«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՍԱՐՈՅԱՆԻ «ԼԱՎ ԳՈՐԾԸ»

Վիլյամ Սարոյանի ծննդյան 95-ամյակի առթիվ շարունակելով մեծ գրողի եւ կինոյի առնչակցության սակավածանոթ թեմանՙ ներկայացնում ենք «Արմենիա» ֆրանսալեզու հանդեսում (Մարսել) Տիգրան Գույումջյանի հրապարակած ուշագրավ հոդվածը Սարոյանի եզակի կինոփորձի մասին։

Վիլյամ Սարոյանըՙ դարի խոշորագույն ամերիկյան գրողներից մեկը, ստեղծեց մեն մի ֆիլմՙ «Լավ գործը», որ նկարահանվել է 1942-ին, «Մետրո Գոլդուին Մայեր» կինոընկերության համար։ Մինչդեռ ավելի քան քսան կինոնկարներ են ստեղծվել նրա մասին եւ նրա գործերի հիման վրա։

Սարոյանը, որ ծնվել է 1908-ին, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, ուր հանգրվանել էին Բիթլիսից Միացյալ Նահանգներ գաղթած նրա ծնողները, մահկանացուն կնքեց նույն Ֆրեզնոյում, 1981-ին։ Կյանքի վերջին հինգ տարիներին նա ապրում էր Փարիզում, ավելի ճշգրիտ, Թեբու փողոցում եւ բազմաթիվ էջեր է գրել փարիզյան կյանքի մասին։

1980-ի հոկտեմբերին, մի զրույցի ժամանակ Սարոյանն ինձ ասաց. «Կինոն կատարյալ արտահայտչամիջոց կլիներ ինձ համար»։ Ափսոս, որ հանգամանքները նրան թույլ չտվեցին զբաղվել այլ կինոնախագծերով։

1941-ի դեկտեմբերին, երբ Սարոյանի մի շարք պիեսներ մեծ հաջողություն էին ունեցել Բրոդվեյում, այդ թվումՙ «Քո կյանքի ժամերը», որի համար նա արժանացավ Փուլիցերի մրցանակիՙ իմիջիայլոց, հրաժարվելով դրանից, Հոլիվուդը վերստին զգաց Սարոյանի կարիքը։ Ըստ էության, արդեն 1936-ինՙ նրան ճանաչում բերած պատմվածքների հրապարակումից հետո, Սարոյանը որպես սցենարիստ աշխատել էր «Քոլամբիա» եւ «Փարամաունթ» կինոընկերությունների համար։ Այս անգամ «Մետրո Գոլդուին Մայեր»-ի ղեկավար Լուիս Բ. Մայերն էր հրավիրել նրան, այն շրջանում, երբ Միացյալ Նահանգները պիտի մասնակից դառնար երկրորդ աշխարհամարտին։ Սարոյանը գրեց մի սցենարՙ «Մարդկային կատակերգությունը», որը հետագայում դառնալու էր նրա անդրանիկ վեպը։

Թեեւ Սարոյանը փաստորեն կինեմատոգրաֆիական փորձ չուներ, նա Լուիս Մայերին ասաց, թե կուզենար սեփական սցենարը անձամբ ֆիլմի վերածել։ Հոլիվուդում նա ներկա էր եղել նկարահանումների, ականատես դարձել հատկապես իր բարեկամ եւ հայրենակից Ռուբեն Մամուլյանի աշխատանքին։

«Կայե դյու սինեմա» հանդեսին տված հարցազրույցում (դեկտեմբեր, 1966) Սարոյանն ասել է. «Երբ լրագրավաճառ էի Ֆրեզնոյի փողոցներում, շատ էի սիրում ֆիլմեր նայել։ Արդեն հիսուն տարի է անցել, բայց կարծում եմ, որ անմիջական դիտումն ինձ վրա առանձնակի ազդեցություն է գործել, մի բան, ինչը շարունակում է մնալ իմ ոգեշնչման ամենամեծ աղբյուրը»։

Լուիս Մայերի պատասխանը Սարոյանի առաջարկին հետեւյալն էր. «Բայց, Բիլ, ինչպե՞ս կարող եք «Մարդկային կատակերգության» ռեժիսորը լինել, եթե երբեք ֆիլմ չեք նկարահանել»։ Սարոյանը, որ սրտին մոտ էր ընդունում այս նախագիծը ու նաեւ վճռական, համառ մարդ էր, ասաց. «Պարոն Մայեր, ինձ երեք օր տվեք, եւ ես խոստանում եմ այդ ժամանակամիջոցում պրոֆեսիոնալ մակարդակի ֆիլմ նկարահանել»։ Եվ երեք օր անց Սարոյանը ներկայացավ Մայերին իր «Լավ գործով»։

Սցենարը ներշնչված էր նրա «Խեղճերը» պատմվածքից, որը մի քանի տարի առաջ լույս էր տեսել «Խաղաղությունը հրաշալի բան է» ժողովածուում։ Ի սկզբանե ֆիլմը բաղկացած էր 20-25 րոպե տեւողությամբ երկու ժապավենից։ Բայց Մայերի խումբը կրճատեց ֆիլմըՙ հասցնելով 11 րոպեի եւ այդպես էլ թողարկեց։ Ըստ Սարոյանի, այս կարճամետրաժը նույնիսկ մի քանի մրցանակ է ստացել։

Ինչ խոսք, Սարոյանին թույլ չտվեցին նկարահանել «Մարդկային կատակերգությունը»։ Այդ գործն ստանձնեց Քլարենս Բրաունը, եւ կինոնկարը 1945-ին էկրան բարձրացավՙ Միքի Ռունիի գլխավոր դերակատարմամբ։

Զայրացած Սարոյանը հեռացավ «Մետրո Գոլդուին Մայեր»-ից։ Նա գրեց եւ Բրոդվեյում բեմադրեց «Հեռացիր, ծերուկ» պիեսը, որ կծու երգիծանք է Հոլիվուդի հասցեին։ Ծերուկը, իհարկե, Լուիս Մայերն էր։ Հակահոլիվուդյան թեման կրկին հնչեց «Ռոք Վահրամ» (1951) վեպում։

Սարոյանն ինձ խոստովանել է, որ իրեն այդպես էլ չեն վճարել ոչ ֆիլմի, ոչ էլ սցենարի համար։

Սյուժետային հանգույցը պարզ է։ Խոսքը նպարավաճառի եւ նրա հաճախորդների ամենօրյա հանդիպումների մասին է։ Թեման մարդն էՙ իր արժանիքներով ու թերություններով, իր թուլություններով ու արժանապատվությամբ։ Ֆիլմն սկսվում է նպարավաճառի այս խոսքերով. «Սա ինձ պատահած լավագույն գործն է, որովհետեւ հոյակապ, զարմանալի մարդկանց հանդիպեցի»։

Կինոնկարը կազմված է յոթ սկետչից։

1. «Կինը, որ լեդի է մնում», թեկուզեւ աղքատության գիրկն է ընկել եւ միրգ է գողանում։

2. «Ադիբուդի վաճառող Նիքը» միշտ տրտնջում է իր աշխատանքից եւ հանդիպում մի պատանու, որն ադիբուդի չի սիրում։

3. «Իսպանացի Կասսալը» մեկը մյուսին հաջորդող պատմություններից կազմված սկետչ է։ Սա երեւի ֆիլմի ամենահիշարժան հատվածն է, որովհետեւ այս համեստ ու անհավակնոտ մարդը, որ կյանքում ոչինչ չի արել, բացի որդուն մեծացնելուց, ի վերջո, վարձատրվում է միանգամայն անսպասելի կերպով։

4. «Շիկահեր Մեգին»ՙ դեռատի մի աղջիկ սեթեւեթում է Ջինջեր Ռոջերսի նման, նրա միակ մտահոգությունն այն է, որ իրենով հիանան։

5. «Փողոցայինները». այս դրվագը խորհրդանշում է փողի իշխանությունը երեխաների վրա, բայց եւ Սարոյանի բողոքն է ռասիզմի դեմ։

6. «Օտար լեզուներով խոսող մարդը». այստեղ տեսնում ենք նոր գաղթած տարագրի, այս դեպքումՙ հայի, որն ուզում է իր հայրենիքի թարմ թուզը գնել։ Մի քանի տեսարանում նա հայերեն է խոսում։

7. «Փոքրիկ Քալահանը եւ կոնֆետները». այս դրվագում նպարավաճառը երեխային տարբեր տեսակի կոնֆետներ է հյուրասիրում։ Հաջորդ օրը մանչուկը գալիս է ու ասում, որ մատուտակինը ամենալավն էր, իսկ նպարավաճառը վրա է բերում. «Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ասում»։

Երբ Սարոյանը, «Լավ գործն» ավարտելով, երեք օր անց ֆիլմը ներկայացրեց Մայերին, Վիկտոր Ֆլեմինգըՙ «Քամուց քշվածները» ֆիլմի ռեժիսորը, զարմացած ասաց. «Բիլ, սա սքանչելի փոքրիկ ֆիլմ է, միայն թե խոշոր պլաններ չկան»։ Սարոյանը պատասխանեց, որ երեք օրում խոշոր պլանների մասին մտածելու ժամանակ չի ունեցել։

Այս կարճամետրաժը հազվագյուտ կինովկայություն է մի ստեղծագործողի մասին, որի հիմնական հետաքրքրության առանցքը մարդն էր եւ նրան մարդկային դարձնող արժեքները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4