Աբաշիձեն ուզում է երկիրը փրկել «նեոֆաշիզմի» սպառնալիքից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Երեկ երեկոյան Արեւմտյան Վրաստանի Զուգդիդ քաղաքում, որը համարվում է երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի համախոհների «ամրոցը», տեղի է ունեցել զինված միջադեպ, ինչի հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ։
Մինչ մի քանի հազար ցուցարարներ հավաքվել եւ սպասում էին «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլուն, Զուգդիդի կենտրոնական հրապարակում հայտնվում են դիմակավոր չորս ավտոմատավորներ եւ մի քանի անգամ կրակում։
Վրաստանի պետանվտանգության նախարարության մամլո խոսնակ Նիկա Լալաշվիլին «Ազգի» հետ զրույցում ասաց. «Մենք ճշգրիտ տեղեկություն դեռեւս չունենք, բայց նրանք (չորս ավտոմատավորները) կառավարական ուժերի հետ կապ չունեն։ Հավանաբար, տեղի քրեածին տարրերից էին, բայց դա էլ պետք է ճշտել»։
Միխայիլ Սահակաշվիլու կողմնակիցներից խորհրդարանի պատգամավոր Վանո Մերաբիշվիլին պատասխանեց մեկ նախադասությամբ. «Կառավարությունը դուրս հանեց իր ավազակներին, ովքեր կրակ բացեցին ցուցարարների վրա»։
Քիչ անց Զուգդիդից Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխանությունները չեն կարող իրեն խոչընդոտել եւ ինքը պայքարելու է, որպեսզի ճանաչվի ընտրություններում իր հաղթանակը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այդպես էլ չի կարողանում հաշվել, թե նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններում ով է հաղթել։ Երեկ երեկոյան 20.00-ի դրությամբ հաղթում էր Ասլան Աբաշիձեի «Աղորձինեբա» կուսակցությունը, առաջ անցնելով կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքից եւ Սահակաշվիլու կուսակցությունից։
Ընտրություններից մի քանի օր առաջ Էդ. Շեւարդնաձեին ահաբեկչության մեջ մեղադրող Աբաշիձեն վերջին տասը տարիներին թերեւս առաջին անգամ հրապարակավ երեկ հանդես եկավ ի պաշտպանություն Վրաստանի նախագահի եւ իր այդ քայլը պայմանավորեց, թե Սահակաշվիլին եւ նրա կողմնակիցները «նեոֆաշիստներ» են եւ երկիրը պետք է փրկել «նեոֆաշիզմի» սպառնալիքից։
Միջազգային դիտորդները նշում են, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, իսկ ամենամեծ չափով կեղծվել են հատկապես Աջարիայում, որտեղ Աբաշիձեի կուսակցությունն ստացել է քվեների 95 տոկոսը, եւ գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում, որտեղ Շեւարդնաձեի հովանավորած «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը, ըստ նախնական տվյալների, ստացել է քվեների 90 տոկոսը։ Ակնհայտ է, որ ընտրություններում մաքուր հաղթանակ է տարել հենց Սահակաշվիլին։
Ի դեպ, երկու օր առաջ Աջարիայի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը փոխել է ինքնավարության սահմանադրության 58-րդ կետըՙ Ասլան Աբաշիձեին վերապահելով ռազմական առաջնորդի լիազորություններ։ Աբաշիձեի մամլո ծառայությունից «Ազգին» դժվարացան պատասխանել, թե ինչ է ենթադրում սահմանադրության փոփոխությունը։ Մոտ մեկ ամիս առաջ Աբաշիձեն ինքնավարության տարածքում ձեւավորեց հակաահաբեկչական գումարտակ։ Թե ինչ «ավազակային խմբավորումներից» պետք է պաշտպանվի Աջարիան, սա էլ է մնում անհասկանալի։
Այսօր կեսօրին ԿԸՀ-ի դիմաց պատրաստվում է հանրահավաք կազմակերպել Միխայիլ Սահակաշվիլին, իսկ երեկ նրա համախոհներից Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիան հայտարարեցին, որ չեն ճանաչում «իշխանությունների զանգվածային կեղծած ընտրությունների արդյունքները» եւ հրաժարվում են իրենց պատգամավորական մանդատներից նոր խորհրդարանում, որը «վրաց ժողովուրդը չի ընտրել»։
Հ. Գ. Երեկ վրացի լրագրող ընկերներիցս մեկը, ստանալով լուրը, որ Աբաշիձեն է հաղթում ընտրություններում, բացականչեց. «Լավ է, այսպիսով Աբաշիձեն Աջարիան Վրաստանից անկախ չի հայտարարի»։