Լեւոն Արոնյանը չհաղթահարեց երկրորդ փուլի արգելքը
Կորսիկայում անցկացվեց արագ շախմատի 7-րդ ավանդական մրցաշարը, որի մասնակիցների թվում էր նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Առաջին երեք մրցաշարերում հաղթող էին ճանաչվել Տրեգուբովը, Չեռնինը եւ Վլադիմիր Հակոբյանը։ Վերջին երեք մրցաշարերում հաջողությունն ուղեկցել էր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին։ Եվ ահա, չորրորդ անգամ անընդմեջ Անանդը դարձավ մրցաշարի հաղթող։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նա ֆրանսիական Կապ դ՛Ագդե քաղաքում նվաճել էր արագ շախմատի աշխարհի անդրանիկ առաջնության հաղթողի կոչումը։
Մրցակարգի համաձայն, նախ անցկացվեց ընտրական մրցաշար, որին մասնակցեցին մոտ 200 շախմատիստներ։ Մրցաշարի 16 լավագույն շախմատիստները պայքարը շարունակեցին եզրափակիչ փուլում։ Լեւոն Արոնյանն ընտրական մրցաշարի մասնակիցների թվում էր։ Հետաքրքրական է, որ 19 մասնակիցներ 9 հնարավորից վաստակեցին հավասարՙ 6,5-ական միավոր։ 16 լավագույնները որոշվեցին լրացուցիչ գործակիցներով։ Այդ ցուցանիշով Արոնյանը չորրորդն էր։ Եզրափակիչ փուլն անցկացվեց օլիմպիական մրցակարգով։ 1/8 եզրափակիչում Արոնյանը հանդիպեց Բորիս Գելֆանդի հետ։ Առաջին երկու պարտիաներն արագ շախմատի կանոններով կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց։ Երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք։ Հաղթողը որոշվեց կայծակնային մրցախաղում։ 1,5-0,5 հաշվով հաջողությունն ուղեկցեց Գելֆանդին։ 1/8 եզրափակիչի մյուս մրցախաղերում Անանդը հաղթեց Ցեբալոյին (1,5-0,5), Կարպովըՙ վան Վելիին (1,5-0,5), Լոթյենՙ Եպիշինին (2-0), Գուրեւիչըՙ Սասիկիրանին (1,5-0,5), Թոփալովըՙ Մոտիլյովին (2-0)։ Գրիշչուկ-Ռաջաբով եւ Տկաչով-Շիրով մրցախաղերում հաղթողին որոշելու համար հարկ եղավ 6-ական պարտիա անցկացնել։ Գրիշչուկը հաղթեց 4-2 հաշվով, նույն հաշվով Շիրովն առավելության հասավ Տկաչովի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչ մրցախաղերից ամենալարվածն ու համառը Շիրովի եւ Կարպովի հանդիպումն էր։ Հաղթողին որոշելու համար հարկ եղավ 6 պարտիա անցկացնել։ Ի վերջո, 3,5-2,5 հաշվով հաջողության հասավ Շիրովը։ Միեւնույն 1,5-0,5 հաշվով Թոփալովը պարտության մատնեց Գուրեւիչին, Գրիշչուկըՙ Գելֆանդին, Անանդըՙ Լոթյեին։ Անանդն իր հաղթարշավը շարունակեց նաեւ կիսաեզրափակիչումՙ հաղթելով Գրիշչուկին (1,5-0,5)։ Թոփալովը 4 պարտիայից բաղկացած մրցախաղում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Շիրովի նկատմամբ։
Եզրափակիչ մրցախաղի առաջին չորս պարտիաները Թոփալովի եւ Անանդի միջեւ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Իսկ ահա, կայծակնային երկու պարտիաներում էլ հնդիկ գրոսմայստերը հաստատեց իր առավելությունը եւ նվաճեց գլխավոր մրցանակը։