Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության վերջնագծում մարզասերներին հուզող թերեւս միակ հարցը բրոնզե մեդալների համար մղվող մրցավեճն է Գյումրու «Շիրակի» եւ Աշտարակի «Միկայի» միջեւ։
Երեկ «Միկայի» ֆուտբոլիստներն անցկացրին «Արաքսի» հետ հետաձգված հանդիպումը։ Արարատի քաղաքային մարզադաշտում կայացած այդ խաղի արդեն առաջին կեսում «Միկան» փաստորեն վճռեց հանդիպման ելքը։ 22-րդ րոպեին հաշիվը բացեց Արտավազդ Մկրտչյանը, 8 րոպե անց «Միկայի» ռուս լեգեոներ Ալեքսեյ Դավիդովը կրկնապատկեց հաշիվը։ Եվս 4 րոպե անց Կարեն Մուրադյանը երրորդ անգամ ստիպեց դաշտի տերերին խաղն սկսել դաշտի կենտրոնից։ Ճիշտ է, անմիջապես «Արաքսի» ֆուտբոլիստները պատասխան առաջին գնդակը խփեցին։ Ընդմիջումից հետո թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։ Նախ աչքի ընկավ «Միկայի» կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը, ապա պատասխան գնդակը խփեց Էդիկ Հարությունյանը։
Այսպիսով, հաղթելով 4-2 հաշվով, «Միկան» 24 հանդիպումներից հետո վաստակեց 41 միավոր եւ շարունակում է հետապնդել «Շիրակին», որը նույնքան խաղում իր օգտին գրանցել է 44 միավոր։ Երրորդ տեղի համար մղվող պայքարում, անկասկած, վճռորոշ կլինի բրոնզե մեդալների հավակնորդ թիմերի մրցավեճը, որը կայանալու է Ոսկեհատում։
Իսկ այսօր, ժամը 14.00-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ընթացիկ առաջնության թերեւս ամենահետաքրքրական հանդիպումն առաջատարներիՙ «Փյունիկի» եւ «Բանանցի» միջեւ։ Ճիշտ է, մարզական առումով հանդիպման ելքը ոչ մի նշանակություն չունի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում, քանի որ փյունիկցիները 7 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Բանանցին»։ Սակայն հանդիպումն սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի համար էլ, եւ պետք է պատասխան տա այն հարցին, թե իրոք ով է ուժեղագույնը։