Նոյեմբերի 14¬16¬ը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ «Արմենակոբ» հեռուստաընկերության հովանավորությամբ Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստան¬սփյուռք» տեղեկատվական առաջին համաժողովը։ Համաժողովի կազմակերպական ու բովանդակային հարցերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ։
¬ Ինչպե՞ս ծնվեց տեղեկատվական համաժողով հրավիրելու գաղափարը։
¬ Այս տարվա մարտին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի տեղեկատվության միջոցների առաջին ֆորումին հրավիրված էին նաեւ հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ղեկավարները։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց հրավիրել տեղեկատվության միջոցների Հայաստան¬սփյուռք առաջին համաժողովըՙ քննարկելու համահայկական լրատվական դաշտ ստեղծելու խնդիրը, որոշելու լրատվամիջոցների տեղն ու դերն այդ համակարգում, ինչպես նաեւ լուծելու լրատվության փոխանակմանն առնչվող տեխնիկական ու բովանդակային շատ հարցեր։ Որքան էլ այսօր հպարտանանք մեր սփյուռքով, նրա հետ եղած կապերով, իմ գնահատմամբ, վիճակը տխուր է, որովհետեւ մենք բավականին վատ ենք ճանաչում սփյուռքի հայկական մամուլը, վերջինս էլ, թերեւս ավելի վատՙ հայաստանյանը։ Այս համաժողովը փորձելու է լուծել մեր ընդհանուր խնդիրները, անկախ մամուլի ուղղվածությունից, սկզբունքներից ու մոտեցումներից։ Համաժողովի հիմնական նպատակը առկա խնդիրների համակարգումն ու լուծման մեխանիզմների միասնական ճշգրտումն է։
¬ Ովքե՞ր են համաժողովի գլխավոր նախաձեռնողներն ու հովանավորները։
¬ Նախաձեռնողներն են Եվրոպայի հայերի ֆորումն ու «Արմենակոբ» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ հանրային հեռուստառադիոյի խորհուրդը։ Իսկ հովանավորության խնդիրն առ այսօր բավականին բարդ է, որովհետեւ նախապես դիմել էինք 30¬40 տեղական արտադրող ընկերությունների, թվում էր, թե պիտի շահագրգռված լինեին իբրեւ հովանավոր հանդես գալու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց վերստին հնարավորություն է ընձեռվում իրենց արտադրանքը սփյուռքում գովազդելու։ Ցավոք, մեր գործարարներից շատ¬շատերը կամ կարեւորություն չտվեցին այս համաժողովին կամ էլ պարզապես աջակցություն ցույց տալու հնարավորություն չունեցան։
Կկամենայի նշել այն ընկերությունների անունները, որոնք, բարեբախտաբար, գնահատեցին համաժողովի կարեւորությունը եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին։ Առաջիններից մեկն, անշուշտ Եվրոպայի հայերի ֆորումն է, որն «Արմենակոբ» ընկերության հետ պիտի հոգա ֆինանսավորման ողջ ծախսը։ Գլխավոր հովանավորներից է նաեւ «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերությունը, որը 4 հազար դոլար ներդրեց։ Իսկ մյուս ընկերություններըՙ «Ջերմուկ գրուպ», «Սիս նատուրալ», «Սիլ գրուպ», «Երեւանի կոնյակի գործարան», համաժողովին աջակցեցին իրենց ապրանքատեսակներովՙ այդկերպ թեթեւացնելով կազմակերպիչների հոգսերը։ Գուցե մեկ շաբաթվա ընթացքում դեռ կհայտնվեն նոր հովանավորներ, որոնք նույնպես կհասկանան, որ այս նախաձեռնությունը մեր երկրի համար առաջադիմական քայլ է թե տնտեսական, թե գաղափարական առումներով։
¬ Համոզիչ ի՞նչ նախադրյալներ կան, որ այս համաժողովը կլինի ոչ ձեւական, այլ գործնական ու արդյունավետ։
¬ Նախ կառաջանան նոր մտահղացումներ, նախագծեր, միասնական խմբերՙ համահայկական միասնական դաշտ ստեղծելու գործուն աշխատանք ծավալելու ուղղությամբ։ Կան տեխնիկական ու բովանդակային բազում խնդիրներ, որոնք ընդհանուր են սփյուռքյան եւ հայաստանյան լրատվամիջոցների համար։ Օրինակ, համակարգչային տառատեսակների, կոդավորումների, թարգմանիչների ու սրբագրիչների հարցը, այնպիսի տարրական խնդիրներ, ինչպես հայկական համակարգը սփյուռքահայերի համակարգիչների վրա տեղադրելը։ Մյուս կողմից, ունենք համահայկական խնդիրներ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայապահպանման, լեզվի մաքրության, մշակույթի պահպանման հետ, որոնք ընդհանուր են տարբեր ուղղությունների լրատվամիջոցների համար։ Հիշեցման կարգով ասեմ, որ Բրատիսլավայում կայացած վերջին համաժողովը տվեց կարեւոր արդյունք. մեր առաջարկով ստեղծվեց «Հայերն այսօր» ամենօրյա էլեկտրոնային տեղեկագիրը, որն անմիջական կապ է ստեղծում սփյուռքահայ բոլոր համայնքների միջեւ։ Տեղեկագիրն անվճար է, տարածվում է անգլերեն, ռուսերեն, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, ինչն էլ նպաստում է սփյուռք¬սփյուռք կապի ստեղծմանը։ Դա իրականացավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հովանավորության շնորհիվ։ Այս համաժողովում առավել հանգամանալից կներկայացնեմ տեղեկագրի խնդիրները ու սկզբունքները։
Հուսանք, որ այս անգամ էլ կհայտնվեն հովանավորներ, կստեղծվեն ֆոնդերՙ համահայկական լրատվամիջոցներին միեւնույն դաշտում միավորելու համար։ Արդյունավետ աշխատանք ապահովելու համար ստեղծել ենք ինտերնետային սայթ, որտեղ նախնական քննարկման են դրված բոլոր զեկուցումներն ու ելույթները։ Մասնակիցները մեկ շաբաթ առաջ կծանոթանան դրանց, որպեսզի համաժողովի ընթացքում անմիջապես քննարկման անցնենքՙ ժամանակ չվատնելով ընթերցման վրա։ Անկախ այն բանից, մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու թե ոչ, նախատեսել ենք անցկացնել ինտերնետային ֆորում, հենց տեղում կմուտքագրվեն բոլոր զեկուցումներըՙ դրսի մասնակիցներին հնարավորություն տալով մի քանի րոպե անց դրանք կարդալու եւ իրենց առաջարկներն ուղարկելու։ Այս պահի տվյալներով կլինեն մոտ 80 մասնակիցներ։ Հրավերները ուղարկված են բոլոր լրատվամիջոցներին անխտիր, բոլոր հարցերը քննարկվում են ընդհանուր խորհրդում, իսկ «Նոյյան տապանին» հանձնարարված է լուծել կազմակերպչական հարցերը։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ