«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2003-11-07 | #205, 2003-11-08 | #206, 2003-11-11


«ՓՅՈՒՆԻԿԻ» ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ 6-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում պաշտոնապես հայտնի դարձան երկրի չեմպիոնն ու արծաթե մրցանակակիրը։ Երրորդ տարին անընդմեջ, արդեն վեցերորդ անգամ Երեւանի «Փյունիկը» հռչակվեց երկրի չեմպիոն, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք ակումբի ղեկավարներին, մարզիչներին ու ֆուտբոլիստներին։ «Փյունիկի» չեմպիոնությունը ոչ մեկի մոտ կասկած չէր հարուցում առաջնության ընթացքում։ Թիմը կայուն մրցելույթներ ունեցավ մրցաշրջանի ընթացքում, առավելության հասավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ եւ արժանիորեն առաջնության ավարտից 3 տուր առաջ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը։ Մրցանակային երկրորդ տեղը գրաված «Բանանցից» 10 միավորի առավելությունը վերն ասվածի պերճախոս վկայությունն է։ Առաջնության հերթական տուրում պաշտոնապես իր չեմպիոնությունը «Փյունիկը» գրանցեցՙ հաղթելով «Դինամոյին»։ Խաղի ելքը կարելի էր կանխատեսել վաղօրոք։ Հարցը միայն այն էր, թե քանի՞ գնդակի տարբերությամբ չեմպիոնը կհաղթեր հետնապահներից մեկին։ Առաջին խաղակեսում փյունիկցիները 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 14-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո պատանի Մանուչարյանը գլխի հարվածով բացեց հաշիվը, ապա 2 րոպե անց աչքի ընկավ Մամադու Դիավարան։ Իսկ քիչ անց Փաչաջյանին վայր գցելու համար նշանակված 11 մ հարվածը հստակ իրացրեց ռումինացի պաշտպան Մարիան Զեչիուն։ Ի դեպ, վերջինս ընթացիկ առաջնությունում անվրեպ է իրացրել 11 մետրանոց բոլոր 7 հարվածները։

«Փյունիկի» առավելությունը ողջ խաղի ընթացքում բացահայտ էր։ Փաստորեն, խաղն ընթանում էր մեկ դարպասի վրա։ Միայն մեկ անգամ վտանգավոր պահ ստեղծվեց «Փյունիկի» դարպասի մոտ, այն էլ Բետեի սխալի հետեւանքով, սակայն դեպի դարպասը սուրացող գնդակի ճանապարհը փակեց «Փյունիկի» ավագ Արթուր Մկրտչյանը։ Երկրորդ խաղակեսում բազմաթիվ գոլային պահերից «Փյունիկն» իրացրեց միայն երկուսը։ Նախ մրցակցի դարպասը գրավեց Լոմբեն։ Գոլ խփելու ցանկություն առաջացավ նաեւ դարպասապահ Բետեի մոտ, որը թիմի յուրաքանչյուր անկյունային հարվածի խաղարկման ժամանակ թողնում էր դարպասը եւ շտապում հյուրերի տուգանային հրապարակ։ Ճիշտ է, նրան չհաջողվեց խաղից գոլ խփել, սակայն խաղընկերները հնարավորություն տվեցին հագեցնելու գոլային ծարավը, երբ «Փյունիկը» 11 մետրանոց 2-րդ հարվածի իրավունք ստացավ։ Բետեն սառնասրտորեն գնդակն ուղարկեց իր գործընկեր Մանվել Աֆրիկյանի պաշտպանած դարպասը։ Հաղթելով 5-0 հաշվով, «Փյունիկը» տեսականորեն էլ անհասանելի դարձավ մրցակիցների համար։

Նույնը վերաբերում է նաեւ արծաթե մեդալները պաշտոնապես նվաճած «Բանանցին»։ Վերջինս «Շիրակից» 10 միավոր ավելին է վաստակել։ Ճիշտ է, «Կոտայքի» հետ խաղի առաջին կեսում «Բանանցին» չհաջողվեց արդյունքի հասնել, սակայն ընդմիջումից հետո Արա Հակոբյանի, Սամվել Մելքոնյանի եւ Դմիտրի Կոնդրաշչենկոյի խփած գոլերը հաղթանակ պարգեւեցին թիմին։ 3-0 հաշիվը գրանցվեց նաեւ տուրի մյուս երկու խաղերում։

Արարատում «Շիրակն» առավելության հասավ «Արաքսի» նկատմամբ։ 2 գոլ խփեց թիմի ռմբարկու Տիգրան Դավթյանըՙ գնդակների թիվը հասցնելով 14-ի, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարդան Բիչախչյանըՙ խփելով առաջնությունում իր 10-րդ գնդակը։ «Շիրակը» հավակնում է բրոնզե մեդալներին։ Նրա հիմնական մրցակից «Միկան» էլ 3 անպատասխան գնդակ խփեց «Լեռնագործի» դարպասը։ Այդ խաղում էլ 2 գոլի հեղինակ դարձավ ռուս լեգեոներ Ալեքսեյ Դավիդովը, մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց Արտյոմ Ադամյանը։ Բրոնզե մեդալների համար մրցավեճի ելքը կորոշի նոյեմբերի 13-ին կայանալիք «Միկա»-«Շիրակ» հանդիպումը։ Ինչ խոսք, «Շիրակի» հնարավորությունները նախընտրելի են, քանի որ մյուս երկու խաղերում գյումրեցիները հյուրընկալելու են «Կոտայքին» ու «Լեռնագործին», իսկ «Միկան» մրցելու է «Փյունիկի» եւ «Դինամոյի» հետ։

Մրցաշարային աղյուսակ

ԽՀՈՊԳՈ
1. Փյունիկ25214077-1067
2. Բանանց25183475-1457
3. Շիրակ25152854-3047
4. Միկա25135743-28 44
5. Կոտայք25771128-49 286. Դինամո25531716-63187. Լեռնագործ25361619-54158. Արաքս25222114-788

Ռմբարկուները

Արա Հակոբյան«Բանանց»42
Արամ Հակոբյան«Բանանց»15
Տիգրան Դավթյան«Շիրակ»14
Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»12
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»11
Վարդան Բիչախչյան«Շիրակ»10

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4