«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2003-11-07 | #205, 2003-11-08 | #206, 2003-11-11


ՃԱՇԻՑ ՀԵՏՈ ՄԱՆԱՆԵԽ ՉԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Կամ քաղաքաշինական պոպուլիզմ

Մայրաքաղաքի կանաչ տարածքների հաշվին ապօրինի կառուցապատումները հասարակության տարբեր շերտերի խուլ ու բացահայտ դժգոհությունների մշտական առիթ են։ Ստեպ-ստեպ հասարակական կազմակերպություններն աղմուկ են բարձրացնում այս առթիվ, նույնիսկ մի քանի անգամ ցույցեր կազմակերպեցին, բայց ապօրինի կառուցապատումների երթը տարիներ անարգել շարունակվել է։ Եվ ի վերջո, տրանսպորտով հեղեղված քաղաքը շնչահեղձ եղավ։ Չօգնեցին նաեւ երեւանցիների բողոքները վերին ու ստորին ատյաններին։

Միայն անցած տարի քաղաքապետարանը 936 բողոք է ստացել, այս տարվա 4 ամիսների ընթացքումՙ 1496։ Երեւանի նոր քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր իշխանության հենց սկզբից փորձում է որոշակի սրբագրումներ կատարել ապօրինի կառուցապատումների բազմազան տեսականու մեջ։ Կադաստրի պետական կոմիտեի հետ քաղաքապետարանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը մինչեւ տարեվերջ ապօրինի շինությունների ու հողազավթումների գույքագրում ու հաշվառում պիտի իրականացնի։

Երեկ քաղաքապետարանի խորհրդական Գրիգոր Մելքումյանը լրագրողներին ներկայացրեց ապօրինի կառույցների դեմ սկսած իրենց արշավի մանրամասները։ Ինչպես եւ ենթադրվում էր (քանդման ենթակա են այն ապօրինի կառույցները, որոնք մեկնարկել են 2001 թ. մայիսի 19-ից), քաղաքապետարանի գործողությունները սահմանափակվում են միայն երկչոտ միջամտություններով, ավտոտնակների կամ փոքրիկ բենզակայանների ապամոնտաժմամբ։ Մ. Հերացու փողոցում ընդհատվել է 2 բենզակրպակների գործունեությունը։ Դրանց դիմաց տեղավորված են պատկառելի ընդգրկումների 2 լցակայան եւս, որոնք, սակայն, ապօրինի կառույցների ցանկում չեն ներառված, որովհետեւ փաստաթղթային բոլոր ձեւակերպումներով, անկասկած, համապատասխանում են քաղաքաշինության մեր տարբերակին։ Լցակայանների շրջակայքում ոչ միայն բնակելի տներ են, այլեւ ներկանյութերի առ ու վաճառքի խոշոր մի վաճառակետ։ Այսինքն, ժամանակին այն կառուցվել է քաղաքաշինական նորմերի, կոնկրետ դեպքում հակահրդեհային անվտանգության պահանջի կոպիտ խախտումներով։ Եվ այսպիսի օրինակները Երեւանում բազմազան են ու բազմապիսի։ Էկոլոգիական կազմակերպություններից մեկն անցած տարի սեփական նախաձեռնությամբ Երեւանի բենզալցակայաններն էր հաշվառել։ 700-ից ավելի լցակայաններ էր հաշվել, աղետալի թիվ ու սպառնալիք բնակչության անվտանգության համար։ Սակայն դրանց մեծամասնությունն, անշուշտ, քաղաքի անթույլատրելի հատվածներում տեղավորվել էՙ կանխավ հոգալով փաստաթղթային պատշաճ ձեւակերպումները, եւ այսօր նույնպես չի ներառվում ապօրինությունների ցանկում։ Բայց եթե կառուցապատման հետեւանքով խախտվել են քաղաքաշինական նորմերը, ինչո՞վ են դրանք տարբերվում իրենց հարեւան ապամոնտաժված բենզալցակայաններից։

Ալեք Մանուկյան փողոցում, ֆիզկուլտինստիտուտի դիմաց կիսակառույց մի օբյեկտի շինարարությունն ապօրինի կառույցների դեմ պայքարի շրջանակներում նույնպես կեսճամփին ընդհատվել է։ Դրա կողքին կլոր աշտարակով սրճարանային թե այլ բնույթի սպասարկումների մի հզոր կառույց է բարձրացել, որը հսկա տարածքի վրա ուղղակի կլանել է օղակաձեւ զբոսայգու մի մասը։ Այն եւս ապօրինի կառույցների թվում չէ, բայց հաստատապես արժանի է դրանց սպասվող ճակատագրին, սակայն տերը շրջապատի բարեկարգման աշխատանքները նոր¬նոր է կատարում։ Սրա նման օբյեկտները, որ դժվար է սոսկ այդպես անվանել (դրանք ավելի շուտ հանրային սպասարկման համալիրներ են), պատել են ողջ օղակաձեւ զբոսայգին, անխնա ոչնչացրել քաղաքի կենտրոնում տեղադրված փոքրիկ անտառայգին։ Եթե դրանք օրինական կառույցներ են, ապա քաղաքաշինության հայկական ըմբռնման մեջ կանաչապատում հասկացությունը կանաչազավթում պիտի ընկալել։

Իսկ ինչ է լինելու այն առանձնատների ճակատագիրը, որոնք բարձրացել են Հաղթանակի անտառայգումՙ դարձյալ արհամարհելով բնապահպանական արժեքները։ Գրիգոր Մելքումյանի հավաստմամբ, այս պահին առանձնատների գույքագրում նույնպես իրականացվում է, դրանք լուսանկարվում ու հաշվառվում են։

Իսկ եթե դրանք ապօրինի են, բայց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությո՞ւնն են վայելում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատահական մարդը չէր կարող հավակնել դրանց տերը լինելու բախտին։ Գրիգոր Մելքումյանը պնդում է, որ նույնիսկ այդ դեպքում ապօրինի առանձնատունը քանդվելու է, դրա համար իրենք իրավական բոլոր լծակներն ունեն։ Փորձենք հավատալ նրա լավատեսությանը, եթե ինքն էլ հավատում է իր ասածին։

Անկասկած, ապօրինի կառույցների դեմ սկսված բաց արշավի լավն այն է, որ հույսի մի փոքրիկ ծիլ է բսնեցնում, թե այսուհետեւ քաղաքի կանաչ տարածքների անպատկառ բռնազավթումներ չեն լինի, ինչպես որ եղել է առ այսօր։ Բայց եթե ճիշտ խոստովանենք, համեղ խորտիկներն արդեն կլլված են, եւ որեւէ մեկը, եթե ցանկանա էլ ներս խցկվել արդեն անթույլատրելի (ցավոք, խիստ ուշացած սահմանագծումից այն կողմ), քիմքի պահանջին վայել պատառ չի գտնելու։

Քաղաքապետարանի այս վերջին օպերացիան պարզապես հաստատում է, որ քաղաքականության մեջ խրախճանք անող պոպուլիզմը, որ ընդամենը ժողովրդի աչքին թոզ փչելու գործավարություն է, հաստատապես սպրդել է նաեւ մեր իշխանության բոլոր օղակները։

Ճաշից հետո մանանեխ չեն մատուցում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4