«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

ՄԻԱՅՆԱԿ ՉԱՐԼԻՆ

- Անցյալ տարի տեսա «Նոր ժամանակները» եւ, անկեղծ ասած, մի քիչ հիասթափվեցի,- ասաց որդիս։- Երեւի պատճառն այն է, որ շատ էի լսել Չապլինի ֆիլմերի մասին եւ շատ մեծ սպասելիքներ ունեի։ «Նոր ժամանակներ»-ում, իհարկե, ծիծաղելի բաներ կան... Բայց Չապլինն իրո՞ք մեծ է...

- Այո, իրոք մեծ է։ Նա ամենամեծն է կինոյում, գոնե մինչեւ օրս, եւ եթե այսօր կամ ապագայում երեւան գա մեկը, որ գերազանցի նրան, միեւնույն է, էլի երբեք նրա նման չի լինի. չի եղել եւ չի լինի նրա նմանը։ Ընդունված է կարծել եւ ասել, թե Չապլինն իր ֆիլմերում փոքր մարդ էր։ Իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Իրականում նա այդ ֆիլմերում միայնակ մարդ էր, անբուժելիորեն միայնակ մարդ։ Բայց ժամանակն առաջ է ընթանում, փոխվել է հիմա, իսկ ժամանակի հետ փոխվել է նաեւ մենությունը կամ, ավելի ճիշտ, դրա նշանակությունը արվեստի համար։ Սա չի նշանակում, թե մենությունը մնացել է անցյալի գրկում։ Ոչ, հիմա էլ գոյություն ունի։ Բայց մեր օրերում հույս կա, որ այդ մենությունը, առաջվա պես գոյություն ունենալով հանդերձ, կդառնա յուրահատուկ հիվանդություն, որը կարելի է բացահայտել մի շարք հատկանիշներով եւ մասամբ բուժելի է։ Ի՞նչ միջոցներով։ Հասկանալու միջոցով։ Դրա պատճառների ու էության մեջ թափանցելու միջոցով եւ մեր պահվածքին ու վերաբերմունքին առնչվող բանական բուժիչ միջոցներով։ Չապլինը ինքն էլ իր վերջին ֆիլմերում ձգտում էր դուրս գալ միայնակ մարդու կերպարից, եւ եթե դա նրան լիովին չհաջողվեց, նա գոնե արդեն մոտ էր դրան։ Գլխավորն այն է, որ նա երբեք տեղում չէր դոփում։ Այլ ժամանակաշրջանում, օրինակ, իմ մանկության ու պատանեկության տարիներին, դարիս առաջին երեսնամյակում, մեզնից ամեն մեկի համար բնական ու հնարավոր էր ծիծաղել եւ լալ սեփական մենության վրա, ինչը եւ պատկերված է Չապլինի արվեստում, բայց արդեն անհնար է այսօր։ Այլ կերպ ասած, մենությունն արդեն այն նյութը չէ, որը կարող է լուրջ հիմք դառնալ արվեստի համար։ Այսօր մենք պետք է արվեստն ըմբռնումից ստեղծելու հնարավորություն գտնենք, ես նկատի ունեմ, իհարկե, հանրամատչելի արվեստը, այն արվեստը, որ կարողանում էր ստեղծել Չապլինը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4