«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԹԵՎԵԿԵԼՆ Է ԴԺՎԱՐ, ԱՅԼԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ

Այսօր Երեւանի փողոցները հեղեղված են ավտոմեքենաներով, որոնք էլ խցանումների պատճառ են դառնում։ Օրվա ընթացքում լինում են այսպես կոչված «պիկ» ժամեր, երբ հետիոտնի համար երթուղային տաքսի նստելը կամ մայթի մյուս կողմում հայտնվելը դառնում է գրեթե անհնարին։ Ինչպես նշեցին բազմաթիվ վարորդներ, այսօր Երեւանի փողոցներում խառնաշփոթ իրավիճակ է, երթեւեկելը դարձել է շատ դժվար, որի պատճառներից են նաեւ չափից շատ «արհեստական» ավտոկանգառները։

Քաղաքում երեւի չկա փողոց, որի մայթերը եզերված չլինեն մեքենաների շարանով։ Այս շարանի առկայությունը համեմատաբար լայն փողոցներում այդքան էլ բարդություններ չի ստեղծում, ինչը չի կարելի ասել նեղ փողոցների մասին, ուր երթեւեկելի տարածքը քիչ է։ Վառ օրինակներ են Տիգրան Մեծի փողոցի «Այրարատ» տոնավաճառի խաչմերուկից Հանրապետության հրապարակ, կամ էլ Վարդանանց փողոցի, Նար-Դոսի եւ Ալեք Մանուկյան փողոցների միջեւ ընկած տարածքները։ Նշված, ինչպես նաեւ նմանատիպ շատ փողոցներում երթեւեկությունը խաթարում են ավտոկանգառներ ելումուտ անող մեքենաները։ Այստեղ էլ հսկողության տերն ու տնօրենն են կարմիր թեւկապավորները, որոնք միայն «արի՛, արի՛, լավ ա» բառերով վարորդից գանձում են չգիտես ում սահմանած 100 դրամը։ Իհարկե, գնի հարցում էլ բացառություն կա, օրինակ, «Մալաթիա» շուկային հարակից ավտոկայանում 200 դրամ է։

Ի՞նչ է ստացվում. եթե մտնում ես շուկա, տոնավաճառ, դեղատուն կամ որեւէ այլ տեղ, եւ մեքենայով ես, ապա պետք է վճարես։ Գումարի չափը առաջ տատանվում էր 50-ից 100 դրամի սահմաններում, ինչքան վճարելը թողնում էին վարորդի հայեցությանը, իսկ ահա այսօր անհրաժեշտ է տալ 100 դրամ։

Ո՞վ է սահմանում գումարի չափը, ո՞վ է որոշում տեղը եւ վերջապես օրինակա՞ն է դա։

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանից, դեռեւս մեկ ամիս առաջ ավտոկայանատեղերի վերաբերյալ թաղապետարանների եւ պետավտոտեսչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մուտքագրման աշխատանքներ, եւ թաղապետարաններին ավտոկայանատեղերի համար երթեւեկելի մասից դուրս տրամադրվել են «գրպանիկներ», այսինքնՙ ազատ տարածքներ, որոնք քիչ են խանգարում կամ ընդհանրապես չեն խանգարում երթեւեկությանը։ Այդպիսի որոշումները ցանկերով ուղարկվել են թաղապետարաններին, ուր նշված վայրերում թույլատրվում է կազմակերպել ավտոկայանատեղեր։ Ընդ որում, ողջ աշխատանքը պետք է իրականացնեն թաղային համայնքներըՙ իրենց մասնագիտացված կառույցների միջոցով կամ այլ տնտեսավարող սուբյեկտների հետՙ պայմանագրային հիմունքներով։ Պրն Բարսեղյանը հավելեց.

¬ Բոլոր այն վայրերում, ուր կազմակերպված կլինեն ավտոկայանատեղեր, որոնք նշված չեն ցանկերում, այսինքնՙ քաղաքապետարանի որոշումից դուրս կլինեն, դրանց գործունեությունը կարգելվի։

Թույլատրված ավտոկայանատեղերում կլինեն համապատասխան ճանապարհային նշաններՙ ճանապարհային կանոններով սահմանված եւ համապատասխան ցուցանակներՙ մեքենաների կայանելու ձեւի վերաբերյալ, ինչպես նաեւ գծանշաններ։ Ավտոկայանատեղերը կարող են լինել եւ վճարովի, եւ անվճար։

ԾՈՎԻՆԱՐ ՄՈՍՈՅԱՆ, ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4