Ուրբաթ օրը նկարիչների միության ցուցասրահում բացվեց Եվգենյա Սարգսյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Եվգենյա Սարգսյանը երկար տարիներ բացակայում էր Հայաստանից, այդ ընթացքում ապրում եւ ստեղծագործում էր Փարիզում։ Ինքնատիպ մտածողության եւ աշխարհընկալման անհատական կերպը նկարչուհու փարիզյան շրջանին նոր որակ ու նոր ձեւեր է հաղորդել, միաժամանակ պահպանել է սեփական ոճը եւ հարազատ է մնացել իր ակունքներին։ Ներկայացնելով նկարչուհու արվեստըՙ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը խոսքը փոխանցեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիին։ Նա հանգամանալի անդրադարձավ Փարիզում ապրող հայ արվեստագիտուհու նկարչության առանձնահատկություններին, մտածողության եւ երեւակայության ինքնատիպությանը, ֆրանսիական նկարչության հետ նրա ստեղծագործությունների առնչություններին։
Մինչեւ Փարիզ մեկնելը Եվգենյա Սարգսյանն աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ակադեմիական թատրոնում, կատարել բազմաթիվ ներկայացումների գեղարվեստական ձեւավորումներ։ Այդ տարիների համատեղ աշխատանքի մասին պատմեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանըՙ ընդգծելով նրա արվեստի թատերայնությունը, մարդկային կերպարների առեղծվածային մետամորֆոզը, բացառիկ երեւակայությունըՙ դեմք-դիմակ երկակի խաղի մեջ։
Նկարչուհու մարդկային նկարագրի, նրա հոգու բարության եւ արվեստի մասին ջերմությամբ արտահայտվեց նաեւ վաստակավոր նկարիչ Ստեփան Անդրանիկյանը։ Ընդհանուր այսպիսին էր ցուցահանդեսի տպավորություն-ընկալումը. կյանք-դիմակահանդես, աղավաղված կերպարներ, թեթեւ հեգնանք ու դառը երգիծանքՙ մարդկային զարմանալի փոխակերպումների շինծու պատմության մեջ։ Նկարչուհու արվեստին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ «Ազգի» առաջիկա համարումՙ Ա. Դալլաքյանի հրապարակումից։
Մ. Բ.