«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում հանդիպել է լրագրողներին։ Գագիկ Ոսկանյանը ամփոփել է վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում իր մեկամյա գործունեության արդյունքները։ Նախորդ տարիների համեմատ վերլուծությունների դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիների ընթացքում վերահսկվել է բյուջեների ծախսային մասի 25-28 տոկոսը, իսկ եկամտային մասի 5 տոկոսը միայն։ Այս տարի նախատեսվում է վերահսկել բյուջեի ծախսային մասի 35-40, իսկ եկամտային մասիՙ մինչեւ 20 տոկոսը։

Վերահսկիչ պալատի 2003 թ. ծրագրով առաջին անգամ իրականացվել է վերահսկողություն հարկային ծառայության, իսկ դեկտեմբերիցՙ մաքսային ծառայությունների նկատմամբ։ Գագիկ Ոսկանյանի խոսքովՙ այս տարի մեծ ուշադրություն է դարձվել մասնավորեցված ընկերությունների սեփականատերերի պարտավորությունների կատարմանը։ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահն արձանագրում է, որ այս բնագավառում իրավիճակը տխուր է։ Մասնավորեցված 44 ընկերություններից 17-ն իրենց պարտավորությունները չեն կատարել։ Դրանցից առավել խոշորներն են Իջեւանի գորգերի, Աշտարակի «Տրանզիստոր» եւ Գյումրու «Արցախ» գործարանները։

Ընդերքօգտագործման ոլորտում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ 155 ընդերքօգտագործող ընկերությունների 9 տոկոսը պայմանագրեր չի ունեցել, 20 տոկոսը չի ունեցել լեռնահատկացման ակտերը, 54 տոկոսը չուներ օգտակար հանածոների վերաբերյալ հաշվետվությունները։ 9 հանք շահագործվել է առանց որեւէ փաստաթղթի։

Սրանում չկա՞ արդյոք նախարարությունների մեղքը։ Վերահսկիչ պալատի նախագահի կարծիքով, պատճառը կոլեկտիվ պատասխանատվությունն է, այսինքնՙ պատասխանատվության բացակայությունը։ Հանքավայրերն այսօր կառավարում են արդյունաբերության, բնապահպանության նախարարությունները, մարզպետարանները, եւ մինչեւ որեւէ մեկին մեղադրելը ուղակի անհրաժեշտ է կյանքի կոչել մեկ պատուհանի գաղափարը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4