«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2003-11-07 | #205, 2003-11-08 | #206, 2003-11-11


ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԱԲԱՇԻՁԵՆՙ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ

«Վրաստանում ներքաղաքական իրավիճակն անվերահսկելի է», մտահոգված է պաշտպանության նախարար Թեւզաձեն

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի-Երեւան

Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն հայտարարել է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը «փաստորեն վերահսկելիությունից դուրս է»։ Հայացքը ձգելով Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակող հազարավոր քաղաքացիներին, Թեւզաձեն, ըստ «Civil.ge» թերթի, ասել է. «Այն, ինչ տեղի է ունենում այս պահին, լավ բան չի խոստանում, եւ ըստ էության իրադրությունն անվերահսկելի է»։

Մինչ արդար ընտրություններ եւ Վրաստանի նախագահի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներ շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին շարունակում էին բողոքի գործողությունները, Էդուարդ Շեւարդնաձեն երեկ ուղեւորվեց Աջարիաՙ 10 տարիների իր ոխերիմ թշնամի Ասլան Աբաշիձեից աջակցություն ակնկալելու։

Ներքաղաքական իրավիճակն առավել սրվեց Էդ. Շեւարդնաձեի եւ ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Սահակաշվիլու, Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Ժվանիայի միջեւ մոտ 3 ժամ տեւած անպտուղ բանակցություններից հետո։

Նոյեմբերի 2-ին խորհրդարանական ընտրություններում փաստացի հաղթանակ տարած Սահակաշվիլին անավարտ թողեց հանդիպումը, հայտարարելով, թե ներքաղաքական փակուղուց ելքը Շեւարդնաձեի հրաժարականն է։

«Ողջ Վրաստանը պետք է ոտքի կանգնիՙ հանուն մեր իրավունքների պաշտպանության։ Մենք պետք է միասին լինենքՙ կանխելու քաղաքացիական առճակատումը, որը Շեւարդնաձեն փորձում է հրահրել։ Քաղաքացիական առճակատումից խուսափելու միակ ճանապարհը Շեւարդնաձեի հրաժարականն է», ասել է Սահակաշվիլին։

Հանդիպումից հետո Շեւարդնաձեն ասել է, որ «76-ամյա մարդու հետ պետք չէ խոսել այդ տոնով եւ վերջնագրերի լեզվով»։

«Շեւարդնաձեն հրաժարական կտա, ինչպես ժամանակին արեց Միլոշեւիչը։ Երբ ես այդ մասին ասացի նրան, սկսեց գոռալ, եւ ես որոշեցի լքել բանակցությունները։ Այս պահից ես կորցնելու բան չունեմ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ», ասել է Սահակաշվիլին։

Շեւարդնաձեն հրաժարական տալու պատրաստ չէ, այլապես աջակցություն ստանալու ակնկալիքով չէր լքի արդեն մեկ շաբաթ ներքին զորքերով շրջափակված իր նստավայրը եւ ուղեւորվի Բաթումՙ Աբաշիձեի մոտ։

Ու եթե Թբիլիսիում ընդդիմության կողմնակից ցուցարարները Շեւարդնաձեիՙ բազմության մեջ երեւալուն արձագանքեցին «Հեռացի՛ր, հեռացի՛ր, հրաժարական տո՛ւր» կոչերով, Բաթումումՙ իր պաշտոնավարության ավելի քան 10 տարիների ընթացքում առաջին անգամ արժանացավ հազարավոր բաթումցիների բուռն ծափահարություններին։

Ըստ «Աջարա» հեռուստատեսության, Աբաշիձեն Շեւարդնաձեին անձամբ է դուրս բերել փողոցՙ դեմ առ դեմ հանդիպելու բաթումցիներին։

«Մենք կպաշտպանենք մեր միասնականությունը եւ չենք շեղվի ժողովրդավարության ուղուց։ Ազգայնականների նպատակն իշխանության գալն է, ինչը նշանակում է աղետ Վրաստանի համար։ Նրանց իշխանության գալու դեպքում Վրաստանին սպառնում է փլուզում», ասել է Աբաշիձեն։

«Մենք չենք շեղվի ժողովրդավարության ուղուց։ Որեւէ ուժ չի կարող մեզ կոտրել», ասել է Շեւարդնաձեն։

Ժողովրդավարության ուղուց չշեղվող հենց այս երկու գործիչները, ինչպես նշում են ընտրություններին հետեւող դիտորդները, անթույլատրելի չափերով կեղծել են խորհրդարանական ընտրությունները, ինչի հետեւանքով իրական հաղթողըՙ Սահակաշվիլու «Ազգային շարժումը», ինչպես նաեւ խորհրդարանի նախկին եւ ներկա նախագահներ Ժվանիայի եւ Բուրջանաձեի կողմնակիցները դուրս են եկել փողոց։

Ընտրություններից անցել է 9 օր, սակայն Վրաստանի ԿԸՀ-ն դեռեւս չի «որոշել», թե կուսակցություններից որն ինչքան ձայն պիտի ստանա։ Երեկվա տվյալներովՙ առաջին տեղում իշխանամետ «Հանուն նոր Վրաստանի դաշինքն» է, երկրորդումՙ Աբաշիձեի «Աղորձինեբա» կուսակցությունը, երրորդումՙ «Սահակաշվիլի-ազգային շարժում» դաշինքը։

Շեւարդնաձեն Բաթում մեկնեց Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետոՙ ստանալով Պուտինի աջակցությունը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Շեւարդնաձեն Պուտինին համեմատել էր Հիտլերի հետ։

«Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում որեւէ երաշխիք չեմ ստացել։ Դա սովորական եւ շատ ընկերական զրույց էր։ Ես նախագահ Պուտինին տեղեկացրի ընտրությունների եւ վերջին զարգացումների մասին։ Պրն Պուտինն ասաց, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Վրաստանին կտրամադրի ցանկացած օժանդակություն», «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերում է Շեւարդնաձեի խոսքերը։

«Շեւարդնաձեն, չնայած Ռուսաստանից ստացած երաշխիքին եւ բռնակալ Աբաշիձեի աջակցությանը, չի կարող Վրաստանը վերածել բանանային հանրապետության», ասել է Սահակաշվիլին։

Ռուսաստանը Վրաստանում ունի ռազմական երկու կայանՙ Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ։ «Անդրկովկասում ռուսական զորքերը չեն ներգրավվելու Վրաստանի քաղաքական դիմակայություններում», ասել է Անդրկովկասում ռուսական զորքերի մամլո ծառայության ղեկավար Ալ. Լուցկեւիչը։

Փոխարենը Պանկիսի կիրճից Թբիլիսի է տեղափոխվել Վրաստանի ՆԳ ներքին զորքերի մի մասը։ «Պանկիսում իրավիճակը բարելավվել է, լեռներում ձյուն է տեղացել, եւ սահմաններում անցուդարձը փաստորեն անհնար է», ասել է ՆԳ նախարար Կոբա Նարչեմաշվիլին։ «Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՆԳ մամլո ծառայությանը, հաղորդում է, որ մայրաքաղաք Թբիլիսի է ուղարկվելու մեծ քանակությամբ զենք, զինամթերք։ Թե ում համար է դա ուղարկվում եւ ինչ նպատակով է օգտագործվելու, մամլո ծառայության աշխատակիցը չի ճշտել։

Վրաստանում ներքաղաքական զարգացումները հստակ տրամաբանության չեն ենթարկվում, եւ դժվար է կանխատեսել, թե ինչ վերջաբան կունենա ներքաղաքական հերթական ճգնաժամը։ Ուղիղ երկու տարի առաջ նույն Սահակաշվիլու եւ Ժվանիայի կողմնակիցները պահանջում էին Շեւարդնաձեի հրաժարականը։ Ներքաղաքական իրավիճակը հասել էր լարվածության գագաթնակետին ու Շեւարդնաձեի հրաժարականը մոտ էր թվում։ Սակայն Վրաստանի նախագահը կարողացավ «չոր» դուրս գալ, հրաժարական տվեցին խորհրդարանի նախագահ Ժվանիան եւ ողջ կառավարությունը։

Ի դեպ, ըստ Թբիլիսիում տարածված համառ լուրերի, երկու տարի առաջ Ժվանիան հրաժարական է տվել Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռեմլերի հետ խորհրդակցելուց հետո։ Նոր դեսպան Մայլսը, որի ազդեցությունը ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանությունների վրա ակնհայտ է (հենց այս դեսպանն էր միջնորդի դեր կատարում իշխանություն-ընդդիմություն հակասությունները հարթելու հարցում), երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին, իսկ վրաց ժողովուրդը խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունք ունի։

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում էին ցույցերը։ Ինտերֆաքս գործակալությունը հաղորդում է, որ ընդդիմության առաջնորդները սկսել են հացադուլՙ պահանջելով նախագահ Շեւարդնաձեի, կառավարության հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։ Սահակաշվիլին ասել է, որ ամբողջ աշխարհն աջակից է իրենց արդար պայքարին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4