«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌ 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԷՐ ԵՐԱԶՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ ԼՂՀ-Ի ՀԵՏ

Անդրադարձ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Օրերս REGNUM գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին ԼՂՀ-իՙ իբրեւ բանակցային կողմի ներգրավվելու հնարավորությանը, ասել է, թե Ղարաբաղի ղեկավարության համար չիրականացված երազանք կմնա, որպեսզի Ադրբեջանը նրա հետ նստի նույն սեղանի շուրջ։ Այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով «Ազգի» թղթակիցը դիմել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ։

¬ Նախ ես կուզենայի փոխադարձել Ադրբեջանի արտգործնախարարի «կատակը» եւ ասել, որ ոչ հեռավոր անցյալում Ադրբեջանն ինքն էր երազում համաձայնության գալ ԼՂՀ ինչպես քաղաքական, այնպես էլ զինվորական իշխանությունների հետ։ Նկատի ունեմ 1994 թ. մայիսյան հրադադարին նախորդած իրավիճակը, երբ Ադրբեջանի Հանրապետության նախագահը պաշտոնապես ԼՂՀ իշխանություններին իրազեկում էր, թե ում է լիազորում ղարաբաղյան կողմի հետ վարվելիք բանակցություններում հանդես գալ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ։ Իսկ ինչ վերաբերում է պրն Գուլիեւի այն մտքին, թե ղարաբաղցիները կերազեին ադրբեջանական կողմի հետ մեկ սեղանի շուրջ նստել եւ բանակցություններ վարել, ապա իմ տպավորությամբՙ ղարաբաղցիները պատրաստ են Ադրբեջանի ներկայացուցչին տեսնել նաեւ կանգնած վիճակում։ Իրողությունն այն է, որ առանց օրինական ճանապարհով ընտրված ԼՂՀ իշխանությունների մասնակցությանՙ փոխադարձաբար ընդունելի, լիապարփակ եւ կայուն խաղաղության երաշխիք ստեղծող համաձայնություն անհնար է ձեռք բերել։ Սա իրավաբանական ձեւակերպում ստացած իրողություն է, որովհետեւ առ այս պահը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ընդունված բոլոր փաստաթղթերում խոսքը գնում է հակամարտության երեք կողմերի մասին։

Ու եթե որեւէ փաստաթուղթ վավերացրել է ներկայիս իրավիճակը, այսինքնՙ արդեն գրեթե տասը տարի գոյություն ունեցող ստատուս քվոն, ապա դա առաջինը Բիշքեկի արձանագրությունն է, որի տակ կա նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությունը։ Այդ լիազորությունը ճանաչվել է արձանագրության մյուս մասնակիցների կողմից, այդ թվումՙ Ադրբեջանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի։ Այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այն ժամանակ ներքին ռազմաքաղաքական եւ այլ բնույթի խնդիրներ ունենալով, ավելի պրագմատիկորեն էր մոտենում հարցին, քան այսօր։ Եվ երկրորդըՙ դա հրադադարի հաստատման մասին մոսկովյան համաձայնագիրն է, որը վավերացրել է նաեւ ԼՂՀ-նՙ ի դեմս պաշտպանության բանակի հրամանատարի։

Եթե Ադրբեջանը փորձում է անտեսել Բիշքեկի արձանագրությունը եւ մոսկովյան համաձայնագիրը, դա այլ խնդիր է, ինչը, կարծում եմ, հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Սա գեղեցկախոսություն չէ, որովհետեւ չի կարելի գրչի մի հարվածով կամ արտաքին գործերի նախարարի մեկ հայտարարությամբ փոխել տարածաշրջանում ստեղծված ուժերի հարաբերակցությունը։ Անժխտելի փաստ է, որ ԼՂՀ-ն ոչ միայն կայացած երկիր էՙ իր պետական կառույցներով, այլեւ տարածաշրջանում հզոր ռազմաքաղաքական ուժ է։

Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը 1995թ. Լեռնային Ղարաբաղի մանդատը ճանաչել է որպես հակամարտության լիիրավ կողմի։ Չեմ կարծում, թե ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններում կարելի է փոխել ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովի ընդունած որոշումը։ Ի դեպ, պրն Գուլիեւը պետք է իմանա, որ ԵԱՀԿ-ն որոշումներն ընդունում է կոնսենսուսով, եւ Ադրբեջանի նախագահը, որն այն ժամանակ մասնակցել է գագաթաժողովին, փաստորեն վավերացրել է ԼՂՀ մանդատը որպես հակամարտության կողմի։ Ադրբեջանիՙ արդեն իր լիազորությունների մեջ մտած նոր նախագահը ոչ միայն Հեյդար Ալիեւի կենսաբանական, այլեւ քաղաքական ժառանգորդն է, եւ չեմ կարծում, թե Իլհամ Ալիեւը կարող է իրեն թույլ տալ վերանայելու հոր քաղաքական ուղեգիծը, որը նա պատրաստվում է շարունակել։

Իհարկե, ադրբեջանական կողմն ունի մի գայթակղություն, որը ծնվել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բավական տեւական հանդիպումների տպավորությամբ, այսինքնՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների ընթացքում կարելի է գտնել խնդրի կարգավորումը։ Սակայն, իմ տպավորությամբ, այս ձեւաչափով չափազանց դժվար է գտնել կարգավորման բանալին։

Եվ վերջինն այս համապատկերի վրա. բավական տարօրինակ են թվում նաեւ Հայաստանի որոշ քաղաքական գործիչների այն երկմիտ հայտարարությունները, թե իրենց համար կարեւորը ոչ թե ղարաբաղյան կողմի տեսակետն է, այլՙ համազգային առաջնահերթությունը։ Սա, իհարկե, կարելի է հասկանալ երկու առումով, բայց իմ համոզմամբՙ տվյալ իրավիճակում համազգային առաջնահերթությունը ԼՂՀ ժողովրդիՙ հանրաքվեով արտահայտած կամքի դրսեւորումն է։ Բանակցային գործընթացի ձեւաչափ փնտրելու բոլոր ուղիները պետք է մակաբերվեն 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքից։

Վ. Գուլիեւի վերոհիշյալ հայտարարությունը ոչ այնքան ներքին սպառման նյութ է, որքան միջազգային հանրությանը նետած մարտահրավեր։ Իսկ դա նույն այն կանխագուշակման հաստատումն է, որ կոշտ միջոցներով իշխանության հասած Իլհամ Ալիեւը ձգտելու է օգտագործել ընդդիմության հաղթաթուղթըՙ ղարաբաղյան խնդրի կոշտ դիրքորոշումը։ Հանրագումարելով այս իրողությունները, կարծում եմ, 2004 թ. չի լինելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարի, եւ այս պարագայում իրո՛ք առաջնահերթություն են դառնում ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը, տնտեսության զարգացումը եւ ժողովրդավարական բարեփոխումների ուղեգծի խորացումը։ Ի վերջո կարծես թե միջազգային հանրության վերաբերմունքը, դարձյալ իմ տպավորությամբ, հակվում է դեպի ԼՂՀ անկախության որեւէ ձեւով ճանաչման։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4