«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2003-11-07 | #205, 2003-11-08 | #206, 2003-11-11


«27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ԺԽՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը հասել է այն փուլին, երբ դատարանը լսում է պաշտպանական կողմի ճառերը։ Մասնավորապես երեկվա նիստում ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Համլետ Ստեփանյանը հրաժարվեցին պաշտպանական ճառերից։

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանն ընդհանուր առմամբ խոսեց այն մասին, որ իրենք Ազգային ժողով են գնացել հրաժարականներ պահանջելու եւ իշխանությունը զավթելու ծրագիր չեն ունեցել։ Գրիգորյանը նաեւ անդրադարձավ իր բազմիցս արտահայտած այն մտքին, որ որեւէ մեկի սպանության մեջ մեղավոր չէ։

Ամբաստանյալ Վռամ Գալստյանը, ինչպես եւ դատաքննության ժամանակ ցուցմունք տալիս, նշեց, որ իրենց խումբը կազմակերպված չի կարելի որակել, քանի որ իրար անգամ չեն ճանաչել։

Ինչ վերաբերում է սպանություններին եւ դրանց ծրագրմանը, ապա ծրագրման մասին խոսք չի եղել եւ, ըստ Գալստյանի, որեւէ մեկին ինքը չի սպանել։

Երեկվա նիստում իր պաշտպանական խոսքն սկսեց նաեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Մի տեւական ժամանակ Հունանյանն սկսեց խոսել, որ իշխանության ապօրինի զավթման հոդված կա նոր քրեական օրենսգրքում, մինչդեռ հանցագործության պահին գործող քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել։

Ստացվում է, որ Հունանյանի համար կալանքի այս տարիներն այնքան էլ զուր չեն անցել, եթե անդրադառնում է օրենսդրական հարցերին։

Ա. Հ.

Հ. Գ. Ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ավետիսյանն իր պաշտպանական ճառում, որքան էլ տարօրինակ լինի, նշեց, թե մինչ ահաբեկչությունը երկրում տիրող արտագաղթը, սոցիալական վիճակը, բնակչության պրոբլեմները, թերեւս ի վերջո բերեցին նրան, որ «բժիշկն ու բանասերը» (Էդիկ Գրիգորյանը եւ Նաիրի Հունանյանը) դուրս եկան պայքարի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4