Աջափնյակի թաղապետի ընտրությունները կոալիցիայի ուժերից ոմանց ցույց տվեցին, որ իրենց գլխին ջարդվեց այն, ինչ իրենք արել էին նախորդ ընտրությունների ընթացքում
Որ հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը մտավ մեծ օրակարգ, անսպասելի էր շատերի համար։ Թեեւ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ փաստն ընդամենը լավ կազմակերպված օպերացիայի արդյունք էր։ Ինչ էլ լինի, սույն օրինակը հերթական անգամ ապացուցում է, որ քաղաքական կյանքում անկանխատեսելի իրողությունները չհաշվարկված օրինաչափություն են, նույնիսկ եթե ընդդիմությունը թվով նվազ է ու սակավ։ Ինչ են ակնկալում իրենք այս փոքրիկ հաղթանակը նվաճելուց հետո, ինչպիսի ընթացք կունենան հետագա քայլերը։ Արդյոք կատարվածը պատահականություն չի՞ կարելի դիտարկել, կոալիցիայի ներսումՙ Աջափնյակի թաղապետի ընտրությունների հետ կապված փոքրիկ ճեղքվածքի արդյունք։ «Միասնություն» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը կարծում է.
¬ Մենք լավ էլ նախապատրաստել էինք այդ չակերտավոր պատահականությունը։ Որոշակի մարտավարություն մշակեցինք եւ իրականացրինք։ Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, որ այդ օրենքի նախագծին որեւէ մեկը կարող է դեմ լինել։ Սահմանադրության երկրորդ հոդվածը եւ հանրաքվեի օրենքը հակասում են իրար։ Երկրորդ հոդվածը նշում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն իր իրավունքն իրացնելու համար կարող է հանրաքվեներ անցկացնել։ Հանրաքվեի մասին օրենքում այս դրույթը չկա, եւ ժողովուրդը զրկված է հանրաքվե իրականացնելու իրավունքից։
- Ուրեմն «դիմադիր» պատգամավորական կազմը գրագետ քվեարկությո՞ւն կատարեց։
¬ Չեմ կարծում, որ այդպես է։ Ուղղակի նոր պետք է հասկանան, թե հետո ինչի դեմ են քվեարկելու։
- Իհարկե, գլխավոր նպատակը վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը գործի գցելն է, բայց Գագիկ Հարությունյանը կարծես թե հետքայլ արեց այդ որոշումից։
¬ Մենք երբեւէ չենք էլ թաքցրել, որ մեր նպատակը վստահության հանրաքվե անցկացնելն է։ Թե Գագիկ Հարությունյանն ինչու է իր դիրքորոշումը փոխել, իր անձնական խնդիրն է, մենք խոսում ենք Սահմանադրական դատարանի մասին։
- Եթե նախագիծը օրակարգ մտնելուց հետո չանցնի, որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։
¬ Մենք ընդամենն այս պահին ուզում ենք ժողովրդին վերադարձնել սահմանադրությամբ ամրագրված նրա իրավունքը։ Եթե կան պատգամավորներ, որ պիտի քվեարկեն սահմանադրությանը դեմ, ապա ուզում եմ հարց տալ ԱԺ նախագահին, թե ինչպես է հանդուրժելու այդպիսի փաստը։ Իսկ եթե նախագիծն ընդունվի, ապա 200 հզ. ստորագրություն հավաքելուց հետո ժողովուրդն իրավունք կստանա հանրաքվեի դնելու որեւէ, այդ թվումՙ Ռոբերտ Քոչարյանի վստահության հարցը։
- Ի՞նչ երաշխիք, որ հանրաքվեի արդյունքները չեն կեղծվի։
¬ Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, մենք դա էլ նկատի ունենք։ Հիմա կարեւորը վստահության հանրաքվեին հասնելն է, թե բացասական արդյունքի դեպքում ինչպես կսրբագրենք մեր սխալները, որ թույլ ենք տվել նախորդ ընտրությունների ընթացքում, դա արդեն մեր խնդիրն է։
- Եվ ձեր մյուսՙ ընտրակեղծիքներ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին, արդյոք ուշացած չէ՞ր։
- Բացարձակՙ ոչ։ Մենք բոլոր տրամաբանական եւ օրենքին համապատասխան քայլերը կատարել ենք։ Հիմա այդ նախաձեռնությունն առաջարկում ենք կոալիցիայի այն երկու ուժերին, որոնք դժգոհ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Իսկ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կան ոչ միայն մեր, այլեւ միջազգային կազմակերպությունների կարծիքները։ Սահմանադրական դատարանն իր հերթին հարցականի տակ դրեց 40-ից ավելի տեղամասերի արդյունքները։ Հարց է առաջ գալիս, ինչո՞ւ չեն պատժվում Սահմանադրական դատարանի մատնանշած ընտրակեղծիքների հեղինակները, ինչո՞ւ չի կատարվում նրա որոշումը։ Այդ հանձնաժողովը դա էր պարզելու եւ նաեւ վերջ էր դնելու բոլոր ասեկոսեներին։ Բայց ընտրակեղծիքներից դժգոհ կոալիցիայի ուժերը, որոնք արդեն հասել են իշխանության, համարում են, որ իրենց բոլոր հարցերը լուծվել են։ Սակայն Աջափնյակի թաղապետի ընտրությունները շատերին ցույց տվեցին, որ իրենց գլխին ջարդվեց այն ամենը, ինչ իրենք արեցին նախորդ ընտրությունների ընթացքում։
- Այնուամենայնիվ, ձեր գործողություններում խորհրդարանի վրա հույս դնել չի լինի, ընդդիմությունը փոքր ածու է։
¬ Անպայման շարունակելու ենք արտախորհրդարանական գործողությունները, եւ դրանք տարբեր բնույթի են լինելու եւ այս, եւ մյուս ամիս։ Մեր քայլերով պիտի նորից ձեւավորվի այն մթնոլորտը, եթե կուզեքՙ կրիտիկական սահմանը, որը կար անցած տարվա փետրվար-մարտին։ Երբ որ այն շոշափելի կլինի, ապա մեր քայլերն էլ ավելի որոշակի կդառնան։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ