեն։ Մեր դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ՌԴ-ում, որտեղից առաջին հերթին ցորեն է ներկրվում Հայաստան, գինը կայուն է։ Ինչ վերաբերում է հացի շուկայում մենաշնորհին, ապա այս շուկայում գործում են շատ սուբյեկտներ։ Բայց, երբ, օրինակ, ինչ-որ գյուղում հաց վաճառվում է միակ խանութում եւ մոտակա բնակավայրը 30 կմ հեռու է, ապա այդ սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող։

¬ Մենաշնորհ ասելիս տվյալ դեպքում թերեւս հարցը վերաբերում է ալյուրի ներկրմանը, եւ ոչ կոնկրետ հաց վաճառողներին։ Արդյոք ներկրման ոլորտում չկա՞ գերիշխող դիրքի չարաշահում։

¬ Եթե ՌԴ-ում ցորենի գինը թանկացել է, մենք ի՞նչ ենք փորձում գտնել։

¬ Ըստ ձեզ, արդյոք մեզանում հացի գնի թանկացումը համարժեք ռեակցիա՞ էր ՌԴ-ում ցորենի գնի բարձրացմանը։

¬ Այո։

¬ Այսինքնՙ կարելի՞ է ենթադրել, որ այս առումով մենք բացարձակապես կախված են ռուսաստանյան շուկայից։

¬ Մի անգամ ինձ հարցրել են, թե արդյոք մենք ուսումնասիրե՞լ ենք Կանադայի ցորենի շուկան։ Այո, ուսումնասիրել ենք, բայց դրա տեղափոխման խնդիրը դառնում է անիմաստ։ Մենք պետք է հասկանանք, որ ներկրման տեսանկյունից մեր հետաքրքրության առարկա կարող են լինել Ղազախստանը կամ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Այսօրվա պայմաններում դեֆիցիտային վիճակում են գտնվում ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Ղազախստանը։ Այնպես որ, ներմուծման տեսանկյունից այս պահին մնում է միայն Ռուսաստանը։ Բայց չի բացառվում, որ մյուս տարի մեծ բերք կլինի ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ղազախստանում, եւ մեր հնարավորությունները կընդլայնվեն։

¬ Զուտ վիճակագրական առումով քանի՞ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ է գրանցված հանձնաժողովում, եւ ո՞ր ոլորտներում։

¬ Գրանցված է 42 սուբյեկտ դիզելային վառելիքի, սպիրտի, օղու, ցեմենտի, կոնյակի, շամպայնի արտադրություններում եւ այլն։

- Ի՞նչ էական տարբերություն կա հանձնաժողովի 2003 եւ 2004 թթ. ծրագրերի միջեւ։

¬ Հիմնական իմաստը եւ փոփոխությունը, որ մենք կատարել ենք 2004 թ.-ի ծրագիրը կազմելիս, ուղղակի այլեւս որեւէ շուկա չենք ուսումնասիրելու։ Այն բազան, որ արդեն ունենք, լիարժեք բավարար է։ Այն շուկաներում, որտեղ մենք կհայտնաբերենք օրենքի խախտման փաստեր, դրանց ապացուցման համար կկատարվեն շուկաների ուսումնասիրություն։

¬ Ինչպե՞ս եք գնահատում 2003թ.-ին հանձնաժողովի աշխատանքը։

¬ Ես բավարարված չեմ ե՛ւ իմ, ե՛ւ հանձնաժողովի աշխատանքով, հաշվի առնելով, որ հասարակությունը, ԶԼՄ-ները մեզ հետ կապված խնդիրներում պահանջում են ավելի ակտիվ միջամտություն, ավելի ակտիվ գործունեություն, բոլորը սպասում են մեր հանձնաժողովի ազդեցությանը շուկաների կարգավորման հարցում։ Բայց պետք է հասկանալ, որ նման հանձնաժողովի համար 2,5 տարին գործունեության կազմակերպման արդյունավետության տեսակետից փոքր ժամկետ է։

Մեծ աշխատանք ենք կատարել, բայց մենք ինքներս բավարարված չենք։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4