Երեւանի վաճառակետերից մեկում սիբիրախտով վարակված մսի հայտնաբերումը բնակչության մեծամասնությանը հարկադրում է վերապահումով վերաբերվել սննդակազմում միսը հաճախակի ներառելու անհրաժեշտությանը։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի վկայությամբ, սակայն, ոչ դեպքի պահին, ոչ էլ հետո սիբիրախտով վարակվածության որեւէ օրինակ չի գրանցվել հանրապետությունում, եւ այս առթիվ առաջացած խուճապը փոքր-ինչ չափազանցված է։ Ընդհանրապես, ըստ մասնագետի, սիբիրախտի մաշկային տեսակն այնքան էլ սարսափելի չէ։ Վտանգավոր է դրա աղիքային տարբերակը, որով վարակվելու իրական ռիսկի ենթակա են մեր այն տնային տնտեսուհիները, ովքեր աղացած մսով կերակուրներ պատրաստելիս հում միսը համտեսելու վատ սովորություն ունեն։ Աղիքային սիբիրախտը գրեթե առանց բացառության ավարտվում է մահով, այնպես որ մեր տանտիրուհիները հարկադրված են վերահսկել իրենց խոհանոցային գործողությունները նաեւ այս առումով։ Գրեթե փրկություն չկա սիբիրախտի թոքային տարբերակից, որի բացիլը ստացվում է արհեստական ճանապարհով եւ կիրառվեց ԱՄՆ-ի բնակչության դեմ։
Հիվանդների բացակայությունը չի նշանակում, թե մսամթերքի շուկայում վերահսկողությունը կառավարելի մակարդակում է, եւ հիվանդությանՙ թեկուզ մաշկային տարբերակով բռնկումները բացառվում են։ Գնորդը միշտ էլ կասկածանքով է վերաբերվելու մթերքի որակին ու անվտանգությանը, քանի դեռ մեզանում չեն վերագործարկվում մսի կոմբինատներն ու սպանդանոցները, եւ հիվանդ կենդանու հենց բակում մորթած միսը գյուղացին չի շարունակի առաջարկել գնորդին։