«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՊԱՐՏԱԴՐՎԵԼՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ

Սխալվո՞ւմ էր արդյոք Պարույր Սեւակը, երբ ժամանակին գրում էր. «Դուՙ իմ մայրենի՜... Եվ երջանիկ էՙ ով քեզ կարող է կոչել մայրենի։ Երանելի էՙ ով քեզանով է խոսում ու դատում»։ Ժամանակներն ե՞ն փոխվել այնքան, որ այդ մայրենին պատվաբեր չէ ու մաշտոցյան գիրն էլ հաճո կամ մոդայիկ չէ։ Հայոց մայրաքաղաքում աջ ու ահյակ բարձրացող կամ չբարձրացող (գետնահարկ) նորակառույցների կողքով անցնելիս պարզ հայացք նետեք զվարճավայրերին, սրճարաններին, դիսկոտեկ բարերին, գիշերային ակումբներին, առեւտրասրահներին կամ այցելեք մայրաքաղաքամերձ կազինոների թաղամաս։ Դրանց զգալի մասն օտարահունչ անուններ են կրում եւ հայատառ չեն։ Օտարամոլությունն, ասում են, գալիս է պետականությունից զուրկ մեր պատմությունից։ Պարտադրված ենք եղել սիրաշահել օտարին եւ, ցավոք, այդ սովորույթը բնազդաբար դարձրել ենք գոյակերպ։ Հյուրամեծարությունը կամ այլոց ստեղծած արժեքների հարկը գիտենալն ու գնահատելը, բնավ սոսկական ընդօրինակումը չէ, սեփականն անտեսելու հաշվին, որովհետեւ դրանով դառնում ես աննկարագիր եւ դիմազուրկ։ Սաՙ ինչպես առանձին մարդկանց պարագայում, նույնքան եւՙ ժողովուրդների։ Մենք քրիստոնյա ենք եւ բաց ենք օտար քաղաքակրթությունների առաջ, բայց ի՞նչն ենք վերցնում այսօր համաշխարհային մշակույթից եւ ինչո՞վ է ձեւավորվում հասարակության ճաշակը։

Երբ այսպես տենդորեն նմանակում ենք այլոց սովորույթներն ու բարքերը, օտար ցածրաճաշակ երգն ու հնչյունը, բառն ու բանը, սա էլ պարտադրված ծրագրերի մե՞ջ է մտնում։ Ո՞վ է եկել ու ասենք մի կրպակատիրոջ պարտադրել, որ «Մթերքներ»-ի փոխարեն կրպակի վրա գրի «Foods» կամ գյուղական մի կորած-մոլորած անկյունում կիսաքանդ, ծեփաթափ շինության գլխին փակցնի «Supermarket»։

Երեւանցին իր առօրյա անցուդարձին կամ չի նկատում (փոխարենըՙ օտարերկրացին, սփյուռքահայն է զարմանում), կամ աչքն է սովորել, անկարեւոր է համարում վերոհիշյալը։ Երիտասարդության հոգը չէ, իսկ քաղաքի տեսքը որոշող մեր նոր տերերն իրենց հպարտությունը համարող վերոհիշյալ օբյեկտներն ավելի գրավիչ, արդիական դարձնելու համար փայլուն ապակիներից զատ, ընտրում են «ավելի բարեհունչ», օտարանուն անվանումը եւ «ավելի ակնահաճո» գիրըՙ անգլերենը (ռուսերենի ժամանակներն անցան կամ կարծես թե անցան)։ Սրանց անվանում են կամովին հրաժարյալ սերունդ։ Այս օրերին լեզվի պետտեսչության ստուգայցերը վերաբերում էին գովազդի եւ ցուցանակի լեզվին։ Նոյեմբերի 4-ից մայրաքաղաքում անցկացվող ակցիայի բնույթ կրող ստուգայցերը լեզվի տեսչության ընթացիկ աշխատանքներն են, այն տարբերությամբ սակայն, որ այս անգամ մասնակից են եղել նաեւ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Առաջիկայում ծրագիրը («Մեր տանըՙ մեր լեզվով») կանդրադառնա պաշտոնական գործավարական լեզվին եւ միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանց փաստաթղթային գրագրությունը զուգակցվի նաեւ Հայաստանի պետական լեզվովՙ հայերենով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանը։

Լեզվի տեսչությունում ստուգայցերի առիթով «Ազգ» օրաթերթի նախորդ հրապարակման հետ կապված արվեց մեկ ճշտում։ «Յոլկի պալկի» կոչվող բար-սրճարանը, որ ընդգրկված էր ստուգայցերի ցուցակում, եւս ենթարկվել է տուգանքի։ Պարզապես այնտեղ ստուգայց է կատարել ոչ թե «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Գագիկ Պողոսյանի մաս կազմած, այլՙ մեկ այլ խումբ։

Երեկվա խմբերից մեկն այցելեց երկու օբյեկտՙ Enigma բար եւ Delise գիշերային ակումբ (Ամիրյան փողոց)ՙ այս երկու զվարճավայրերում էլ հանդիպելով գրեթե նույն երեւույթինՙ ազգահոգեբանական բարդույթի, եւ այն տրամաբանությանը, թե շուկայի պահանջարկն են բավարարում։ Առաջինում հայերենով ցուցանակի (ԲԱՐ) տառերը ջարդվել էին մոտակա շենքի վթարի հետեւանքով եւ փոխարենը տեղադրվել Enigma անգլերենով տարբերակը։ Հայերեն տառե՞րն էին տգեղ, թե՞ անվանումն էր անբարեհունչ հարցին («Առեղծված») երիտասարդը կարծես համամիտ էր, որ իրենք ճիշտ չեն, բայց Ռուսաստանում երկար տարիներ ապրած տղամարդն անտարբեր եւ արհամարհական արտահայտությամբ արտաբերեց. «էնքան մտահոգվելու բան կա՜, այսինքնՙ ժողովուրդն ինչ վիճակում է, ինչի հետեւից եք ընկել։ Հայատառ գրությունը ո՞րն է, կամ հայկական անվանումըՙ Մասիսը, Ալագյազը հա՛ երեւի։ Հայերեն, հա՛, հայերեն։ Օրինակ, հայերեն երգս որն է, ամբողջը ողբ է։ Բառերի խաղ է, երեսպաշտություն։ Ժողովուրդը մաքուր ջուր է ուզում, կարգին ճանապարհ»։

Delise գիշերային ակումբի գործադիր տնօրենը բողոքեց, թե իրենք ընդամենը մի քանի ամիս առաջ են վարձակալել, եւ որ համաձայն չեն այս օրենքներինՙ կարելի էր զգուշացնել, նոր գալ։ Երբ իմացավ, որ հնարավոր է անվանումը չփոխել, բավարարվել զուտ տառադարձելով, զարմացավՙ բա սա կապկություն չի՞, ուրեմն հայերեն տառերով կարելի է թուրքերեն անվանում էլ ընտրել։ Երիտասարդն այնպես վատ զգաց, թե ազգի դավաճան դարձրին իրեն, որ լեզվի տեսչության ներկայացուցիչն ընկրկեցՙ ստուգայցն ընդհատելու պատասխանատվությամբ, նկատելով, որ սա աննախադեպ էր շուրջ 30 օբյեկտներ շրջելու ընթացքում. որեւէ մեկը դույզն-ինչ վատ չի զգացել իրեն։ Հիշյալ օբյեկտին մեկամսյա ժամանակ տրվեց հայերենով ցուցանակ տեղադրելու համար։

Ստուգայցերին կազմված ակտերը ներկայացվել են դատարանՙ վարչական համապատասխան տուգանքներ սահմանելու եւ գանձելու։ Սակայն բուն խնդիրը վարչական տուգանքների մեջ չէ, որոնք այսպես թե այնպես չնչին են, այլեւՙ մտածողության, երբ ընկալվի, որ քաղաքակիրթ երեւալու առաջին ցուցիչն ազգային ինքնության գիտակցումն է, սեփական արժեքների գնահատումը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4