ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարում հանրապետությունում վիճակախաղերի աճի միտում Է նկատվում։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, 2002թ. ընթացքում նախարարության տված լիցենզիաների հիման վրա վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման գործունեություն է իրականացրել չորս առեւտրային կազմակերպություն, իսկ ներկայումս դրանք ինն են։ Վիճակախաղերի գործունեությունը կարգավորում է լիազոր մարմինը։ Դրանց կազմակերպիչները պարտավոր են եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ ներկայացնել, լիազոր մարմնի հետ համաձայնեցնել հեռարձակվող գովազդներն ու վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգերը։
«Վիճակախաղերի մասին» օրենքով, կազմակերպիչները պարտավոր են ապահովել խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումներ։ Լիազոր մարմինը պարբերաբար տեղում կատարում է ստուգումներ, խախտումների դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներՙ նախազգուշացում, տուգանք, լիցենզիայի գործողության կասեցում եւ այլն։ Նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը, դրա բովանդակությունը պետք է համաձայնեցվի լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս կարող է չտալ իր համաձայնությունը, եթե գովազդում պարունակվում են թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ։
Աղբյուրի հաղորդմամբ, խախտումներ արձանագրվում են, սակայն, դրանց մասին տեղեկություններն ազատորեն չեն հրապարակվում։
Նշենք, որ օրերս ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպման համար պետական տուրքի տարեկան չափը սահմանել 100 մլն դրամՙ գործող դրույքաչափից 4 անգամ ավելի, ինչպես նաեւ սահմանափակվում Է վիճակախաղը գովազդելու ժամանակահատվածը։-