Արդյոք այս դրույթը կհասցնի՞ գործել նաեւ «27»-ի ամբաստանյալների համար
Երեկ սկսելով իր աշխատանքները, խորհրդարանը կողմ քվեարկեց քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որի համաձայնՙ ծանրացուցիչ հանգամանքներում ծանր հանցագործությունների համար դատապարտվողները ցմահ պատիժ ստանալու դեպքում վաղաժամկետ ազատվելու իրավունք չեն ունենա։
Այս օրինագծի կապակցությամբ, բնականաբար, «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա ասվածը տարածելու նպատակով խորհրդարանը ընթերցումները կկազմակերպի բավականին արագ, որպեսզի մինչեւ «27»-ի գործով դատավճռի կայացումն օրինագիծն օրենքի ուժ ստանալովՙ մտնի գործողության մեջ։
Բացի նշված օրինագծից, խորհրդարանը քվեարկելով մի շարք օրինագծեր, լսեց նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովների 2004 թ.-ի գործունեության ծրագրերը։ Սակայն, ինչպես ներկայացված էր օրակարգում, այս ծրագրերի կապակցությամբ խորհրդարանը որեւէ որոշում չկայացրեց։
Ծրագրերի ներկայացումն ընդունվեց ի գիտություն։ Որոշ խորհրդարանականներ նշեցին, որ թերեւս ճիշտ կլինի ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխություն կատարելՙ մտցնելով նման ծրագրերը խորհրդարանի կողմից պարտադիր հաստատման դրույթ։
Ա. Հ.