«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


Վ. ՏԱՏՐՅԱՆԻ «ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

Կանադայի «Զորյան» ինստիտուտից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ անվանի գիտնական Վահագն Տատրյանի «Երեխաները որպես Հայոց ցեղասպանության զոհեր» ծավալուն ուսումնասիրությունը հրատարակվել է Լոնդոնում լույս տեսնող «Journal of Genocide Research» (Ցեղասպանության ուսումնասիրությունների հանդես) պարբերաթերթի այս տարվա սեպտեմբերյան համարում (էջ 421-437)։ Պարբերաթերթը հրապարակում է ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնականների միջազգային ընկերակցությունը։

Հոդվածի հրատարակումից առաջ պրոֆ. Տատրյանը այդ թեմայի շուրջ ելույթներով հանդես էր եկել ակադեմիական մի շարք կոնֆերանսներում, որոնցում անվանի գիտնականները առիթ էին ունեցել քննարկել այն եւ կարծիքներ փոխանակել։ Առաջին անգամ նա Լոնդոնում էր զեկուցումը կարդացել 2001 թվին Հոլոքոսթի հիշատակման օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ընթացքում։ Ապա զեկույցը տեղադրվել էր Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության վեբսայթում։ Այս տարվա սկզբներին նա այդ թեմայի շուրջ դասախոսություն էր կարդացել Մինեսոտայի համալսարանում (Մինապոլիս) կազմակերպված «Երկխոսություն թուրք եւ հայ պատմաբանների միջեւ» խորագրով կոնֆերանսի ժամանակ։ Այս տարվա հունիսին նա նույն զեկուցումը ներկայացրել էր Գոլվեյում գտնվող Իռլանդիայի Ազգային համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնում անցկացվող ցեղասպանագետների 5-րդ երկամյա կոնֆերանսի օրերին։

Ցեղասպանության եւ Հոլոքոսթի ականավոր մասնագետներն իրենց դրական գնահատականներով դրվատանքի խոսքեր են ուղղել հայազգի պրոֆեսորին, որն իր իսկ խոստովանությամբ ուսումնասիրության ընթացքում «երեխաների դիվային սպանությունների ապշեցուցիչ փաստերի է հանդիպել, որոնք չէին սահմանափակվում Հայոց ցեղասպանության ժամանակ օգտագործված սովորական երեք մեթոդներովՙ խեղդել, ջրասույզ անել եւ ողջ-ողջ այրել։ Երեխաներին, զոհերին հսկայական փոսերի մեջ ողջ-ողջ թաղելը ամենատարածված մեթոդն էր։ Իսկ մի դեպքում էլ գոլորշու միջոցով խեղդամահ էին արված մանուկներ, մի մեթոդ, որ մեզ հիշեցնում է նացիստական գազախցիկների սահմռկեցուցիչ տեսարանները»։

Ուսումնասիրությունը պատրաստելիս պրոֆ. Տատրյանը օգտվել է բացառապես օտարՙ հիմնականում գերմանական, նաեւ ավստրիական, շվեյցարական, շվեդական, ամերիկյան եւ թուրքական աղբյուրներից եւ ականատեսների վկայություններից։

Ամբողջովին վավերագրական հենքի վրա կազմված զեկուցագիրը բաղկացած է յոթ մասերից. ա) ընդհանուր պատկերը, բ) երեխաներին սպանելու տարբեր մեթոդները, գ) Տրապիզոնը որպես երեխաներին սպանելու բազմաբնույթ ձեւերի միկրոթատերաբեմ։ Խեղդամահ անելու գործողություններ, սերիական բռնաբարություններ, դ) նույն մեթոդների կիրառումը այլ վայրերում, ե) միասեռական բռնաբարությունների մասշտաբները, զ) հայ երեխաների Հոլոքոսթը։ Զանգվածային սպանություններ ողջ-ողջ այրելու միջոցով, է) հայ երեխաների նկատմամբ դժոխային վերաբերմունքի արտոնության տարրերը։

Վերջում հայազգի ականավոր գիտնականն անդրադառնում է նաեւ բարյացակամ թուրքերի հազվադեպ բացառություններին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4