«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՇԵՐԻՖԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ ԱՌԹԻՎ

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները երբեք առիթը բաց չեն թողնում հակահարված տալու բոլոր նրանց, ովքեր համարձակվում են թեկուզ թռուցիկ ակնարկներ անել Հայոց ցեղասպանության մասին։ Նրանք շատ արագ են մեղադրում եւ փորձում լռեցնել Ցեղասպանությունը հիշատակող լրագրողներին, գրողներին, կինոբեմադրիչներին, դերասաններին, արվեստագետներին եւ քաղաքագետներին։ Զարմանալի է, իրենց նախնիների վայրագությունների համար ամաչելու փոխարեն նրանք հանդգնում են դատապարտել նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում։

Թուրքերը չեն գիտակցում, որ իրենց փութաջանությունն այդ հարցում վնասում է իրենց իսկ շահերին։ Թուրքական տեսակետներին հակադրվողներին դատափետելով, նրանք ստիպում են միջազգային հանրությանը, որ առավել մեծ ուշադրություն դարձնի Հայոց ցեղասպանությանը։ Դեռ ավելին, նրանք թշնամացնում են օտար մասնագետներին եւ քաղաքական գործիչներինՙ առաջացնելով հակաթուրքական տրամադրություններ։

Միշտ չէ, որ հնարավոր է հետեւել թուրք դիվանագետների թղթակցություններին, քանի որ հիմնականում նրանք թաքուն են գործումՙ երբեմն ամերիկացի պաշտոնյաներին դիմելու հարցում սխալ ընտրություն կատարելով։ Վերջիններս, քաջ իմանալով պատմությունը, նրանց ջանքերը ջրի երես են հանում։

Նման դեպք տեղի ունեցավ վերջերս։ Պարզվեց, որ Լոս Անջելեսում Թուրքիայի լիազոր դեսպան եւ գլխավոր հյուպատոս Այքութ Բերքը 2000 թ. մայիսի 1-ին հետեւյալ նամակն է հղել Լոս Անջելեսի օկրուգային շերիֆ Լերոյ Բակայինՙ մեղադրելով նրան ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի հանդիսություններին մասնակցելու համար։

«Խորապես ցնցված եմ տեսնելով Ձեր անունն անցյալ շաբաթ Լոս Անջելեսում տեղի ունեցած այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հիշատակի օրվա մասնակիցների ցուցակում։ Ձեր մասնակցությունն այդ միջոցառմանը ցույց է տալիս, թե ինչքան եք սխալ տեղեկացված եւ մոլորված այդ հարցում։ Նման հանդիսությունները, որոնց ընթացքում անհիմն մեղադրանքներ են հնչում Թուրքիայի դեմ, ոչ միայն ակներեւ վիրավորանքներ է այն թուրքերիՙ երիտասարդ թե ծեր, կին թե երեխա, ովքեր զոհվել են Առաջին աշխարհամարտի օրերին զինված հայ ավազակների ձեռքում, այլեւ ամբողջ թուրք ազգի հասցեին ուղղված։

Հուսով եմՙ քաղաքագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այսուհետ զերծ կմնան այն տպավորությունը գործելուց, որ պաշտպանում են պատմության միակողմանի, խեղաթյուրված ներկայացումը։ Փոխարենը նրանք կաջակցեն ժողովուրդների փոխադարձ վստահության եւ բարեկամության մթնոլորտը խթանելուն։ Հայերի անհիմն պնդումներին աջակցելը, ինչ հանգամանքներում էլ որ լինի, անցյալում մեկնաբանվում էր որպես քաջալերանք եւ արդարացում այն ահաբեկչական գործողությունների, որոնք հայերի կողմից կատարվեցին թուրք դիվանագետների եւ քաղաքացիների դեմ։ Նրանցից երեքըՙ երկու գլխավոր հյուպատոսներ եւ մեկ հյուպատոս վայրենաբար սպանվել են Կալիֆոռնիա նահանգում»։

Թուրք դիվանագետը սխալ հասցեով էր դիմել։ Շերիֆ Բական խիստ զարգացած անձնավորություն է։ Դոկտորական թեզ է պաշտպանել Հարավային Կալիֆոռնիա համալսարանում եւ քաջատեղյակ է Հայոց ցեղասպանության բոլոր փաստերին։ Նա ղեկավարում է ամբողջ Մ. Նահանգների տարածքի ամենամեծ օկրուգը եւ իր ձեռքի տակ ունի 15 հազար երդվյալ մասնագետներ, որոնց օգնությամբ կիրառում է օրենքը 41 քաղաքներում եւ 90 համայնքներում։ Ծառայել է Մ. Նահանգների նավատորմի պահեստային կորպուսում։ Բացահայտ սուտ տեղեկություն պարունակելուց բացի, թուրք գլխավոր հյուպատոսի նամակը անհանդուրժելի միջամտություն է օտար քաղաքական գործչի աշխատանքներին։ Թուրք դիվանագետը դրանով փորձում է թելադրել բարձրաստիճան ամերիկացի իրավապահ պաշտոնյային իր երկրում որտեղ գնալ եւ ում հետ հանդիպել։

Շերիֆ Բական այնքան է զայրացել նամակի վիրավորական տոնից, որ հետեւյալ պատասխանն է հղել Այքութ Բերքին. «Շնորհակալություն Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մասնակցելուս առնչությամբ ձեր արտահայտած մտքերի համար։

Հայոց ցեղասպանությունը հաստատված պատմական իրողություն է, որը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1985-ին հրապարակված զեկուցագրով։ Ավելին, մեր երկրի այդ օրերի բարձրագույն դիվանագետըՙ Օսմանյան Թուրքիայում դեսպան Հենրի Մորգենթաուն, այնքան էր սարսափահար եղել հայերի դեմ կատարված վայրագություններից, որ դա մի ամբողջ «ցեղի բնաջնջում» էր որակել եւ անձամբ դիմել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայինՙ ջարդը դադարեցնելու խնդրանքով։ Անցյալի վերքերն ամոքելու համար անհրաժեշտ է ընդունել անցյալի սխալները։ Ես մասնակցեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ Ցեղասպանության զոհերին եւ որպեսզի հաստատեմ, որ ապագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա։ Ժամանակակից Թուրքիայի ժողովուրդը պատասխանատու չէ օսմանյան կայսրությունում կատարված վայրագությունների համար։ Սակայն այդ ժողովուրդը կարիք ունի այնպիսի ղեկավարների, որոնք ջանք չեն խնայի փաստերը բացահայտելու, եւ ոչ թե դրա փոխարեն վիրավորական նամակներ հասցեագրելու, ինչպես դուք եք արել»։

Կարծես այս պատասխան նամակով Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հասկացել է իր տեղը եւ արժեքավոր դաս ստացել։ Շերիֆ Բական շարունակել է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, բայց ոչ մի թուրք պաշտոնյա չի համարձակվել դարձյալ քննադատել նրան։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4