«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԵՎ ԿԵՂԾՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՍՏՎԵՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սպառողների շահերի պաշտպանության միության կողմից սննդամթերքների որակական հատկանիշների ուսումնասիրությունները հոկտեմբերին դարձյալ ժամկետանց, կեղծված եւ անհայտ ծագման մթերքների բազմազան տեսականի հայտնաբերեցին հանրապետության շուկաներում։ Նոյեմբեր-դեկտեմբերին էլ նույն վիճակն է լինելու, քանի դեռ մեզանում փաստի արձանագրումն այդպես էլ մնում է իբրեւ լոկ հայեցողական դիտարկում։ Մի խոսքով, տեսությունից լավ ենք, սպառողն էլ բավական գրագետ է դարձել։ Մարզերում նույնիսկ ձեւավորվում են սպառողների ակտիվ խմբեր, որոնք սեփական նախաձեռնությամբ պարբերաբար ահազանգում են շուկայում հայտնված հերթական անորակ արտադրանքի վերաբերյալ։

Բայց դրանից այն կողմ առայժմ տեղաշարժ չկա։ Ակնհայտ է, որ ներքին շուկայում բացահայտված անորակ արտադրանքը պետք է բռնագրավվի եւ ոչնչացվի։ Սակայն այդպիսի կարգ առայժմ գոյություն չունի, չնայած անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում երբեւէ այդ նպատակի համար գումարներ չեն առանձնացվել եւ չեն առանձնացվում։

Գրեթե առանց բացառության, զանգվածաբար վաճառքի է դրվում «Հերկուլես» եգիպտացորենը, որը ժամկետանցության պատճառով վաղուց կորցրել է ապրանքային հատկանիշը։ Հատկապես վտանգավոր են ժամկետանց պահածոները։ Օրինակ, ալյումինե տուփով չինական արտադրության շամպինիոնները։ Տուփն անագապատված է, եւ մթերքների երկարակեցության ժամկետի սպառվելուց հետո խթանվում են քիմիական տարբեր ռեակցիաներ անագի հետ։ Նույն կերպՙ խտացրած կաթի տուփերը։ Ոչ միայն այս, այլեւ ներքոնշյալ ժամկետանց ապրանքների գերառատությունն ակամա մղում է այն ենթադրության, թե Հայաստանում ստվերային տնտեսվարողն զբաղվում է նաեւ ժամկետանց ապրանքների բիզնեսով։ Ի դեպ, դրանց ընդգրկումները նաեւ ստվերային շրջանառության ծավալներն են անդրադարձում։ Այդ մթերքներից որեւէ մեկը սերտիֆիկատ չունի, քանի որ, ըստ ստանդարտների, ժամկետանց սննդատեսակին սերտիֆիկատ չի տրվում։ Եթե սերտիֆիկատ լինի, հնարավոր կլինի գտնել նաեւ ստվերային տնտեսվարողին, իսկ որեւէ մեկի ուշադրության շրջանակում հայտնվելը նրան ձեռնտու չէ։ Ստացվում է, որ ժամկետանց ապրանքները շուկայից արտաքսելու միջոցառումները զուգահեռաբար պայքար կլինեն նաեւ ստվերի դեմ, որը շարունակում է անպատիժ գրպանել բյուջե մտնելիք հարկային մուտքերը։

Ժամկետանց ապրանքների մեծ խմբաքանակը մի անգամ ոչնչացնելը, մի անգամ պատժի մեխանիզմի կիրառումը հաջորդ անգամ կզգաստացնի ներկրողին էլ, նրա կողքին տնտեսվարողին էլ։ Վարչական իրավախախտումների նոր օրենքի համաձայն, առեւտրային կանոնների խախտումը, տվյալ դեպքում թեկուզ 1 ժամկետանց արտադրատեսակ վաճառելը ենթակա է 100 հազար դրամ տուգանքի պատժաչափի։ Կյանքը ցույց է տալիս, որ առայժմ դա էլ չի օգնում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4