Գարրի Կասպարովի հերթական շախմատային մրցամարտը համակարգչի հետ կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 11-18-ը։ Այս մասին հայտարարել է մրցամարտի կազմկոմիտեն։ Ճիշտ է, առայժմ մրցանակային հիմնադրամի չափի եւ դրա բաշխման եղանակի մասին ոչինչ հայտնի չէ։ Մրցամարտը կանցկացվի Մանհեթենի «Նյու Յորք ատլետիկ կլաբ» մասնավոր մարզական ակումբում։ Այն բաղկացած կլինի 4 պարտիայից եւ կանցկացվի դասական շախմատի կանոններով։ Կազմակերպիչները մտադիր են «օնլայն» ռեժիմով մրցախաղերը հեռարձակել ինտերնետային ցանցով։
Չնայած Կասպարովն առաջին անգամ չէ, որ մրցելու է համակարգչի հետ, սակայն նրա համար այս մրցամարտն անսովոր է լինելու։ Բանն այն է, որ նա հնարավորություն չի ունենա ձեռքով շոշափել ֆիգուրները։ Քայլերը կատարվելու են ձայնային ազդանշանների միջոցով։ Բացի այդ, շախմատի խաղատախտակն էլ իրենից ներկայացնելու է համակարգչային եռաչափ պատկերՙ էկրանի վրա։ Հետաքրքրական է, որ համակարգչային խաղերի միջազգային ընկերակցությունն ու ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան առաջիկա մրցամարտը որակել են որպես մարդու եւ համակարգչի միջեւ աշխարհի անդրանիկ առաջնություն։